ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ |
01.11.2017 16:32 |
-Տիկին Բաբայան, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի բարեփոխումներ են կատարվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում: -ԼՂՀ ՔԿԱԳ ոլորտում զգալի բարեփոխումներ են կատարվում, որոնք վերաբերում են քաղաքացիներին ծառայությունների մատուցմանը: Մասնավորապես 2013-2014 թվականների ՀՀ և ԼՂՀ ՔԿԱԳ բոլոր մարմիններում, այդ թվում նաև ՔԿԱԳ Ասկերանի ՏԲ-ում ներդրվել է էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ, ինչն ավելի դյուրին, ճշգրիտ և որակյալ է դարձրել ՔԿԱԳ բաժինների կողմից մատուցվող ծառայությունները: Օրինակ՝ քաղաքացին որևէ գործարք կատարելու համար դիմում է ՔԿԱԳ բաժին, նրա տվյալներն անձնագրային բաժնից ներբեռնվում են համակարգ, ինչը հնարավորություն է տալիս քաղաքացիների վերաբերյալ ստանալ գործարքը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում նաև ՀՀ տարածքում նրա վերաբերյալ կատարված ՔԿԱԳ գրանցումների մասին, նույնիսկ ստանալ տեղեկություն անձի երկքաղաքացիության, կամ հետազոտման մեջ գտնվելու մասին: ՔԿԱԳ ոլորտի արդիականացման շրջանակներում իրականացվելու է քաղաքացիների կողմից ծառայությունների ստացման <<Մեկ պատուհան>> սկզբունքը: Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմամբ նաև նվազագույնի է հասցվել քաղաքացիական կացության ակտերում սխալ, ոչ ճշգրիտ գրանցումների հավանականությունը, որոնք հետագայում քաղաքացիների համար քաշքշուկների պատճառ էին դառնում: -Ինչպիսին են ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ժամկետները, ինչ տուրքեր են գանձվում ծառայությունների դիմաց և քաղաքացիներն իրազեկված են արդյոք ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ: -Նախ նշեմ, որ ՔԿԱԳ մարմիններում պետական գրանցման ենթակա են հետևյալ ակտերը՝ ծնունդ, ամուսնություն, ամուսնալուծություն, հայրության որոշում, որդեգրում, անվան փոխում, քաղաքացու մահ: ՔԿԱԳ տարբեր գործառույթների համար ՔԿԱԳ օրենսդրությամբ սահմանված են տարբեր ժամկետներ: Օրինակ՝ ծննդյան, մահվան գրանցումներն իրականացվում են դիմում ներկայացնելու օրը: ՔԿԱԳ բաժնի կողմից մատուցվող ծառայությունները, ժամկետները, պետական դրույքաչափերը սահմանված են <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>> ԼՂՀ օրենքով, որը պաշտոնապես հրատարակված է և հասանելի բոլորին: Բացի դրանից, քաղաքացին գործարք կատարելու համար դիմելով բաժին՝ պատշաճ կերպով իրազեկվում է գործարքի կատարման ժամկետների և դրանց համար օրենքով սահմանված պետական տուրքերի մասին: Նշեմ նաև, որ օրենսդրությամբ սահմանված է նաև ՔԿԱԳ գործարքների համար նախատեսված ժամկետների կրճատում՝ հարգելի պատճառների առկայության, ինչպես նաև համապատասխան ծառայության վճարի մուծման դեպքում: Օրինակ՝ ամուսնության գրանցման համար նախատեսված ժամկետը կարող է կրճատվել կնոջ հղիության, կամ ամուսինների համատեղ երեխա ունենալու դեպքում: ՔԿԱԳ բաժնի կողմից գանձվող պետական տուրքերի ցանկը և դրույքաչափերը փակցված են ՔԿԱԳ բաժնի միջանցքում՝ քաղաքացիներին հասանելի վայրում և ցանկացած քաղաքացի առանց որևէ խոչընդոտի կարող է ծանոթանալ դրանց: ՔԿԱԳ բաժնում ծննդյան և մահվան սկզբնական գրանցումների համար պետական տուրք չի գանձվում, իսկ մնացած ՔԿԱԳ գործարքների համար օրենքով սահմանված է պետական տուրք: Ցանկանում եմ նշել նաև, որ ՔԿԱԳ բաժիններում գանձվող պետական տուրքից բացի, որոշակի գործարքների համար գանձվում է նաև ծառայության վճար: Օրինակ՝ ամուսնացող անձանց ցանկությամբ ամուսնության պետական գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս իրականացնելու դեպքում գանձվում է ծառայության վճար՝ 30000 դրամի չափով: -Շրջանում ընթացիկ տարում ինչքան ծնունդ է գրանցվել: -2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել է 184 ծնունդ, նախորդ տարվա 212-ի դիմաց: Իմ կարծիքով ծնունդների նվազումը պայմանավորված է ապրիլյան քառօրյա պատերազմի հետ: Գրանցվել է 98 մահ, որը նախորդ տարվա համեմատ ևս նվազել է: -Իսկ ինչ կասեք ամուսնությունների և ամուսնալուծությունների մասին: -Վերոնշյալ ժամանակահատվածում շրջանում գրանցվել է 64 ամուսնություն, նախորդ տարվա 54-ի դիմաց, ինչը շատ ողջունելի փաստ է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ամուսնությունների թվի զգալի աճ նկատվում է տարեվերջին, իսկ ավելի կոնկրետ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Ընթացիկ տարում բաժնում գրանցվել է 15 ամուսնալուծություն, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 3-ով: Նշեմ, որ գրանցվել է նաև հայրության 20 ճանաչում, անվան, ազգանվան, հայրանվան 5 փոփոխության ակտային գրանցում: 2017 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ ՔԿԱԳ Ասկերանի ՏԲ-ի կողմից քաղաքացիներին տրամադրվել է 69 վկայականի կրկնօրինակ, ակտերի առկայության կամ բացակայության մասին տրամադրվել է 63 տեղեկանք: -Ձեր բարեմաղթանքները շրջանի բնակչությանը: -Թող Արցախ աշխարհի երկնակամարը միշտ կամույտ և անամպ լինի: Թող բոլորի ընտանիքներում թևածեն սերն ու խաղաղությունը, շրջանում էլ ավելի շատանան ամուսնություններն ու ծնունդները, միայն այդ դեպքում մեր երկիրը կդառնա հզոր և ուժեղ: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ասկերանի տարածքային բաժինը կձեռնարկի հնարավոր միջոցներ քաղաքացիական կացության ակտերի գործի հետագա բարելավման և արդիականացման ուղղությամբ: Ինչ խոսք, պետք է նշել, որ ՔԿԱԳ Ասկերանի ՏԲ պետ Ինգա Բաբայանն իր աշխատանքը կատարում է ամենայն բարեխղճությամբ և պատասխանատվությամբ: Նա իր բարեհամբույր վերաբերմունքով կարողանում է քաղաքացիների հետ ստեղծել պարզ ու անկաշկանդ մթնոլորտ՝ պատրաստակամորեն պատասխանելով նրանց հուզող և մտահոգող բոլոր հարցերին: Մեզ մնում է ցանկանալ, որպեսզի բաժինը շարունակի իր առջև դրված խնդիրները կատարել նույն պատասխանատվությամբ և սահմանված օրենքի համաձայն… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|