ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ… |
09.10.2017 15:14 |
Մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրին ու գրականությանը, իսկ գրագետ ու կարդացած մարդը հասարակության մեջ վայելել է հարգանք ու պատկառանք: Բոլոր ժամանակներում գիրքն անփոխարինելի է եղել, նորագույն տեխնոլոգիաները, համակարգիչը կարող են միայն լրացնել ընթերցանությանը, բայց ոչ երբեք փոխարինել դրան: Իսկ գրադարանն այն լուսավոր, ջերմ ու սրտաբաց օջախն է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է, ինչպես իր տանը: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը հենց այն օջախն է, որտեղ տեսնում ես միայն ժպտերես և բարի դեմքեր, որտեղ ամեն ինչ անկեղծ ու հարազատ է: Գրադարանի աշխատողներն իրենց յուրահատուկ վերաբերմունքով կարողանում են իրենց շուրջը համախմբել ընթերցասեր հասարակությանը՝ կազմակերպելով տարաբնույթ և հետաքրքիր միջոցառումներ: Հոկտեմբերի 6-ին Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը քաղաքային մշակույթի տանը կազմակերպեց միջոցառում նվիրված գրադարանավարի մասնագիտական տոն օրվան: Ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, շրջանի դպրոցների գրադարանավարներ, մշակույթի տան տնօրեններ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը. -Սիրելի՛ գրադարանավարներ, շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, ուժ և եռանդ: Մեր կատարած աշխատանքը միտված է մատաղ սերնդին կրթելու, դաստիարակելու գործին: Ցանկանում եմ շեշտել, որ մենք համագործակցում ենք Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի, Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, արվեստի դպրոցի, <<Բերդ>> համույթի հետ և այդ արդյունքում կարողանում ենք այսպիսի գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել: Մեր այսօրվա միջոցարման նպատակը մեկն է՝ ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանի դերը և ընթերցանության կարևորությունը: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը շնորհավորելով գրադարանավարի մասնագիտական տոնի առթիվ՝ նշեց, որ գրադարանավարի անխոնջ աշխատանքը գնահատված է բոլորիս կողմից: Նրանք են պահպանում մեր ժողովրդի կողմից դարեր ի վեր ստեղծած գրական ժառանգությունը և այն մատուցում ընթերցողներին: Համոզված եմ, մեր գրադարանավարները կշարունակեն կատարել իրենց աշխատանքը նույն պատասխանատվությամբ և նվիրումով: Ա.Մելքումյանը շրջվարչակազմի պատվոգրերով պարգևատրեց մի շարք գրադարանավարների: Ասկերանի համայնքի ղեկավար Սամվել Աղաջանյանի և աշխատակազմի անունից աշխատակազմի քարտուղար Լիդա Գրիգորյանը շնորհավորեց տոնի առթիվ և քաղաքապետարանի պատվոգրերով պարգևատրեց Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի գլխավոր գրադարանավար Լուսիկ Սարգսյանին և գրադարանավար Լիլիա Դանիելյանին: Գրադարանավարներին իր սրտի խոսքն ասաց տարվա լավագույն և ակտիվ ընթերցող Աստղիկ Գաբրիելյանը. -Այսօր հավաքվել ենք, որպեսզի ըստ արժանվույն արժևորենք գրքի և գրադարանի դերը մեր կյանքում: Գիրն ու գրականությունը յուրաքանչյուր պետության մշակութային հզոր զենք են համարվում, իսկ այդ զենքի միակ ու սրբազան օրրանը գրադարանն է և այն յուրաքանչյուր անհատի կյանքում պետք է մեծ նշանակություն ունենա: Կոչ եմ անում չմոռանալ գրադարանը, և պարբերաբար այցելել այն, քանի որ չկա առավել հաճելի զգացողություն, քան զգալ քո ձեռքի մեջ իրական գրքի հզորությունը: Թող մեծանա հետաքրքրասեր և բարեկիրթ ընթերցողների բանակը, և թող գրադարանավարների շնորհիվ գրապահոցներում թաքնված իմաստությունը հասանելի դառնա ողջ աշխարհին: Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր հայ հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցին: Տարին հոբելյանական է, մարտի 13-ին լրացել էր բանաստեղծի 120-ամյակը: Հաղորդավարը, ով Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սյուզաննա Մելքումյանն էր, ներկայացրեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը: Նաիրյան երկրի հզոր երգչի նկատմամբ բնությունը շռայլ էր, բախտը՝ ժլատ…Չարենցի ստեղծագործական ուղին տևել է 25 տարի: Արնավառ, խորաթափանց, խիզախ, քնքուշ, հավերժ երիտասարդ բանաստեղծի մեծ կյանքի երգը <<Տաղարան>> քնարերգությունն է, որը սահմանված է սիրո, երազի, կարոտի, դառնության, բաժանման հակադիր զգացմունքների ներդաշնակության, մարդու էության խորացման խնդրին: Չարենցի <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների ենթակա մեր ճակատագիրը: Այսպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք է ամենաքիչը կիսաաստված լինել: Իր ժողովրդի կյանքը նոր հուն մտցնելու ցանկությամբ Չարենցը գրեց նաև հայրենի քաղաքի՝ Կարսի վերջին տարիների պատմությանը նվիրված <<Երկիր Նաիրի>> վեպը: 30-ական թվականներին սկսվում են բանստեղծի ծանր և մղձավանջային օրերը: Հեղափոխության երգիչը, ով առաջինն է ցնծությամբ ողջունել նոր կյանքի արշալույսը, հանկարծ հայտարարվում է այդ ամենի թշնամին: 1936 թվականին ձերբակալվում են բազմաթիվ հայ գրողներ, որոնց ցուցմունքներում վկայություններ կային Չարենից մասին: Նա մեղադրվում էր որպես հակահեղափոխական, նացիոնալիստ, ահաբեկիչ: 1937 թվականի նոյեմբերի 28-ին բանտի հիվանդանոցում, բոլորից լքված ու անօգնական իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը: Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու…Նաիրյան երկրի պոետը մինչև կյանքի վերջը մորմոքում էր իր <<բախտազուրկ երկրի>> անսփոփ ցավով: Միջոցառման ընթացքում գեղեցիկ ասմունքով հանդես եկան Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանք քաջ գիտակցում էին, որ Չարենցը մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՛ նյութը, և՛ լեզուն… Միջոցառումն ուղղորդվում էր Ասկերանի §Բերդ¦ համույթի երգիչների և Ասկերանի ՄՊՍԿ Իվանյանի մասնաճյուղի պարի խմբի աղջիկների (պարուսույց՝ Ռիտա Բեգլարյան) հիանալի կատարումներով: Նաիրյան հեզաճկուն պարը, որ պարեցին աղջիկները՝ պարուսույցի գլխավորությամբ և Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Պետրոսյանի §Ես իմ անուշ Հայաստանի¦ բանաստեղծության խրոխտ արտասանությունը չարենցյան ոգի սփռեցին դահլիճում։ Հուզիչ էր Գրիգոր Նարեկացի համալսարանի <<Իրավագիտություն>> բաժնի ամբիոնի վարիչ, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանի ելույթը: Նա շնորհավորելով գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթեց նրանց անսպառ եռանդ, անմնացորդ նվիրում և նորանոր ձեռքբերումներ: Երտասարդ բանաստեղծուհու <<Տաղ անձնական>> ստեղծագորությունը մի յուրահատուկ շուք հաղորդեց միջոցառմանը: ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի խոսքը հուզումնառատ էր և սրտաբուխ. -Իսկապես, տպավորիչ միջոցառում կազմակերպվեց: Հոգիս միանգամից լուսավորվեց ու ավելի ջերմացավ: Լավ ներկայացվեց Չարենցը: Սովորելով Խորհրդային դպրոցում՝ մենք Չարենցի մասին ուսումնասիրում էինք միայն համառոտ կենսագրություն: Ինչ ներկայացվեց այսօր, այն ժամանակ լիովին արգելված էր, Չարենցը ներկայացվում էր որպես հեղափոխական երգիչ: Ցավոք, բազմաթիվ հայ հանճարներ բռնության զոհ դարձան, սակայն ուրախալի է, որ այսօրվա սերունդը ճանաչում է հայ դասականներին: Եղիշե Չարենցը մեզ համար մնաց որպես հնամյա մեր ժողովրդի ազգային ոգուց և հավաքական-ամփոփ պատմությունից սերված առաջնորդ ու մարգարե, որից սովորել ու սովորում ենք, քանի կանք: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանին հայտնում եմ իմ շնորհակալությունը հերթական իր իմաստալից միջոցառումը կազմակերպելու համար: Գրադարանավարներին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք և հաջողություններ: Միջոցառման վերջում բոլոր գրադարանավարները գրքեր ստացան Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի կողմից: Արդարև, օրվա միջոցառումը կազմակերպվել էր մեծ պատասխանատվությամբ և հոգու ջերմությամբ: Ինչ խոսք, Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատախմբին յուրահատուկ են նման գեղեցիկ ձեռնարկներն ու մտահղացումները: Թող Ձեր աշխատանքները միշտ գնահատված լինեն, իսկ գրադարանի դռները միշտ բաց ու հյուրընկալ… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |