ՀԱԿԱԾԽԱԽՈՏԱՅԻՆ ՖԼԵՇ ՄՈԲ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
16.11.2017 23:39 |
Ժամանակի ընթացքում Արցախում երիտասարդանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, շաքարային դիաբետը: Գենետիկ հակվածությունը մեծ ազդեցություն ունի հիվանդությունների առաջացման համար, սակայն չպետք է անտեսել նաև անառողջ ապրելակերպը: Մադիկ վարում են նստակյաց կյանք, սնվում են ոչ ճիշտ, ուտում են անառողջ սնունդ, ծխում են: Այս արատավոր սովորություններին մարդիկ սկսում են սովորել և յուրացնել դեռ երիտասարդ տարիքում: Հենց այդ պատճառով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ իրականացվում է <<Առողջ ապրելակերպ>> ծրագիրը, որը ներառում է տարբեր ենթակետեր և այն նախատեսվում է իրականացնել երիտասարդների շրջանում: Այդ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ Ասկերան քաղաքում կազմակերպվեց հակածխախոտային ֆլեշ մոբ: Մասնակիցները նախ հավաքվեցին Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ներկայացուցիչներ, Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներ, երիտասարդություն: Բացման խոսքով հանդես եկավ Ասկերանի ՄԵ կենտրոնի երիտասարդության հարցերի կազմակերպիչ Նինել Գաբրիելյանը. -Այսօրվա միջոցառման նպատակը մեր հասարակության մեջ, երիտասարդության շրջանում առողջ սերնդի դաստիարակումն ու վնասակար երևույթների դեմ պայքարն է: Արցախում մեծ թիվ են կազմում ծխողները, ինչպես նաև զգալիորեն աճում են նաև աղջիկ ծխողների քանակը: Պետք է գիտակցենք, որ առողջությունը համարվում է մարդու կարևորագույն խնդիրներից մեկը: Առողջ ապրելակերպ հասկացությունը սահմանելիս առաջնորդվում ենք նրանով, որ առողջ ապրելակերպը կենսագործունեության ձև է, որը համապատասխանում է տվյալ մարդու կյանքի որոշակի պայմաններին և ուղղորդված է մարդու առողջության ամրապնդմանը, հիգիենիկ առանձնահատկություններին, սոցիալ-կենսաբանական ֆունկցիաների լիարժեք կատարմանը, որտեղ առանձնացվում է այն միտքը, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա միայն իրեն բնորոշ անհատական առողջ ապրելակերպը: Այնուհետև ներկաները դիտեցին տեսանյութ, որտեղ ցույց էր տրվում, թե ինչպես պայքարել ծխելու դեմ և ինչպիսի արատավոր հետևանքներ ու վնասներ է ունենում թմրամոլությունը: Տեսաֆիլմի դիտումից հետո հարց ու պատասխանների տեսքով ամփոփվեց թեման, որից հետո երիտասարդները շրջեցին քաղաքում և այն անցորդները, ովքեր երիտասարդների խնդրանքով նրանց տվեցին իրենց ձեռքի ծխախոտը, ստացան քաղցրավենիք: Դե ինչ, հույս ունենք, որ Ասկերան քաղաքում երիտասարդության կողմից կազմակերպված հակածխախոտային ֆլեշ մոբը մեծ նշանակություն կունենա վատ սովորություններից ձերբազատվելու համար: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |