ԱրՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ՝ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
16.11.2017 23:44

Նոյեմբերի 16-ին Արցախի պետական համալսարանի ուսանողական ակտիվը՝ պրոռեկտոր Վիտյա Երամիշյանի գլխավորությամբ §Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը¦ ծրագրի շրջանակներում Ասկերանում էին։ Ուսանողների նախաձեռնությամբ (ուսխորհրդի նախագահ Դիանա Խաչատրյան) Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ՝ շրջանի Ասկերանի՝ Էդմոն Բարեսղյանի, Իվանյանի՝ Օնիկ Գրիգորյանի, Նորագյուղի՝ Վիտալի Պետրոսյանի, Խնապատի՝ Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտների մասնակցությամբ։

Մասնակիցներին ողջունեց ու ծրագրին աջակցելու համար շնորհակալական խոսք ասաց Վ. Երամիշյանը։

-Ուրախ ենք, որ այսօր փառապանծ Ասկերան քաղաքում ենք։ Ասկերանը, ինչպես նաև մեր մյուս շրջանները, հերոսաբար և վճռական պայքարի են ելել դարավոր ոսոխի դեմ ու փառավոր հաղթանակներ տարել։ Այն անառիկ դարպաս էր արցախյան ազատամարտի ողջ ընթացքում։ Ուսանողների ազգանպաստ նախաձեռնույթունը երիտասարդներին համախմբելու, ուսանող-աշակերտ-զինվոր կապը սետացնելու, ինչպես նաև գիտելիքների տարածման ճանապարհով հայրենասիրություն և հայրենապաշտություն սերմանելու նպատակ է հետապնդում՝ հանուն մեր հանրապետության հուսալի ապագայի։ Հանրապետության գրեթե բոլոր շրջաններում արդեն եղել ենք և ամեն տեղ այսպիսի մեծ ոգևորությամբ են ընդունել։ Մեծ էր երկուստեք ոգևորությունը։ Շրջանային փուլում հաղթող ճանաչված թիմերը կմասնակցեն ինտելեկտուալ խաղի հանրապետական փուլին, որտեղ կխաղարկվի ռեկտորի գավաթը։ Այն նվիրված է լինելու Արցախյան Շարժման 30-ամյակին,- ասաց Վ. Երամիշյանը, խաղի մասնակից թիմերին մաղթելով հետաքրքրաշարժ և արդյունավետ խաղ, միաժամանակ նշելով, որ անկախ նրանից, թե որ թիմը կհաղթի, հաղթելու եք բոլորդ, ձեր մասնակցությամբ, քանի որ մասնակցությունը հենց հաղթանակ է։

Վ. Երամիշյանը միջոցառման կայացմանը նպաստելու և աջակցելու համար շնորհակալություն հայտնեց վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի, վարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժիններին, մշակույթի տանը։

Ներկաներին ողջունեց հաղորդավար Վարդուհի Կիրակոսյանը, ով ծանոթացնելով ինտելեկտուալ խաղի կանոններին՝ տվեց խաղի մեկնարկը։ Խաղը բաղկացած էր 3 փուլից, յուրաքանչյուր փուլ ընդգրկում էր 10 հարց։ Դրանք բազմաբնույթ և բազմաբովանդակ էին՝ տրամաբանական, երաժշտական, կատակներ և մեծ գիտելիքներ ու լայն մտահորիզոն պահանջող հարցեր։

Յուրաքանչյուր փուլի հարցերն ամբողջությամբ հնչեցնելուց հետո տրվում էր երաժշտական դադար։ Ուսանողուհիներ Մանե Մովսեսյանը, Գոհարիկ Միրզաջանյանը և Ասկերանի Է. Բարեսղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Յուլյա Հայրապետյանը հանդիսականներին ներկայացան հայրենասիրական և  ազգագրական երգերի արհեստավարժ և կրակոտ կատարումներով՝ արժանանալով հանդիսատեսների բուռն ծափահարություններին։

Գնահատող հանձնաժողովի նախագահ Դիանա Խաչատրյանի՝ 1-ին փուլի արդյունքների ամփոփմամբ առավելագույն միավոր էր վաստակել Ասկերանի §Ռեստարտ¦ թիմը՝ 10 հնարավորից հավաքելով 9 միավոր։  Ասկերանի թիմը առավելագույն միավորներ հավաքեց նաև 2-րդ և 3-րդ փուլերում՝ 21 միավորով դառնալով ինտելեկտուալ խաղի հաղթող։

Խաղի արդյունքներն ամփոփեց և հաղթող թիմին շնորհավորեց Վ. Երամիշյանը՝ խաղին մասնակցած թիմերին հանձնելով պատվոգրեր և գրքեր՝ գիտելիքների պաշարը հարստացնելու համար։ Իսկ Ասկերանի թիմը հրավեր ստացավ մասնակցելու խաղի հանրապետական փուլին։ Ակնհայտ էր կազմակերպիչների ոգևորությունը և կայացած խաղի հանդեպ բավարարվածությունը, քանզի մասնակից թիմերը հանդես են եկել մեծ ակտիվությամբ։ Համեմատական անցկացնեմ, օրինակ՝ եթե մեր շրջանում նվազագույն միավորներ հավաքած թիմը վաստակել է 12 միավոր, ապա մեկ այլ շրջանում 10 միավոր առաջատար թիմն էր հավաքել։

Ուսանողների նման նախաձեռնությունը և §Ուսանող-աշակերտ-զինվոր միասնության ուժը¦ ծրագիրը ողջունեց վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։

-Մարդուց կարելի է խլել ամեն ինչ, բացառությամբ գիտելիքների։ Նաև կայուն գիտելիքներով կարելի է աշխարհին ճանաչելի դարձնել մեր պետությունը։ Ուսանողների ազգապահպան նախաձեռնույթունն արժանի է բարձր գնահատանքի, ինչպես նաև երախտագիտության։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում պրոռեկտոր Վիտյա Երամիշյանին,- ասաց Կ. Մայիլյանը շնորհավորելով ուսանողներին Հայաստանի Հանրապետությունում կայացած §Ունիվերսիադա-2017¦-ին մասնակցելու և  պատվավոր 2-րդ տեղը զբաղեցնելու համար։

Խաղի ավարտից հետո ուսանողները և դպրոցականները շարժվեցին դեպի Ասկերանի §Տանկ¦ հուշահամալիր։ Համալիրի մատույցներին նրանք մոտեցան խորհրդանշական Արցախի 30 մետրանոց դրոշով, հայրենասիրական վանկարկումներով։ Որպես անկախ պետության խորհրդանիշ դրոշը երկրի ապագա լիիրավ տերերի ձեռքերում փողփողում էր հպարտորեն։ Ուսանողները թարմ ծաղիկներ դրեցին տանկի պատվանդանին, հարգելով Ասկերանի պաշտպանության համար մարտի ելած և անմահացած նվիրյալների հիշատակը։

§Տանկ¦ հուհաշամալիրից նրանք ուղղություն վերցրեցին Ասկերանի տարածքում տեղակայված Ն զորամաս, որտեղ ուսանողները հանդես կգան համերգային ծրագրով։ Ծրագրին միացավ նաև Ասկերանի §Բերդ¦ համույթը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter