Հայրենի հողին կապող թելերը բազմաթիվ են. մենք պարզապես նշում ենք այն, ինչ տեսանելի է մեզ: Բայց չէ՞ որ կան նաեւ հոգեբանական բազմաթիվ պահեր մարդուն հաճախակի համակող նոստալգիկ պոռթկումների մեջ, որոնք դժվար է սովորական բառերով արտահայտել: Ճշմարիտ է ասված, որ հայրենիքին կարոտել կարելի է անգամ ապրելով հայրենի բնօրրանում: Այդ կարոտն առավելապես մանկական քաղցր հուշերի վերարթնացումից է, որով ներկան ու անցյալն իմաստավորում են միեւնույն ժամանակի մեջ, հասցեավորում ապագան…
Ծնունդով ղլիժբաղցի, Ասկերանի պատվավոր քաղաքացի Սամվել Գաբրիելյանը բնակվելով ու աշխատելով Երեւանում, ինչպես ասում են` մի ոտը միշտ հայրենի Ասկերանում է պահում: Իսկ նրա հերթական այցը երբեք դատարկ չի լինում: Ամեն անգամ ծննդավայր գալիս` հարգարժան բարերարն անպայման մի օգտակար գործ է անում, հանդիպում է իրավասու կառույցների պատասխանատուների հետ, հետաքրքրվում տվյալ բնագավառում տիրող վիճակով, նրանց հետ քննարկում օրվա խնդիրներ, ճշտում առկա խնդիրների լուծմանն իր մասնակցության չափն ու անելիքների չափը: Չի կարող հանգիստ մնալ, երբ տեսնում է, որ տեւական ժամանակ որեւէ խնդիր մնացել է չլուծված: Հարազատ ծննդավայրի, առհասարակ Արցախի հոգսերով զբաղվելը նրա կենսակերպի բաղկացուցիչն է: Դեռեւս արցախյան շարժման սկբնօրերին, երբ Հայաստանում ու Արցախում համազգային զարթոնքի ալիքները սկսել էին հեղեղել հանրային ամբիոններն ու հրապարակներում ծովացել էր ժողովուրդը, Սամվել Գաբրիելյանն անդամագրվեց մեր ազատամարտին: Հանդիսանալով ՙԱրցախ՚ հայրենակցական միության խորհրդի անդամը, նա օգնություններ էր կազմակերպում պաշարման մեջ գտնվող Արցախի համար` սննդամթերք, հագուստ, զենք ու զինամթերք: Դրանք հայթայթելը համեմատաբար հեշտ էր, առավել դժվար էր օգնությունները Ղարաբաղ հասցնելը, բայց Սամվել Գաբրիելյանը գտնում էր դրանք բարեհաջող տեղափոխելու ճանապարհը: Երբ Ղարաբաղում սկսեցին ծավալվել պատերազմական գործողությունները, նա ուղղակի իմաստով կցվեց Ասկերանի ինքնապաշտպանության ջոկատին: Ծանր ժամանակներ էին, ազերիները օրուգիշեր հրետակոծում էին հայկական բնակավայրերը, հաճախակի գրոհներով փորձում ներխուժել Ղարաբաղի կենտրոնական դարպասը համարվող Ասկերան ավան: Չբավարարվելով օգնություններ բերելով, Սամվել Գաբրիելյանը ձեռնամուխ եղավ մի ծրագրի, որի իրականացումը տասնյակ ասկերանցիների երախտիքն էր հարուցել: Քաջ գիտակացելով, որ թշնամուն դեմ-հանդիման կանգնած ազատամարտիկների ընտանիքների ապահովությունը կարեւոր խթան կարող է լինել կռվող զինվորների համար, նա կազմակերպեց ասկերանցի տասնյակ ընտանիքների տեղափոխումը Սեւանի ու Արզնիի առողջարաններ: Մարտական գործողություների վայրից տարհանված կանանց ու երեխաների սննդի եւ կեցության մյուս հարցերն ինքն էր հոգում, այդ ընթացքում հաճախակի մեկնելով Ասկերան` աջակցության ու օժադակության նոր նախաձեռնություններով: Այս ամենի մասին Սամվել Գաբրիելյանը կարծես ՙմոռացել՚ է, թեպետ ասկերանցիներն այսօր էլ դարձյալ շարունակում են երախտագիտության խոսքեր շռայլել նրա հասցեին: Բարերարն իր արածը պարզապես համարում է հոգու պարտք, զարմանալով նույնիսկ, թե ինչպես կարելի է անտարբեր մնալ հարազատ ծննդավայրի հոգսերի հանդեպ: Ասկերանը նրա թանկ հուշերի օրրանն է, որտեղ անցյալն ու ապագան իմաստավորված են միեւնույն ժամանակի մեջ ու հասցեագրված են ապագային: Այդ հողի վրա նա ծնվել ու ապրում է արդեն… 60 տարի: Նրան իր հայրենիքից հեռու անհնար է տեսնել. Երեւանում լինի, թե այլուր` միտքը միշտ հայրենի եզերքում է. Հացուտի ձորում, Ղանանանց ծմակում կամ Մեծ Նանի սրբաքարի մոտ… Սովորաբար տոների առթիվ ինքն է հրապարակավ շնորհավորում հայրենակիցներին, բարեմաղթանքներ հղում: Այժմ լավագույն առիթ է 60-ամյա հոբելյանի առթիվ Սամվել Գաբրիելյանին հղելու բոլոր ասկերանցիների ջերմ մաղթանքներն ու ասելու. - Աստված Ձեզ երկար ու երջանիկ կյանք տա, Սամվել Գաբրիելյան: Եվ թող միշտ լինեք այդպիսին, որպիսին Ձեր ծնողներն են լույս աշխարհ բերել` բարի, գթառատ ու հայրենասեր:
ՙԲԵՐԴ՚
|