ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՔՅԱԹՈՒԿ
16.11.2017 23:14

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը գործնական այցով Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում էր։ Այցի նպատակն էր ծանոթանալ հայկական հինավուրց գյուղի հիմնախնդիրներին, և գյուղի խնդիրներով զբաղվող անհատների հետ համատեղ քննարկել դրանք՝ երբեմնի մարդաշատ ու իր յուրօրինակ վարք ու բարքով հայտնի գյուղի համբավը վերականգնելու համար։ Իր աշխարհագրական դիրքով Քյաթուկը առանձնահատուկ գրավիչ կարող է լինել մանավանդ

զբոսաշրջիկների համար։ Եվ իզուր չէ, որ քյաթուկցիները գյուղը համեմատում են եվրոպական Շվեյցարիայի հետ, քանզի այն նույնպես պատված է հարուստ անտառներով ու գեղատեսիլ բնությամբ։ Ասել է թե, այն թանգարան է բաց երկնքի տակ։ Երբեմնի մարդաշատ այս գյուղը սկսել է ամայանալ սկսած անցյալ դարի 50-ական թվականներից։ Հիմնական պատճառը՝ խորդուբորդ ճանապարհն ու խմելու ջրի պակասն էր։ Վերջին տարիների, սակայն, հիմնականում Ասկերանում բնակվող քյաթուկցիների աննախադեպ համախմբվածության ու Արցախի կառավարության աջակցության շնորհիվ բավականին բարեկարգվել է դեպի գյուղ տանող ճանապարհը։

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ։ Հյուրերին դիմավորեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Քյաթուկցի հերոս տղաների հիշատակին կանգնեցված հուշարձանին ներկաները թարմ ծաղիկներ դրեցին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով անմահների հիշատակը։

Բաց ու անմիջական մթնոլորտում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Ասկերանի ճարտարապետ Ալբերտ Ավանեսյանը ներկայացրեց վիճակագրական տեղեկություններ։ Քյաթուկում առկա է 15հա վարելահող, 33 տուն, որից 21-ը ավերված, իսկ 12-ը վերանորոգման ենթակա։ Վիտալի Բալասանյանը երկրի նախագահին ներկայացրեց Քյաթուկի զարգացման ու նորագույն պատմության իր հեռանկարները։ Քաղաքաշինության և գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները ևս իրենց բնագավառներին առնչվող հարցերի շուրջ պարզաբանումներ տվեցին Բակո Սահակյանին։ Կարեն Շահրամանյանի խոսքերով ճանապարհի խնդիրն այսուհետ անցյալում է, իսկ առաջիկայում ուսումնասիրություններ կանվեն ջրային ռեսուրսների ուղղությամբ, իսկ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար գյուղնախարար Ժիրայր Միրզոյանն առաջիկա օրերին նախագահին կներկայացնի ոլորտի հեռանկարները՝ ստույգ հիմնավորումներով։ Դարավոր պատմություն ունեցող այս գյուղին նոր շունչ ու ոգի տալու համար ճարտարապետ Վլադիմիր Սարգսյանը երկրի նախագահին ներկայացրեց իր էսքիզները, որտեղ առաջնահերթություն էր տրվում գյուղի Աստվածածին եկեղեցու հիմնանորոգմանը, ապա գյուղի կենտրոնական մասին վերականգնումը։

Քյաթուկում նման ձևաչափով հանդիպում կազմակերպելը բազմաթիվ քյաթուկցիների երազանքի իրագործման սկիզբն է, չնայած այդ ուղղությամբ մի խումբ քյաթուկցիների միահամուռ ջանքերով բավականին աշխատանքներ են իրականացվել։ Ինչպես նշեց նախագահ Բակո Սահակյանը, ցանկալի արդյունքի հասնելու համար ճիշտ կլիներ հաջորդ հանդիպումը կազմակերպել ծագումով բոլոր քյաթուկցիների մասնակցությամբ, լսել նաև նրանց տեսակետներն ու առաջարկները։

Ինչպես ասում են, կարևորը գաղափարի առկայությունն է ու այն մեծ նվիրվածությունը, որն առկա է նախագահի հետ հանդիպմամբ խանդավառված քյաթուկցիների մոտ։

Ասկերանի շրջանի վիճակագրության բաժնի պետ Սուրիկ Թովմասյանին հաճախ կարելի է տեսնել Քյաթուկում։ Վերջին տարիներին նա ապրում է գյուղը վերականգնված ու շեն տեսնելու մեծ երազանքներով։ Ու այն իրականություն դարձնելու համար անում է ամեն հնարավորը՝ միշտ կանգնած լինելով նախաձեռնողների ու կազմակերպչների առաջանային դիրքերում։ Նախագահի հետ հանդիպումից հետո նա կիսվեց մեզ հետ իր տպավորություններով ու մտահղացումներով։

- Ես 52 տարեկան եմ ու չեմ հիշում, որ երբևէ մեր հանրապետության առաջին դեմքն այցելի Քյաթուկ և տեղում ծանոթանա առկա խնդիրներին։ Եվ միգուցե, պատճառներից մեկն էլ հենց դա է, որ գյուղն անկում ապրեց՝ արժանանալով նման ճակատագրի։ Անշուշտ մեր նախագահի նման ձևաչափի հանդիպումներն արցախյան տարբեր բնակավայրերում ավելի են սերտացնում, մտերմացնում ժողովուրդ-իշխանություն կապը, ժողովրդավարություն արմատավորում։ Համագյուղացիներիս անունից շնորհակալություն եմ հայտնում հանրապետության նախագահին և բոլոր այն բարարներին՝ Վիտալի Բալալսանյանին, Կարեն Շահրամանյանին, Սերգեյ Գրիգորյանին և շատ ուրիշների, ովքեր աջակցել են գյուղում զոհված քյաթուկցիների հիշատակը հավերժացնող հուշարձան կառուցելու, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը վերանորոգելու և հարակից տարածքները բարեկարգելու հայրենանպաստ գործին,- ասաց Ս. Թովմասյանը՝ պատրաստակամություն հայտնելով լինել վերակառուցվող Քյաթուկի առաջին վերաբնակիչը։

Առաջիկայում կքննարկվեն գյուղի վերականգնման հետ կապված ծրագրերն ու նախագծերը։ Մնում է հուսալ, որ գյուղի Աստվածածին եկեղեցին հովանի կլինի աստվածահաճո այս նախաձեռնությունը կյանքի կոչելու գործում։ Դա կլինի բազմաթիվ քյաթուկցիների մեծագույն երազանքի իրականություն՝ ունենալ գյուղամիջյան՝ դեպի դպրոց ու մանկապարտեզ տանող բանուկ ճանապարհ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter