ՏԱՏԻԿՆԵՐԻ ԵՎ ՊԱՊԻԿՆԵՐԻ ՏՈՆ ՋՐԱՂԱՑՆԵՐՈՒՄ
16.11.2017 23:33

Հայերիս մոտ տատիկների ու պապիկների հանդեպ առանձնահատուկ հարգանքն ու պատկառանքն արմատավորված է ի վերուստ և այն փոխանցվում է սերնդից-սերունդ: Չէ որ մեր տարեցներն են հաստատուն պահում մեր ժողովրդի ավանդույթներն ու բարի համբավը, հայի արժանապատվությունն ու կեցվածքը: Մեծի խոսքը միշտ էլ կարևոր ու վճռորոշ է եղել յուրաքանչյուրիս համար: Ամեն մի նոր սերունդ քաջ գիտակցում է, որ իր ձեռքբերումների, հաջողությունների համար պարտական է ավագ սերնդի տված դաստիարակությանն ու իմաստուն խորհրդներին:

Իսկ գիտեք, ինչքան քիչ բան է պետք ծեր մարդկանց ուրախանալու, մխիթարվելու համար: Ընդամենը մի քանի քաղցր խոսք, փոքրիկ մի ուշադրություն, և մեր տարեցները կարող են իրենց լիակատար երջանիկ զգալ: Գեթ մի անուշ խոսքից նրանց դեմքին անմիջապես երևում է անթաքույց մի բերկրանք, և ակամայից հոգիդ պայծառանում է՝ տեսնելով մանկան պես ուրախացող տատիկներին ու պապիկներին: Հոգատարության, խնամքի և ուշադրության կարոտ մեր մեծերն զգում են, որ նրանք դեռևս պետք են մեր հասարակությանը՝ իրենց խրատներով, կյանքի անցած ուղով, արած ու թողածով…

Նոյեմբերի 13-ին Ասկերանի շրջանի Ջրաղացների համայնքում կազմակերպվեց գեղեցիկ մի միջոցառում, որը մեծարման ու խոնարհումի յուրօրինակ տուրք էր գյուղի տատիկներին ու պապիկներին:

Ցերեկույթին, որ կազմակերպվել էր Ջրաղացների հիմնական դպրուցում, ներկա էին համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, գյուղի տատիկներն ու պապիկները, հյուրեր: Միջոցառումը կազմակերպվել էր համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի համատեղ փոխհամագործակցության շնորհիվ:

Դահլիճը զարդարված էր աշնանային գեղեցիկ ծաղիկներով, բեմի վրա տեղադրված էին արցախյան ավանդական աշխատանքային գործիքներ, որոնք այն վառ ապացույցն էին, որ մեր տատիկներն ու պապիկները հենց այս գործիքներով էին աշխատել ու պահել իրենց զավակներին:

Դահլիճում տիրում էր հանդիսավոր տրամադրություն, գյուղի մեծերը տոնականորեն հագնված, ուրախ տրամադրությամբ սպասում էին հաճելի անակնկալների:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նունե Ավանեսյանը.

-Այս տոնը մեծ խորհուրդ ունի: Մեր նպատակն է մեծարել մեր տարեցներին, խրախուսել նրանց կատարած գործերը, պահպանել ավանդույթները և երիտասարդ սերունդներին փոխանցել դրականն ու բարին: Մենք ուզում ենք, որպեսզի այսօրվա միջոցառումն ավանդույթ դառնա և ամեն տարի նոյեմբերի 13-ը գյուղում նշվի որպես տատիկների ու պապիկների օր: Իզուր չէ, որ Արցախի խորհրդանիշը համարվում է <<Պապիկ-տատիկի>> հուշարձանը, որը խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև կապը: Ավանդական տարազով ղարաբաղցի ամուսիններն ուս-ուսի տված, անհողդողդ կեցվածքով և սևեռուն հայացքով  հպարտ կանգնել են: Ասես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերն ամուր դրած հայրենի հողի վրա: Հուշարձանը հանդիսանում է երկարակյացների պատվին կառուցված առաջին հուշարձանը: Մեր տարեցներին մաղթում ենք հենց այդպիսի երկարակեցություն, անսքող հպարտությամբ լեցուն ծերություն և մեծ հավատ դեպի երիտասարդ սերունդը:

Միջոցառմանն արցախյան համ ու հոտ էին տալիս դպրոցականները: Ցուցադրված գործիքների միջոցով նրանք ներկայացնում էին, թե ինչպես էին մեր տատ ու պապերն աշխատել ու վաստակել իրենց օրվա հացը: Առանձնակի սիրով ասված բանաստեղծություններն ու երգերը, փոքրիկ բեմականացումներն աշխուժության ալիքներ սփռեցին դահլիճում: Յուրաքանչյուր երեխա արցախյան բարբառով օրհնանք հնչեցրեց, դրանք այն օրհնանքներն էին, որոնք հաճախ էին լսում մեծերից: Ամեն մի օրհնության մեջ մեծ իմաստ ու բովանդակություն կար, որոնք այնքա՜ն էին հարկավոր մատաղ ու երիտասարդ սերունդներին:

Անհնար է նկարագրել այն ապրումները և հույզերը, որ պատել էին տատիկներին ու պապիկներին: Նրանք չկարողանալով զսպել իրենց ոգևորությունը՝ տեղերից արձագանքում էին և երգում երեխաների հետ: Ոչ պակաս ոգևորված էին նաև ավելի երիտասարդ տատիկներն ու պապիկները:

Համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի ելույթը լի էր գնահատանքով և գորովանքով.

-Հայ ընտանիքը միշտ էլ հայտնի է եղել իր բարոյական ամրությամբ և կայուն ավանդական բարքերով: Դրա շնորհիվ է, որ ենթարկվելով դարերի փորձությանը, այն այսօր էլ շարունակում է պահպանել իր ազգային նկարագիրը: Այսօր մենք մեծարեցինք ավանդական այդ ընտանիքները պահողներին ու մեզ փոխանցողներին՝ մեր մեծերին:

Ինչ խոսք, մեզ համար յուրահատուկ միջոցառում կազմակերպվեց, որի համար շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրենին, ուսուցիչներին ու աշակերտներին: Նոյեմբերի 13-ը ամեն տարի գյուղում կնշվի որպես տատիկների ու պապիկների օր:

Իր հուզմունքը ներկաների հետ կիսեց դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը: Նա նշեց, որ միջոցառման նպատակը մեկն է. հարգանքի տուրք մատուցել գյուղի տարեցներին և խոստանալ նրանց, որ միշտ կլինեն գյուղի երիտասարդ սերնդի ուշադրության կենտրոնում: <<Ամեն անգամ գյուղամիջով անցնելիս, ես մեծ ոգևորությամբ եմ բարևում և ընդունում ձեր բարևները, քանզի բարությամբ և օրհնանքով լեցուն ձեր հայացքները մեզ վստահություն և ուժ են հաղորդում: Այսօրվա սերնդի մեջ մենք սերմանում ենք այն բարին ու վսեմը, որը ստացել ենք ձեզանից: Եղեք առողջ, երջանիկ և շրջապատված անսահման հոգատարությամբ  >>,-ասաց դպրոցի տնօրենը:

Ոգևորված, շփոթված և ուրախության արցունքները հազիվ զսպելով՝ ելույթ ունեցավ տատիկ Ռայա Սիմոնյանը. <<Այսօր մեզ՝ տարեցներիս համար շատ հաճելի ու անսպասելի օր էր: Ասես միանգամից երիտասարդացանք, զգացինք, որ դեռևս շատ անելիքներ ունենք: Այնքա՜ն ուրախ եմ տեսնելու այսօրվա մեր դպրոցի բարեկարգ և գեղեցիկ վիճակը: 1966 թվականին, երբ կառուցում էին շենքը, մի քանի կանանց հետ ես նույնպես աշխատում էի շինարարության ընթացքում: Այսօր մեր երեխաներն ունեն հիանալի հնարավորություն սովորելու այսպիսի պայմաններում, և համոզված եմ, նրանք լավ կսովորեն և բարձր կպահեն գյուղի և դպորցի անունը: Բառեր չեմ գտնում արտահայտելու այն ջերմությունը, որ պատել է բոլորիս: Շնորհակալություն կազմակերպիչներին և մեր սիրելի երեխաներին մեծերին գնահատելու և հարգելու համար>>:

Գյուղի տարեցներից շատերն իրենց սրտի խոսքն ասացին: Անչափ մեծ էր նրանց երախտագիտությունը, խոստացան երկար տարիներ ապրել ու միշտ մասնակցել այս հանդիպումներին: Չէ որ նրանք դեռ շատ անելիքներ ունեն. պիտի հասցնեն երիտասարդներին սովորեցնել այն ամենի, ինչ իրենք գիտեն:

Այնուհետև դպրոցի ծնողական կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվեց հյուրասիրություն տարեցների համար, որի ընթացքում տատիկներն ու պապիկներն ավելի մեծ ոգևորությամբ էին կիսում իրենց զգացումները, անցյալի քաղցր հուշերը՝ երանի տալով անցած օրերին. երիտասարդ էին, աշխատելու ուժով լեցուն…Ցավոք, հիմա շատ քիչ էին հանդիպում իրար հետ, իսկ այսօրվա առիթն այնքա՜ն հիանալի էր բոլորի համար:

Հիրավի, Ջրաղացներում կազմակերպված այս միջոցառման խորհուրդը մեծ նշանակություն ունեցավ բոլորիս համար: Համոզված եմ, մեզանից յուրաքանչյուրն իր մեջ արմատավորեց հաստատուն մի միտք. մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին սիրենք ու գնահատենք նրանց կենդանության օրոք: Մեր բարեհոգի վերաբերմունքով ջերմացնենք նրանց կյանքի օրերը ու գիտակցենք. տարիներ հետո ինքներս ենք լինելու նրանց կարգավիճակում…

Իսկ Ջրաղացների տատիկներն ու պապիկները՝ օրհնելով հիանալի այս միջոցառման կազմակերպիչներին,  հեռացան մեկ տարի հետո անպայման հանդիպելու մեծ հույսով…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter