ԱՇՆԱՆ ՏՈՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍԿ-ՈՒՄ
29.11.2017 14:59

Հիրավի, չկա ավելի մեծ երջանկություն, քան տեսնել քո շրջապատում ուրախությունից փայլող անմեղ աչքեր, անբիծ ու զուլալ մի աշխարհ, որտեղ իշխում է միայն բարին, անաղարտը, լուսավորը: Հենց այդպիսի մի պայծառ մի տրամադրություն էր տիրում Ասկերանի ՄՊՍԿ-ում նոյեմբերի 21-ին: Կենտրոնը նշում էր աշնան հանդեսը, որը վերածվել էր մի իսկական տոնի: Ոսկի ու դեղին հագած դահլիճը դրախտավայր էր հիշեցնում, իսկ պատուհաններից ներթափանցող արեգակի ճառագայթները մի յուրահատուկ ջերմություն էին հաղորդում ներկաներին: Աշունն իր ողջ շքեղությամբ հյուրընկալվել էր այստեղ: Առատ ու բազմապիսի մրգերի խենթացուցիչ բույրը միահյուսվել էր աշնանային գունագեղ ծաղիկների բուրմունքի հետ: Ամեն ինչ այնքա՜ն ներդաշնակ էր, այնքա՜ն նրբագեղ ու դյութիչ…

Կենտրոնի սաները թռվռում էին խմբակավարների և ծնողների շուրջը՝ պատրաստ ներկայացնելու տարվա հիասքանչ այս եղանակը:

Միջոցառումը կազմակերպել էր ՄՊՍԿ փոխտնօրեն Նելլի Ասլանյանը:

Երեխաներն իրենց հանդեսն սկսեցին <<Բարի բերք>> երգով և միանգամից նրանց ուրախ տրամադրությունը փոխանցվեց մեծերին: Փոքրիկ Մոնիկայի ողջույնի խոսքը համեմված էր սիրով ու աշնանային հույզերով: Նա բոլորին մաղթում էր լի, առատ ու անհոգ կյանք, խաղաղ երկինք և խոսք տալիս աշնանային մի իսկական հեքիաթ պարգևել ներկաներին:

Սաներն արտասանեցին, երգեցին և մեծարեցին տարվա հիասքանչ եղանակն ու նրա տված բարիքները: Մի առանձին հիացմունքով նկարագրելով բազմապիսի գույներ հագած աշունը՝ նրանք դարձել էին հեքիաթի իսկական հերոսներ: Փոքրիկներն այնպես էին պարում, որ նրանց ոգևորությունը վարակել էր նաև ծնողներին: Այգեստանի մասնաճյուղի թատրոնի խմբակը հանդես եկավ <<Անտառի բնակիչները>> փոքրիկ բեմականացմամբ և զավեշտի պահեր պարգևեց բոլորին:

Կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանն իր սրտի խոսքը հղեց սաներին.

-Սիրելի երեխաներ, այսօր դուք ցույց տվեցիք, որ մենք ձեզանով հիանալու և հպարտանալու առիթ ունենք: Ակներև է, որ ունեք շնորք, ունակություններ և խմբակավարների օգնությամբ կարողացել եք պատշաճ մակարդակով նախապատրաստվել միջոցառմանը: Մեծ է նաև ծնողների դերակատարությունը, որոնց հետ միշտ համագործակցում ենք և հասնում դրական արդյունքների: Շնորհակալություն փոխտնօրեն Նելլի Ասլանյանին այս հանդեսը հավուր պատշաճի անցկացնելու համար: Բոլորիդ մաղթում եմ անամպ ու խաղաղ երկինք, նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:

Իսկապես, բովանդակալից ու տպավորիչ միջոցառման ականատեսը եղանք մենք: Թեև ասում են, աշունն իր հետ թախիծ, կարոտ և տրտմություն է բերում, սակայն Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաներին հաջողվեց իրենց հանդեսով աշնան ողջ թովչանքը հաղորդել մեզ: Վառ տպավորություններով և նոր սպասումներով հեռացանք կենտրոնից՝ հույս պահելով, որ հաջորդ հանդիպումը կլինի ՄՊՍԿ-ի նորակառույց շենքում…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter