ԹՈՂ ԱՌՈՂՋ ԵՎ ԳԻՏԱԿԻՑ ՍԵՐՈՒՆԴ ԱՃԻ ԱՐՑԱԽՈՒՄ |
29.11.2017 15:09 |
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող §Առողջ ապրելակերպ¦ ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանում շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ: Նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում կազմակերպվեց քայլարշավ դեպի §Բերդ¦ պատմամշակութային ամրոց: Արշավին ներգրավված էին Ասկերան քաղաքի երիտասարդությունը: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի գլխավորությամբ խումբը ոտքով ճանապարհվեց դեպի պատմամշակութային վայր: Քայլարշավն անցավ հետաքրքիր ու անկաշկանդ մթնոլորտում: Հասնելով բերդի վերին հատվածը՝ կազմակերպվեցին տարբեր խաղեր, կատարվեցին սան-մաքրման աշխատանքներ: Ինչպես նշեց Ռուզաննա Մկրտչյանը՝ մարդ պետք է հաճախակի ոտքով քայլի, քանզի քայլելն առողջության պահպանման կարևոր գրավականներից մեկն է և այն երիտասարդության շրջանում պետք է դառնա առօրյայի բաղկացուցիչ մասը: Քայլարշավի ընթացքում մասնակցիներն ստացան առողջ ապրելակերպի թեմատիկ քարոզչանյութեր: Նոյեմբերի 22-ին Իվանյանի համայնքում կազմակերպվեց վազքի մրցույթ, մասնակցում էին Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան և Հովսեփավանի Յուրի Ջհանգիրյանի անվան միջնակարգ դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Անշուշտ, մասնակիցները գիտակցում էին, որ սպորտը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում և մշտապես զբաղվելով սպորտով՝ յուրաքանչյուրն իրեն առողջ և կենսախինդ կարող է զգալ: Աշակերտները մեծ խանդավառությամբ էին մասնակցում մրցույթին, նրանցից ոչ պակաս ոգևորված էր Իվանյանի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Հրանտ Շեկյանը, ով նաև տարել էր մրցույթի կազմակերպչական աշխատանքները: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից ստացան պատվոգրեր ու նվերներ: §Առողջ ապրելակերպ¦ ծրագրի հաջորդ ձեռնարկը կայացավ Հարավի համայնքի մշակույթի տանը՝ նոյեմբերի 23-ին: §Առողջ սնունդ¦ խորագրով ֆլեշ-մոբին մասնակցում էին Հարավի միջնակարգ դպրոցի բարձր դասարանցիները: Մշակույթի տան տնօրեն Սիլվա Ղազարյանը միջոցառումը կազմակերպել էր պատշաճ մակարդակով: Հասարակական վայրում տեղադրված սեղանների շուրջ դպրոցականները պատրաստեցին տարբեր աղցաններ, հյութեր, որոնք բաղկացած էին էկոլոգիապես մաքուր բանջարեղենից և մրգերից: Այնուհետև պատրաստված ուտեստներն ու հյութերը բաժանեցին մասնակից հանդիսատեսին և անցորդներին՝ արժանանալով նրանց գոհունակությանը: Միջոցառումն ուղղորդվում էր աշակերտների ասմունքով և երգերով, ինչն ավելի մեծ շուք էր հաղորդում օրվա խորհրդին: Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը կարևորելով միջոցառումների այս շարքը և ամփոփելով այն՝ փաստեց. -Համոզված եմ, որ այս միջոցառումներից հետո երիտասարդության շրջանում կբարձրանա իրազեկվածությունը կապված ծխելու, թմրանյութերի, նստակյաց կյանքի, ոչ առողջ սննդի վնասակար և բացասական այլ երևույթների մասին: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և մեր բաժնի կողմից իրականացվող այս միջոցառումներից հետո ակնկալում ենք, որ հասարակության մեջ կտարածվեն առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքները, դրա կարևորությունը և երիտասարդությունը կկարողանա ճիշտ կողմնորոշվել ու կազմակերպել իր առօրյան: Վերոնշյալ մշակույթի տները, համագործակցելով բաժնի հետ, պատասխանատվությամբ և պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Համոզված եմ, մեր համագործակցությունը միշտ կայուն կլինի, կանենք ամեն ինչ, որպեսզի Արցախում աճի միայն առողջ և գիտակից սերունդ: Դե ինչ, կարծում եմ, Ասկերանի շրջանում կազմակերպված նպատակային այս միջոցառումները խթան կհանդիսանան, որպեսզի երիտասարդ սերունդը զերծ մնա անառողջ ապրելակերպից և արատավոր երևույթներից: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |