ՇՐՋԱՆԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԵՆ
01.11.2017 16:29

-Պարոն Ղուլյան, 2017թ. բերքի տակ ինչպիսի՞ մշակաբույսեր են ցանվել, ինչքա՞ն են կազմում ընդհանուր ցանքատարածությունները։

- 2017 թվականին Ասկերանի շրջանում կատարվել է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի 15000 հա ցանք։ Հիմնականում ավանդական մշակաբույսեր են, այս տարի ավելացել են կտավատն ու ոլոռը: Ընդհանուր ցանքատարածքներում գարնանացան մշակաբույսերի տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս: Արցախի կառավարության աջակցության շնորհիվ կատարվել է 4400 հա գարնանացան մշակաբույսերի ցանք, անհատույց հատկացվել են սերմեր և հանքային պարարտանյութեր, որը կարևոր նախապայման է ցանքաշրջանառությունների  կիրառման  գործում:

- Ներկայում ի՞նչ վիճակում են գտնվում բերքահավաքի աշխատանքները։

- Ներկա դրությամբ հիմնականում բերքահավաքի աշխատանքներն ավարտված են, միայն նռան և ծխախոտի բերքահավաքի աշխատանքներն են շարունակվում:

-Ինչպե՞ս եք գնահատում բերքահավաք 2017-ը։

- 2017թ. տնտեսական տարում շրջանի գյուղատնտեսության բնագավառի բոլոր ճյուղերում գրանցվել է առաջընթաց, գերազանցվել են նախորդ տարիներին արձանագրված գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները: Հացահատիկային մշակաբույսերից ստացված համախառը բերքը կազմել է 30674 տոննա, նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է ավելի քան 1000 տոննայով, միջին բերքատվությունը` 26.5 ց/հա, աճը կազմել է 1.5 ց/հա-ից:

Բերքահավաքը կազմակերպվել է ժամանակին և անկորուստ, իրականացվել են բոլոր հակահրդեհային-նախազգուշական միջոցառումները:

Հնձվել է 21763 տոննա ցորեն, 4855 տոննա գարի, 3145 տոննա եգիպտացորեն, 912 տոննա հաճար, ինչպես նաև 1283 տոննա արևածաղիկ, 109 տոննա կտավատ, 75 տոննա ոլոռ և այլն:

Ընդհանուր առմամբ գյուղատնտեսության բնագավառի բոլոր ճյուղերում արդյունքները գոհացուցիչ են, միաժամանակ քիչ չեն պոտենցիալ հնարավորություններն ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար:

-Բնական աղետների պատճառած վնասների փոխհատուցում կատավե՞լ է։

-Անցած տարում հողօգտագործողները զգալի տուժել են բնական աղետներից, հատկապես կարկտահարություններից: Մայիս ամսում և հատկապես հունիսի 20-ին կարկտահարության հետևանքով վնասներ են կրել շրջանի 22 համայնքների և §Ակնա¦ թաղամասի հողօգտագործողները: Կարկտահարություններից տուժել են 888 հա հացահատիկային ցանքատարածքներ, 30 հա տեխնիկական, 126 հա բանջար³-բոստանային մշակաբույսեր, 130 հա պտղատու այգիներ, մեծ վնաս է հասցվել 69 հա խաղողայգիներին:

Փաստորեն չեն հնձվել 297 հա ցորենի, 255 հա գարու, 122 հա հնդկացորենի ցանքեր:

Հողօգտագործողներին պատճառված վնասների վերաբերյալ անվանական մասնագիտական ակտերը ներկայացվել են Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն: Կառավարության որոշմամբ արդեն 508 հա 70 տոկոսից ավելի տուժված հացահատիկային ցանքերի համար հողօգտագործողներին անհատույց հատկացվել է ցորենի սերմացու` 1 հա-ի հաշվով 230 կգ:

Տուժած տարածքների նկատմամբ սպասվում է կառավարության կողմից տարբեր մոտեցումներ, ինչ-որ չափով կլինի աջակցություն:

-Պետության կողմից ինչպիսի՞ աջակցութուն կարող են ակնկալել հողօգտագործողներն այս տարի։

- Հանրապետությունում գյուղատնտեսության զարգացման համար կառավարության կողմից տարբեր ծրագրեր են քննարկվում։ Մեր կողմից արդեն իսկ ընդունվում են գարնանացան մշակաբույսերի սերմերի պահանջարկի հայտեր, որոնք նոյեմբերի 20-ին կներկայացվեն գյուղատնտեսության նախարարություն: Նախնական տվյալներով ընթացիկ տարվա աջակցության ծրագրերը կշարունակվեն, կլինեն նաև նոր առաջարկներ: Երկրագործությամբ զբաղվողները պետք է գիտակցեն, որ աջակցություն կարող են ակնկալել նրանք, ովքեր սահմանված ագրոկանոններին համապատասխան են մշակում իրենց իրավասության տակ գտնվող հողատարածքները:

- Ի՞նչպես են ընթանում աշնանացանի աշխատանքները։

-Շրջանում շարունակվում են գալիք տարվա բերքի տակ աշնանացանի աշխատանքները: Ներկա դրությամբ կատարված է ավելի քան 6500 հա հերկ, 2000 հա-ի վրա` ցանք, այդ թվում 1300 հա ցորեն, 700 հա գարի: Դանդաղ են ընթանում աշխատանքները գյուղամերձ տարածքներում։ Եղանակային պայմանները բարենպաստ են, ուստի սահմանված ժամկետներում կկատարվեն ցանքի աշխատանքները:

-Պարոն Ղուլյան ինչպիսի՞ն է ցանքատարածությունների վիճակագրությունը, դրանց ավելացման դինամիկա կա՞ շրջանում։

- Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր խնդիրներն ունի և ներկա իրավիճակում մենք հողօգտագործողների առաջ խնդիր չենք դնում ցանքատարածքների ավելացման ուղղությամբ, առավել ևս շուկան իր պահանջներն է ներկայացնում և առանձին մշակաբույսերի ցանքերի ավելացումը պահանջված չէ, ասենք ցորենի, գարու, որոնց շուկայական գները տարեց-տարի ընկնում են: Խնդիրը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է զբաղվել այն մշակաբույսերի մշակությամբ, որոնք ապահովում են բարձր բերքատվություն, պահանջարկ ունեն և չունեն իրացման խնդիրներ: Դրանք առաջին հերթին գարնանացան մշակաբույսերն են, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել ցանքաշրջանառություններ:

-Ըստ Ձեզ, բարձր բերքատվություն ապահովելու համար ի՞նչ է անհրաժեշտ։

- Բարձր բերք ստանալու համար անհրաժեշտ է հողը մշակել սահմանված ագրոկանոններին համապատասխան, ժամանակին և որակով, անթերի կատարել բոլոր միջոցառումները և հողն անպայման վարձահատույց կլինի: Չմոռանանք երկրագործության հիմնական օրենքը. հողը ճիշտ մշակելուց չի մաշվում, այլ տարեց-տարի դառնում է բերրի և օգտավետ:

-Պարոն Ղուլյան, ի՞նչ աշխատանքներ են տարվում շրջանում նոր տեխնոլոգիաների արմատավորման ուղղությամբ:

-Շրջանում աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության բնագավառի առանձին ճյուղերում նոր տեխնոլոգիաների արմատավորման ուղղությամբ: Ոռոգման կաթիլային համակարգ արդեն գործում է 70 հա նռան այգիներում, իսկ 112 հա նոր հիմնադրված այգիներում աշխատանքներ են տարվում համակարգի տեղադրման ուղղությամբ: Ի դեպ, նոր պտղատու այգիների հիմնադրման դեպքում հողագործները կարող են պետության կողմից աջակցություն ստանալ միայն ոռոգման կաթիլային համակարգ տեղադրելու դեպքում։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter