ԲԱՑ ԴԱՍԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ ԵՎ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
16.11.2017 23:06

Նոյեմբերի 3-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքի մանկապարտեզում կազմակերպվեց երաժշտության բաց դաս: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը, Ասկերանի ՄՊՍԿ տնօրեն Մերի Գաբրիելյանը, Այգեստանի, Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Խնձրիստանի, Խաչենի, Խնապատի, Հարավի մանկապարտեզների տնօրեններ, դաստիարակներ, երաժշտական ղեկավարներ:

Բաց դասը կազմակերպվել էր ավագ խմբում, որտեղ հաճախում էին 19 երեխա: Երաժշտական խմբի ղեկավար Նանար Ղազարյանը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է փոքրիկներին նախապատրաստել այս հանդեսին և հույս ունի, որ նրանք կկարողանան հաճելի պահեր տրամադրել հանդիսատեսին:

Դասասենյակը զարդարված էր աշնանային երանգներով ու բազմագույն ծաղիկներով: Առատ բարիքներով ու ձեռքի յուրօրինակ աշխատանքներով զարդարված աշնան անկյունն անմիջապես աչք էր շոյում:

Երեխաների բաց դասն սկսվեց մի գեղեցիկ ելույթով, որը վերաբերում էր աշնան հրաշագեղ եղանակին: Նրանք պատմեցին, թե ինչպիսի բազմերանգ գույներ ունի աշունը և ինչ անուշաբույր ու ոսկեհամ մրգեր: Այնուհետև երաժշտական խմբի ղեկավարը հարցեր տվեց երեխաներին երաժշտական նոտաների, գործիքների մասին և ստացավ անսխալ պատասխաններ: Փոքրիկները լավ գիտեին նաև հայ հայտնի երգահանների անունները, անգամ նրանց ճանաչում էին դեմքով: Մեծ խանդավառությամբ պատասխանում էին ցանկացած հարցի: Մանուկների դեմքերը փայլում էին ուրախությունից, իսկ անծանոթ հյուրերը նրանց ամենևին չէին կաշկանդում: Ավելին, փոքրիկները ցանկանում էին ավելի լավ ներկայանալ, որպեսզի ամոթով չթողեն երաժշտական ղեկավարին: Նրանց պարերը, արտասանությունը մի յուրահատուկ ջերմություն սփռեց դահլիճում:

Մանկապարտեզի տնօրեն Արևիկ Թովմասյանն իր գոհունակությունը հայտնելով միջոցառման մակարդակից՝ նշեց, որ Նանար Ղազարյանն իր աշխատանքը կատարում է մեծ սիրով, պատասխանատվորեն: Այս հանդեսին նա պատրաստվել էր կարճ ժամկետում, բայց ակնհայտ էր, որ արդյունքը գոհացուցիչ է:

Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանի ելույթը նույնպես դրական էր.

-Պետք է նշեմ, որ մենք հիացանք փոքրիկների այս ելույթներով: Ինչ խոսք, շնորհակալություն մեր երիտասարդ մասնագետին: Անմիջապես երևաց, թե ինչպիսի ջերմ կապ է ստեղծվել նրա ու երեխաների միջև: Հնարավոր չէր չզգալ այն անկեղծ ու մաքուր հայացքները, որ տածում էին բոլորն իրար հանդեպ: Նանար Ղազարյանից հորդող դրական լիցքերով շրջապատված երեխաները մեծ հաջողությունների կարող են հասնել: Եկեք չմոռանանք, որ հենց մանկապարտեզում է սկսվում ձևավորվել մարդու աշխարհահայացքը: Շնորհակալություն մեր երկրի կառավարությանը, որ ստեղծել է այսպիսի հրաշալի պայմաններ, որտեղ երեխան կարող է ստանալ հայեցի դաստիարակություն:

Ակնաղբյուրի մանկապարտեզի դաստիարակ Բելլա Իսրայելյանի տպավորությունները հուզիչ էին. <<Ամեն մի երեխա պետք է ունենա իր մանկությունը, հեքիաթային իր առանձնահատուկ աշխարհը: Ուստի, կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա դաստիարակվել հենց այսպիսի պայմաններում: Տեսնելով այս մանկապարտեզը՝ հույսով եմ լցվում, որ մի օր էլ մեր երեխաները կհաճախեն նման գեղեցիկ, լուսավոր և պայծառ շենք: Այսօրվա միջոցառումը մեծ խորհուրդ ունի, փոխադարձ այցելությունները հարկավոր են բոլորիս: Դասն օրինակելի էր, գնահատելի է երաժշտական ղեկավարի աշխատանքը:

Ելույթ ունեցան նաև Խաչենի մանկապարտեզի տնօրեն Ալինա Առստամյանը և Այգեստանի մանկապարտեզի երաժշտական ղեկավար Արթուր Պետրոսյանը: Նրանք կիսելով իրենց ստացած տպավորությունները՝ տվեցին նաև մասնագիտական ուղղություններ:

Հիրավի, մեզանից  յուրաքանչյուրը գիտի, որ երեխայի առօրյան պետք է անցնի գեղեցկության, խաղերի, հեքիաթների, երաժշտության, նկարների, ստեղծագործության աշխարհում: Իվանյանի մանկապարտեզի երաժշտության բաց դասը հենց այդ ամենի վառ ապացույցն էր: Խմբի դաստիարակ Սուսաննա Դանիելյանի և երաժշտական ղեկավար Նանար Ղազարյանի համատեղ աշխատանքը ներկաներիս ապացուցեց, որ Իվանյանում աճող մատաղ սերունդը հուսալի ձեռքերում է…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter