ՆՇՎԵՑ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
16.11.2017 23:36

Նոյեմբերի 6-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում նվիրված Հոկտեմբերյան մեծ սոցիալիստական հեղափոխության 100-րդ տարեդարձին:

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ,Ասկերանի շրջանի կոմունիստական կուսակցության անդամներ, հյուրեր:

Մինչ միջոցառումն սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր ժամանակներում նահատակաված հայ քաջորդիների հիշատակը: Այնուհետև հնչեցին Արցախի Հանրապետության և <<Ինտերնացիոնալ>> հիմները:

Ողջույնի և բացման խոսքով հանդես եկավ միջոցառման հաղորդավար Նինել Գաբրիելյանը.

-Այսօր մենք նշում ենք Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ տարեդարձը, հեղափոխություն, որը փոխեց պատմության ողջ ընթացքը՝ վերջ դնելով կայսերական միապետությանը: Այն ձևավորեց աշխարհի առաջին կոմունիստական վարչակարգը: Հեղափոխությունը շրջադարձային էջ էր պատմության մեջ, որը հանգեցրեց պետական համակարգի փոփոխության, ինչպես նաև գիտակցական և հասարակական հարաբերությունների փոփոխությունների:

Զեկույցով հանդես եկավ ԱՀ կոմունիստական կուսակցության Ասկերանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Սերվին Բաղրյանը.

-1917 թվականին համաշխարհային պատմության մեջ կատարվեց առաջին հաղթական սոցիալիստական հեղափոխությունը և դա իրականացվեց կոմունիստական կուսակցության անմիջական ղեկավարությամբ:

1917 թվականի փետրվարյան հեղափոխության ժամանակ, երկրում տապալելով ցարին՝ստեղծվեց ժամանակավոր երկիշխան կառավարություն: Շուտով իշխանությունն անցավ բուրժուազիայի ձեռքը, սակայն այն չարդարացրեց աշխատավորների հույսերն ու պահանջները: Պարզ էր, որ խաղաղ ճանապարհով իշխանության տիրանալը բոլշևիկներին չի հաջողվի: Հուլիսի 26-ից օգոստոսի 3-ը կայացած համագումարում բոլշևիկները որոշեցին սոցիալիստական զինված ապստամբություն իրականացնել: Այն սկսվեց հոկտեմբերի 24-ի գիշերը: Հոկտեմբերի 25-ի /նոր տոմարով՝ նոյեմբերի 7-ի/ առավոտյան հայտարարվեց ժամանակավոր կառավարության տապալման մասին: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն ստեղծելով բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետությունը, վերջ դնելով շահագործման բոլոր ձևերին՝ ներգործուն ազդեցություն ունեցավ Եվրոպայի ամբողջ աշխարհի բանվորական շարժման վրա: Այն ստացավ ինտերնացիոնալ բնույթ: 20-րդ դարի 20-ական թվականներին, արյունալի տեռորից հետո բոլշևիկների իշխանությունը վերջնականապես հաստատվեց Ռուսական կայսրության տարածքներում, այդ թվում և Հայաստանում: Բոլշևիկների առաջ խնդիր էր առաջացել ստեղծել նոր պետություն, որն առաջինը կլիներ աշխարհում: Հիմք դրվեց ԽՍՀՄ-ի ստեղծմանը: Լենինի առաջարկով այն ստեղծվեց 1922 թվականի դեկտեմբերի 30-ին: Ռեկորդային կարճ ժամանակում կառուցվեցին խոշոր մեքենաշինական համալիրներ, նավաշինարարություն, նավթարդյունաբերություն և այլն: Կտրուկ վերելք ապրեց գիտությունն ու նորարարությունը: Արագ զարգացման տեմպն ընդհատեց Հայրենական Մեծ պատերազմը: Հայ ժողովուրդը հավատարիմ մնալով հեղափոխության ավանդույթներին և ինտերնացիոնալիզմին, կոմունիստական կուսակցության շուրջը համախմբված՝ պաշտպան կանգնեցին և արիաբար կռվեցին պատերազմի ռազմաճակատներում: Լեռնային Ղարաբաղի 45 հազար կոմունիստներ, կոմերիտականներ, անկուսակցականներ կուսակցության կոչով մեկնեցին ռազմաճակատ: Պատերազմից հետո ավերակների վերածված երկրի ժողտնտեսությունը շատ կարճ ժամանակամիջոցում սկսեց վերականգնվել: ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև սկսվեց հակամարտություն:  Մեծ մրցակցություն էր գիտության ոլորտի, հատկապես ատոմային էներգիայի յուրացման և միջուկային զենքի ստեղծման ու կատարելագործման մրցավազքում: Բրեժնևի ղեկավարման տարիներին եղել է ԽՍՀՄ պատմության մեջ առավել հանգիստ ապրելու ժամանակաշրջանը: Նրա մահվանից ու մի քանի զառամյալ քաղաքական գործիչներից հետո երկրի ղեկավար է դառնում երիտասարդ և ամբիցիոզ Գորբաչովը, ով իր <<վերակառուցում>> կոչվող քաղաքականությամբ սկսում է քանդել երբեմնի զարգացած ու փառավոր երկրի քաղաքական ու տնտեսական հիմքերը: Մի քանի տարվա ընթացքում նրան հաջողվում է անել այն, ինչ չի հաջողվել հակահեղափոխական շատ ու շատ ուժերի:

Պետք է փաստել, որ Հոկտեմբերյան հեղափոխությունը 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի խորհրդային կարգերի հաստատումով, հայ ժողովրդի պատմության մեջ սկսվեց ծաղկման ժամանակաշրջան: Վերջ դրվեց տարածաշրջանում թուրքական հայահալած քաղաքականությանն ու զավթողական պատերազմներին: Մեծ Եղեռն ապրածՀայաստանը պատմական կարճ ժամանակահատվածում դարձավ <<լույսի և հույսի>> հզոր հայրենիք՝ բարձր գիտական ու մտավոր ներուժով: Խորհրդային Հայաստանի և Կոմունիստական կուսակցության գործուն ժամանակաշրջանում հայ ժողովրդի ծոցից ելան աշխարահռչակ գիտնականներ, գյուտարարներ, ականավոր զորավարներ: Մեծ թափ ստացավ Հայաստանի շինարարությունն ու ճարտարապետությունը, զարգացում ապրեց իր անկախ ազգային մշակույթով, թատրոնով և հեռուստատեսությամբ:

Չնայած Ադրբեջանի հայահալած քաղաքականությանը՝Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մնաց հայեցի ու բավականին լուրջ նվաճումներ արձանագրեց սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ: ԼՂԻՄ Ասկերանի շրջանում կար 51 բնակավայր, որից 46-ը հայկական էր: Շրջանի բոլոր գյուղերն ընդգրկված էին կոլտնտեսային և սովխոզային հանրային արտադրություններում: Հարկ է նշել սոցմրցույթներում առավել բարձր ցուցանիշների հասած տնտեսությունների կոմունիստ  ղեկավարների անունները՝ Ասրի Ղահրամանյան, Արշավիր Գալստյան, Սերգեյ Գրիգորյան, Կոլյա Երամիշյան, Մուրադ Գրիգորյան, Յուրի Արամյան, Հենրիխ Խաչատրյան և ուրիշներ: Գործում էին բարձր որակավորում ունեցող կոմունիստ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները ներդնում էին հանրային արտադրության հայրենանվեր մեծ գործին:

Կոմունիստական կուսակցության անդամ Արշավիր Գալստյանի ելույթը լի էր հուզմունքով և լավ հիշողություններով.

-Հոկտեմբերյան հեղափոխությունը մարդկային հասարակության համար մեծ հեղաշրջման սկիզբ էր: Այն ստղեծվել էր ապահովելու ընչազուրկ, սոված, տանջված ժողովրդի բարեկեցությունը: Այն ստեղծվեց, որպեսզի վերջ դրվի գործազրկությանն ու աղքատությանը, սակայն Գորբաչովի վարած քաղաքականությամբ պառակտվեց բանվորագյուղացիական, բազմազգ պետությունը:

Այսօր գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվում են մասնավոր ձևով: Գյուղերում հանրային արտադրության բացակայության, աշխատատեղեր չլինելու պատճառով երիտասարդությունը չի ամրանում գյուղում, նկատվում է զգալի հոսք դեպի քաղաքներ ու արտերկրներ: Կան գյուղեր, որոնք ամայացման եզրին են, իսկ դա մեր երկրի անվտանգության խաթարման խնդիր է առաջացնում:

Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվում էր Ասկերանի <<Բերդ>> համույթի հիանալի կատարումներով, իսկ Ասկերանի ՄՊՍԿ-ի Իվանյանի մասնաճյուղի և Ասկերանի պարային խմբերն իրենց գեղեցիկ ու ոգևորիչ պարերով մեծ խանդավառություն պարգևեցին միջոցառման մասնակիցներին: Փոքրիկների ելութներից հետո ավագ սերնդի ներկայացուցիչներն ուրախությամբ նկատեցին, որ իրենց փոխարինելու է եկել արժանի հերթափոխ:

Միջոցառման վերջում ԱՀ կոմունիստական կուսակցության կենտկոմի պատվոգրերով պարգևատրվեցին շրջանի կոմունիստական կուսակցության անդամներ Ռոբերտ Գրիգորյանը, Արգամ Գրիգորյանը, Արկադիա Մկրտչյանը, Կարո Հարությունյանը, Էդվարդ Սահակյանը, իսկ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը շրջվարչակազմի կողմից հուշանվերներ հանձնեց Արեգա Միքայելյանին, Հասմիկ Գրիգորյանին, Արշավիր Գալստյանին, Վլադիմիր Ասլանյանին, Հայկ Շամիրյանին և Ալբերտ Դավթյանին:

Շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորելով Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 100-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթեց բոլորին առողջություն ու խաղաղ երկինք՝ ասելով,-<<Եկեք միշտ մեծարենք մեծերին, որ մենք նույնպես մեծանանք>>:

Ինչ խոսք, միջոցառումը կազմակերպվել էր բարձր մակարդակով և մեծերի հանդեպ ակնհայտ հարգանքի դրսևորումով: Նշենք, որ այն կազմակերպվել էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter