ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ
16.11.2017 23:10

Մարդու կյանքում ամենակարևորն առողջությունն է: Այն թանկ է ամեն մի հարստությունից ու բոլոր գանձերից: Իզուր չի ասվում, ով առողջ ու ամուր է մարմնով, կարող է դիմանալ ամեն ինչի և հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն: Մեր առողջության պահպանման ու վերահսկման գործում մեծ դեր ու նշանակություն ունեն բուժաշխատողները: Նրանք այն մարդիկ են, ովքեր իրնեց գործին նվիրվում են անմնացորդ և ամենայն պատասխանատվությամբ: Տեղին է հնչեցնել Բ.Պետրովսկու խոսքերը. <<Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից>>…

Այսօրվա իմ զրուցակիցն Ասկերանի ՇԲՄ ՓԲԸ տնօրեն Գոհար Հակոբջանյանն է, ով հավատարիմ Հիպոկրատի երդմանը, որպես լավագույն բժշկուհի, վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը:

-Տիկին Հակոբջանյան, մեր թերթի էջերում բազմիցս ենք անդրադարձել Ասկերանի շրջբուժմիավորման գործունեությանն ու բազմաթիվ երախտագիտական խոսքեր են հղվել բուժանձնակազմի և անձամբ Ձեր հասցեին: Ուրիշ շրջաններից մարդիկ բուժում ստանալով Ասկերանի հիվանդանոցում՝ հեռանում են երախտագիտությամբ և մեծ հույսերով լցված:

-Իհարկե, ես շատ ուրախ եմ, որ այդպիսի արձագանքներ եմ լսում: Ցանկանում եմ շեշտել, որ մեր բոլոր բուժաշխատողներն իրենց աշխատանքը կատարում են պատասխանատվությամբ: Լավ բժիշկ լինելու համար, նախ և առաջ լավ հոգեբան պետք է լինել՝ անկախ ընտրած նեղ մասնագիտացումից: Մեզանից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է, որ մեր մասնագիտությունն աշխատաժամանակով սահմանափակված չէ: Բուժաշխատողը պետք է միշտ հասանելի լինի, քանի-որ ինչ որ մեկը նրա կարիքն է զգում: Մեր աշխատանքը պարտավորեցնող ու դժվարին է և բազմակի անգամ ավելի մեծ բարություն ու համբերություն է պահանջում, քան մեկ այլ մասնագիտություն:

 -Շրջանի առողջապահության ոլորտում ինչպիսի աշխատանքներ են կատարվել 2017 թվականին:

-Նշեմ, որ այս 9 ամիսների ընթացքում ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունով կատարվել են 15504 հաճախումներ: 766 մարդ անվճար ապահովվել են դեղորայքով: Այլ քաղաքային հետազոտության և բուժման են ուղեգրվել 42 հիվանդ, որից 29՝ երեխա: Իրականացվել են կանխարգելիչ պատվաստումներ ըստ տարիքային խմբերի: Շրջանում 0-18 տարեկան երեխաների թիվը կազմել է 3921, 0-1 տարեկան երեխաներինը՝ 164:

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շրջանում գրանցվել է 98 մահ: մահացության հիմնական պատճառների մեջ գերակշռում են սրտի իշեմիկ հիվանդությունը, սուր սրտամկանի ինֆարկտը, ուռուցքային հիվանդությունները, գլխուղեղի կաթվածը: Գրանցվել է մանկական մահացության 1 դեպք:

ՇԲՄ-ում կազմակերպվել է չարորակ նորագոյացություններով հիվանդների սիմպտոմատիկ բուժումը: 2017 թվականի 9 ամսում շրջանում հաշվառված էր 212 չարորակ նորագոյացությամբ հիվանդ, նոր հայտնաբերվածների թիվը՝ 25:

Կազմակերպվել է նաև հիվանդների բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը հաշմանդամության հարցը որոշելու նպատակով: ԲՍՓՀ է ուղեգրվել 25 մարդ, որից մեկը՝ երեխա: Շրջանում կա 664 հաշմանդամ, որից 31՝ երեխա: Հակապալարախտային դիսպանսերում Ասկերանի շրջանից գրանցված են պալարախտով 24 հիվանդ, որոնց դեղորայքի շարունակական և կանոնավոր ընդունման հսկողություն իրականացվում է հոգեթմրաբանական դիսպանսերի կողմից:

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառման է վերցվել 151 հղի, ծնունդների թիվը կազմել է 135: Հաշվառվել՝շաքարային դիաբետով տառապող 44 մարդ: Այժմ դիսպանսեր հսկողության տակ են 304 շաքարային դիաբետով հիվանդ:

Այս ժամանակահատվածում շտապ օգնության բաժանմունքի կողմից գրանցվել է 836 կանչ, որից 144-ը՝ գյուղական վայրերից: Ինքնադիմող հիվանդների թիվը կազմել է 750: Ստացիոնար բուժում են ստացել 277 հիվանդ:

Ասկերանի ՇԲՄ-ի բժիշկ-մասնագետների կողմից կատարվում է ընդունելություն ԳԲԱ-ներում և ԲՄԿ-ներում: 2017 թվականին կատարվել է 70 գյուղական այց՝4 բժիշկ-մասնագետներով:

-Գիտենք, որ շրջանում գրանցվել են լեյշմանիոզ հիվանդության դեպքեր: Ինչ կանխարգելող միջոցառումներ են կազմակերպվել:

-Այո՛, շրջանում գրանցվել է լեյշմանիոզ հիվանդության 11 դեպք, այսինքն նկատվել է հիվանդության աճման միտում: Հիվանդության դեպքեր են գրանցվել Նորագյուղում, Խրամորթում, Խնապատում, Աստղաշենում, Խնածախում և Ուղտասարում: Ստեղծված պայմաններում կարևորվել է լեյշմանիոզ հիվանդության տարածման դեմ ուղղված պայքարի և կանխարգելման համալիր միջոցառումների իրականացումը, որի նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, և հորդորել, որպեսզի նրանք դիմեն բժշկի վարակի յուրաքանչյուր կասկածի դեպքում: Առանձնահատուկ նշանակություն է տրվել փոխանցողի դեմ ուղղված երկարատև ազդեցությամբ օժտված ինսեկտիցիդներով շինությունների մշակումը, բնակավայրերի բարեկարգումը և աղբահանության գործիբարելավումը, բնակավայրերից 100-300 մետր հեռավորության վրա գտնվող կրծողների բների ոչնչացումը, ինչպես նաև անհատական պաշտպանական միջոցների կիրառումը և հիվանդության կանխարգելման կարևորագույն միջոցներից վարակի աղբյուր դարձող հիվանդ և թափառող շների դեմ պայքարը: Փաստեմ, որ այդ միջոցառումներն իրականացվել են շրջանի բոլոր համայնքներում, համայնքների ղեկավարների, դպրոցի տնօրենների, ԲՄԿ-ների, ԳԲԱ-ների և Ասկերանի հակահամաճարակային կայանի ակտիվ մասնակցությամբ:

-Ասկերանի ՇԲՄ-ում հաճախակի են կազմակերպվում <<Բաց դռների օր>>: Ինչ կասեք այդ առթիվ:

-Իհարկե, ողջունելի են տարբեր տեղերից ժամանող բժշիկ-մասնագետների այցելությունները: 2017 թվականի օգոստոսի 24-ին կազմակերպվել էր <<Բաց դռների օր>>  Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից ժամանած սրտաբանի և մանկաբույժի կողմից: Նույն օրը ՇԲՄ-ում կատարվել է նաև հիվանդների ընդունելություն ակնաբույժի կողմից, ըստ անհրաժեշտության տրամադրվել են ակնոցներ:

Հոկտեմբերի 10-ին և 11-ին <<Բաց դռների օր >> է իրականացվել Ֆրեզնոյից ժամանած մանկաբույժի և թերապևտի կողմից բնակչության բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու նպատակով: Կատարվել է 64 հիվանդների անվճար ընդունելություն և խորհրդատվություն, հիվանդներին տրամադրվել է անվճար դեղորայք:

-Տիկին Հակոբջանյան, գիտենք, որ մասնակցել եք Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի 12-րդ Հայ բժիշկների միջազգային համագումարին: Ինչպիսի տպավորություններով եք վերադարձել:

-2017 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը մասնակցել եմ Հայ բժիշկների միջազգային համագումարին, որն անցկացվում է չորս տարին մեկ՝ աշխարհի տարբեր անկյուններում: Լատինական Ամերիկայում այն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականին: Այն ղեկավարում էր FIDES հիմնադրամի նախագահ Դանիել Ստամբուլյանը:

Համագումարի աշխատանքները կազմակերպված են եղել երեք տարբեր ուղղություններով՝ առողջապահության կազմակերպում, նեղ բժշկական մասնագիտություններ, քույրական գործ: Նման համագումարներում կարևոր է ոչ միայն հայաստանցի և արցախցի մասնագիտական շփումն օտարերկրացի գործընկերների հետ, այլև տարբեր երկրների հայ բժիշկների շփումը: Կոնգրեսը ցույց տվեց, որ տարիքն առած կորիֆեյներին փոխարինելու եկած սփյուռքահայ բժիշկների նոր սերունդը չի կորցրել իր ազգային ինքնությունը: Իմ կողմից ներկայացվել են Արցախի հանրապետության առողջապահության համակարգի ձեռքբերումները և խնդիրները: Պետք է նշեմ, որ անչափ հետաքրքիր ու օգտակար էին կոնգրեսի բոլոր քննարկումները, իսկ իմ տպավորությունները՝ բավականին ոգևորիչ:

-Այսօրվա դրությամբ ինչ խնդիրներ ունի շրջբուժմիավորումը:

-Հերթական անգամ նշեմ, որ ՇԲՄ-ի արդիականացումը շարունակում է մնալ լուրջ խնդիր: Սա վերաբերում է և՛շենքային պայմաններին, և՛ նյութատեխնիկական հագեցվածությանը, իրականացվող ծառայությունների ծավալներին, գործիքային և լաբորատոր ծառայությունների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև մասնագետներով ապահովվածությանը: Այս ճանապարհով կարող է միայն լուծվել Ասկերանի և նրա հարակից բնակավայրերի բնակչության որակյալ բժշկական օգնության մատուցումը տեղում: Ես վստահ եմ, որ այս դեպքում բուժաշխատողներն իրենց մասնագիտական պարտականությունները կկատարեն ավելի մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ:

-Ինչ կմաղթեք ձեր գործընկերներին:

-Նախ կցանկանայի, որպեսզի բոլոր բուժաշխատողներն իրենց գործը կատարեն ի սրտե, բարեգթությամբ և անթերի:  Քանզի, օգնելով որևէ մեկին, առաջին հերթին ինքներս ենք երջանկանում և լցվում հպարտությամբ: Հիվանդների հետ ստեղծենք այնպիսի փոխադարձ հարաբերություն, որպեսզի նրանք լիովին վստահեն մեզ: Չմոռանանք, երբ մենք զննում ենք հիվանդին, նա էլ իր հերթին է ուսումնասիրում մեզ:

Մաղթում եմ բոլորին առողջություն, բարեկեցություն և խաղաղ երկինք: Ասկերանի շրջբուժմիավորման ողջ անձնակազմը պատրաստ է անմնացորդ իր բուժօգնությունը մատուցել շրջանի բնակչությանը:

Հիրավի, մարդը երկրային բնության բարձրագույն արգասիքն է: Իսկ բնության գանձերը վայելելու համար մարդը պետք է լինի առողջ, ուժեղ և խելացի: Ուստի խելացի գտնվենք, որևէ կասկածի դեպքում անհապաղ դիմենք բժիշկներին, ովքեր մշտապես պատրաստ են ընդունելու, լսելու և բուժելու մեզ: Լինենք առողջ ու երջանիկ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter