ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
09.10.2017 12:38

Հոկտեմբերի 5-ին  աշխարհի բազմաթիվ աշակերտներ դպրոց գնացին ծաղկեփնջերով, չէ որ այդ օրը նշվում է մեր տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենաազդեցիկ տոներից մեկը՝ ուսուցչի մասնագիտական տոն օրը։ Լավ ուսուցիչ դառնալու համար ոչ միայն անհրաժեշտ է լավ տիրապետել որևէ առարկայի, այլև լինել նուրբ հոգեբան,  ուշադիր դիտորդ և կարողանալ անկեղծորեն հպարտանալ աշակերտների հաջողություններով։ Իսկ ամենակարևորն այս մասնագիտությունն ընտրածների համար

մեծ ինքնատիրապետումն է, և գիտակցումն այն բանի, որ հենց ուսուցիչներն են կերտում երկրի ապագան։

Հոկտեմբերի 5-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում յուրօրինակ աշխուժություն էր տիրում։ Հարազատ կրթօջախի կամարների տակ հավաքվել էին  դպրոցի վաստակաշատ, թոշակառու ուսուցիչները, ովքեր բազում սերունդների են կրթել ու ճանապարհել դեպի մեծ կյանք։ Այսպիսի հանդիպումները լույսի ու բարու սերմնացանների հետ յուրաքանչյուրիս ստիպում է կրկին իրեն աշակերտ զգալ, անթաքույց հպարտությամբ լցվել սիրելի ուսուցիչների հանդեպ։

Հանդիսավոր միջոցառումը նվիրված ուսուցչի մասնագիտական տոնին բացվեց դպրոցի փոխտնօրեն, միջոցառման կազմակերպիչ և հաղորդավար Աիդա Գյանջումյանի սրտի խոսքերով՝ նվիրված բոլոր լուսե մարդկանց։

-Տալ դիմացինին այն ամենն, ինչ իրենն է համարվում, ո՞վ է ընդունակ, իհարկե՝ ուսուցիչը։ Այս հրաշալի տոնին բոլոր ուսուցիչներին ցանկանում եմ անսահման սեր, ծով համբերություն, ուժ, կորով, էներգիայի հզոր պաշար, երկաթե առողջություն։ Լինենք միշտ սիրված, գնահատված ու հարգված սերունդների կողմից,- ասաց Ա. Գյանջումյանը, բեմահարթակը տրամադրելով դպրոցի 7-րդ դասարանցիներին, ովքեր իրենց սիրելի ուսուցիչներին շնորհավորեցին յուրահատուկ ձևով։ Իրենցշնորհավորական ուղերձը սիրելի ուսուցիչներին արտահայտեցին անչափ հոգեհարազատ  ղարաբաղյան կոշտ ու միաժամանակ մեղրածոր բարբառով։

Միջոցառման հաղորդավարը մեր ամեն մի խաղաղ արշալույսների համար երախտագիտության և շնորհակալության խոսք ուղղեց հայոց սահմանները հսկող զինվորներին։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների հիշատակը։

Ապա հնչեցին բանաստեղծություններ նվիրված՝ Հայրենիքին, նրա քաջ մարտիկներին և Արցախ աշխարհում խաղաղության հարատևությանը։

Դպրոցի նախկին շրջանավարտ Գայանե Հակոբյանը շնորհավորելով ուսուցիչներին գեղեցիկ և իմաստալից տոնի առթիվ նշեց, որ ուսուցչի մասնագիտության մեծ իմաստը կայանում է նրանում, որ ինչ տարիքում էլ մարդ լինի, նա միշտ հիշում է իր առաջին ուսուցչին և խոնարհվում նրա մեծության առջև։

Ուսուցիչներին շնորհավորեց և սրտի խոսքով կիսվեց դպրոցի ամենաերիտասարդ ուսուցչուհի Նինել Գաբրիելյանը։

-Ես առավել քան հպարտ եմ, որ դասավանդում եմ այս նույն կրթօջախում, որն ավարտել եմ, իմ հարազատ ուսուցչիների կողքին։ Ամենաանկեղծ մաղթանքներս եմ հղում վաստակաշատ ուսուցիչներին, ովքեր ամենօրյա տքնաջան աշխատանքով նվիրվում են մատաղ սերնդի դաստիարակության գործին` երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքը, Հայրենիքը:

Դպրոցի վաստակաշատ, թոշակառու ուսուցիչներ Տանյա Հախնազարյանն ու Սուսաննա Գաբրիելյանն այս տարի բոլորել են ծննդյան 70 ամյակները։ Ուսուցիչներ, որոնց վաստակն անգնահատելի է։ Ներկաների բարձր ծափողջույնների ներքո հոբելյարներն ի նշան երախտագիտության գեղեցիկ ծաղկեփնջեր նվեր ստացան։

7-րդ դասարանի աշակերտ Դավիթ Բեգլարյանը ուսուցչի տոնի առթիվ իր վաստակաշատ, թոշակառու երկու տատիկներին՝ Ալիսա Հայրապետյանին և Սուսաննա Գաբրիելյանին բանաստեղծություն էր ձոնել։ Հուզմունքն ու ուրախությունը միահյուսվել էին, իսկ հպարտույթունն ակներև էր։

Իրենց սիրելի ուսուցիչներին չմոռացան շնորհավորել դպրոցի նախկին շրջանավարտները, ովքեր պաշտպանում են հայրենիքի սահմանները, և նրանք, ովքեր հարազատ կրթօջախում ստացած հարուստ գիտելիքներով հպարտորեն են ուսանում հայաստանյան ԲՈՒՀ-երում։

-Իսկապես, օրվա խորհուրդը մեծ է ու սուրբ։ Ուսուցիչ լինելը մեծ կոչում է ու հպարտ եմ, որ այդ անվան կրողն եմ նաև ես։ Ուսուցիչներն են, որ իրենց սաներին տանում են գիտության ակունքները, սիրելով և ապրելով գեղեցիկով՝ օգնում, ճիշտ ուղի են ցուցանում նրանց։ Եվ հիրավի, Արիստոտելյան այս տողերը պատահական չեն ծնվել. §Երեխաներին դաստիարակող ուսուցիչը հարգանքի է արժանի ավելի, քան ծնողը, որին երեխան պարտական է լոկ իր ծնունդով. մեկը մեզ կյանք է պարգևում, մյուսը` արժանավոր կյանք¦: Այս տողերը պատահական չեն ծնվել, ուսուցիչներն են, որ իրենց ուսերին լուռ ու մունջ տանում են մեր ժողովրդի անպարտելիությունը,- շնորհավորանքի խոսքում ասաց դպրոցի ամենաավագ ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանը՝ գլուխ խոնարհելով բոլոր այն ուսուցիչների առաջ, ովքեր կրթում և դաստիրարակում են Արցախ աշխարհի ապագան, մաղթելով նրանց առողջություն և երկար տարիների կյանք, աստվածատուր ներողամտություն, սեր՝ բոլոր երեխաների նկատմամբ։

Ելույթներն ընդհատվում էին աշակերտների ազգային-ազգագրական պարերի, գեղեցիկ և հուզիչ արտասանութունների, երգերի վարպետորեն կատարմամբ։

Անակնկալ նվերով հանդես եկան դպրոցի 12-րդ դասարանցիները։ Ազգային պար, երգ, սրտաբուխ ասմունք, անթաքույց հպարտություն հարազատ կրթօջախի, սիրելի ուսուցիչների համար ու նաև կարոտի արցունքեր։ Չէ որ վերջին տարին են այդքան հարազատ դարձած կրթօջախի կամարների տակ անցկացնում։ Չնայած դրան չմոռացան նաև մի փոքր կատակել ու իրենց հարցերն ուղղելով ուսուցիչներից յուրաքանչյուրին՝ ինչպես և ակնկալում էին ստացան անկեղծ պատասխաններ՝ աշխուժության ալիք բարձրացնելով դահլիճում։

Կայացած միջոցառումն ու օրվա խորհուրդն ամփոփեց դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը.

-Անչափ ուրախ և հպարտ եմ, որ ընտրել եմ հենց ուսուցչի մասնագիտությունը։ Չնայած այն համարվում է ամենադժվարին մասնագիտություններից մեկը, սակայն միաժամանակ նաև ամենահարգված, գնահատված ու պատվաբեր մասնագիտությունն է նաև։ Դպրոցը հասարակության և պետության հենարանն է, ուսուցիչը՝ հենասյունը։ Ու մենք պատվով պետք է կատարենք մեր վեհ առաքելությունը։ Ուժ ու ավյունով լեցուն միշտ պետք է պատրաստ լինենք դիմակայելու ժամանակի մարտահրավերներին և մեր գիտելիքներով լուսավորենք մեր երեխաներին դեպի ապագա տանող ճանապարհը,- ասաց Մ. Ավանեսյանը տարբեր անվանակարգերում պատվոգրերով պարգևատրելով դպրոցի մի խումբ ուսուցիչների։

Վերջում բոլոր ուսուցիչները դպրոցի աշակերտների կողմից ծաղկեփնջեր նվեր ստացան։

Կարծում ենք, շրջանի և նրա սահմաններից դուրս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը տարիներ շարունակ աշխատելով ղեկավար պաշտոններում, միշտ էլ առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերվել կրթական համակարգին։ Ծնվելով ու մեծանալով ուսուցիչների ընտանիքում, նա ամբողջությամբ համոզվել է ուսուցչի դժվարին աշխատանքի մեջ՝ որն իրականացնում են ընտրյալներ՝ կրթելով ու դաստիարակելով սերունդներին, նրանց մեջ սեր ու հարգանք սերմանելով գիտելիքի հանդեպ։ Օգնում են առաջին քայլերը կատարել կյանքում եւ դառնալ լավ մարդ ու քաղաքացի՝ դրանով իսկ կերտելով պետության ու ժողովրդի ապագան, ինչը հայրենանվեր ու ազգանպաստ առաքելություն է: Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ Սերգեյ Գրիգորյանը Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցին նվիրեց գեղարվեստական նկար, իսկ ուսուցիչներին՝ ծաղիկներ։

§Բերդ թերթի խմբագրակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին և ասում՝ շնորհավոր ձեր մասնագիտական տոնը, սիրելի ուսուցիչներ։ Մաղթում ենք ձեզ ուժ և կորով ձեր դժվարին, միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանքում։ Ուրախ տրամադրություն ենք մաղթում ձեզ, որպեսզի չունենաք պատասխանատու, հետաքրքրասեր աշակերտների պակաս։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter