ԻՆՏԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
16.11.2017 23:26

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հաճախակի են բազմաբնույթ ու բովանդակալից միջոցառումներ կազմակերպվում, որոնք հիմնականում աշխարհաճանաչման, աշխարհընկալման, ազգապահպանման ու ազգայինը գնահատման  մեծ բնույթ են կրում։  Հերթական միջոցառումը կազմակերպվեց նոյեմբերի 10-ին՝ ինտելեկտուալ խաղի բնույթով։ Խաղին մասնակցում էր վեց թիմ, որոնցից մեկը ձևավորվել է դպրոցի շեֆ զորամասի զինվորներից։ Թիմերը հիմնականում կրում էին հայ մեծ հայդուկապետերի, հայ ժողովրդի արժանի զավակների անունները՝ ինչպիսիք են Նժդեհը, Ավոն, Դրոն և այլոք։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց կազմակերպիչ, դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։ Ներկայացնելով մրցակից թիմերին՝ ծանոթացրեց խաղի կանոններին և գնահատող հանձնաժողովի կազմին։

Խաղը բաղկացած էր երեք փուլից, յուրաքանչյուր փուլ ընդգրկում էր հինգ հարց։ Ինչպես նշեց Ա. Գյանջումյանը, հարցերն ընտրվել են ամենայն նրբությամբ, և խաղի յուրաքանչյուր մասնակցի ուղեղի ամեն մի բջիջը շարժելու մտադրությամբ։

Ընդհանուր առմամբ խաղն ընթացավ անկաշկանդ, աշխույժ մթնոլորտում։ Առավել ոգևորված էին զինվորները, որոնց ամեն մի ճիշտ պատասխանը ծափողջույնների մեծ ալիք էր բարձրացնում դահլիճում։ Ակնհայտ էր այն մեծ սերը, հարգանքն ու համակրանքը, որ տածում էին ներկաները Հայրենիքի պաշտպանների հանդեպ։ Ն զորամասի մայոր Արտիկ Պետրոսյանը, ում ուղեկցությամբ ներկայացել էին զինվորները, անթաքույց հպարտությամբ էր դիտում խաղը, քանի որ իր զինվորները խաղի ամեն մի փուլի ակնհայտ հաղթողն էին։ Ահա այսպիսին են մեր զինվորները՝ խիզախ, հայրենասեր, լայն մտահորիզոնով ու բարձր ինտեկետով օժտված, ու ամենակարևորը՝ հայրենասեր։ Խաղի հաղթողի թիմի անունը ներկայացնելուց հետո դահլիճում ծափողջույնները չէին դադարում։ Ա. Գյանջումյանը հաղթողներին հանձնեց դպրոցի կողմից պատրաստված նվերները։

Ինտեկտուալ խաղն ընդմիջվում էր դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Յուլյա Հայրապետյանի և Ն զորամասի զինվոր Վաչե Մովսեսյանի հայրենասիրական երգերի հուզիչ ու գեղեցիկ կատարումներով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter