ԹԵՎԱՆԻԿՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ՈՒՂՏԱՍԱՐ
29.11.2017 15:11

Օրերս §Թևանիկ¦ բարեգործական ծրագրի պատասխանատուները կրկին Ասկերանի շրջանի Ուղտասարի համայնքում էին։ Բարեգործներին ուղեկցում էր ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ Ողտասարցիները մեծ խանդավառությամբ ու տոնական բարձր տրամադրությամբ ընդունեցին իրանահայ բարերարներին, ովքեր եկել էին հերթական բարեգործական ծրագրով։ Թևանիկցիների հերթական ծրագիրն ընգրկեց դպրոցն ու նրա աշակերտներին։ Այս անգամ նվիրատուները դպրոցի համար համակարգիչներ և մարզական գույք էին բերել, իսկ դպրոցականների համար

մարզական հագուստ։

Ողջունելով հայրենակիցներին Ա. Գաբրիելյանը նշեց, որ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի գործունեությունը միշտ ուղղված է լինելու մեր ազգի պետականության ամրապնդմանը։ Նա  ներկայացրեց §Թևանիկ¦ բարեգործական ծրագրի նպատակներն ու նախաձեռնողների մտահղացումները։ Ներկաների հետ սրտի խոսքով կիսվեց ծրագրի համակարգող Անահիտը Բեգլարյանը։ Նրա խոսքերով կազմակերպության նպատակն ու գաղափարն է ունենալ համահայկական մտածողություն, քանզի ապրելով Իրանում նրանք իրենց արցախցի են համարում և պատասխանատու՝ լինել Արցախում և Հայաստանում բնակվող և իրենց աջակցության կարիքը զգացող հայրենակիցների կողքին։

-Մենք փորձում ենք կերտել այն մտածողությունն ու գաղափարը, որ բոլորս հայ ենք անկախ նրանից, թե որտեղ ենք բնակվում։ Հաշվի առնելով Արցախի ներկայիս յուրահատուկ իրավիճակը, մեր ուշադրությունը սևեռված է արցախյան սահմանամերձ բնակավայրերի վրա։ Անում ենք մեր հնարավորությունների առավելագույնը՝ փորձելով լայնացնել, մեծացնել կատարվող բարեգործական ծրագրերը, անելիքներն ու այս ամենին մասնակից անել նաև մատաղ սերնդին, որպեսզի նրանք շփվեն իրենց հասակակիցների հետ և կարողանան մոտիկից ճանաչել իրար,- ասաց տիկին Անահիտը։

Ուղտասարի հիմնական դպրոցի տնօրեն Վլադիմիր Հակոբջանյանը երախտագիտությունը հայտնեց բարերարներին, ովքեր շատ կարճ ժամանակամիջոցում արձագանքեցին իրենց խնդրանքին։

-Հասկանալի պատճառներով մեր դպրոցը տարիներ շարունակ զրկված է եղել կարևոր այս պիտույքներից և այսօր ի շնորհիվ ձեզ մեր երազանքներն իրականություն դարձան։ Տա Աստված Արցախ աշխարհի համար ձեր ներդրումները լինեն միմիայն կրթության և տնտեսության զարգացման համար,- ասաց դպրոցի տնօրենը։

Ինչպես նշեց դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Գլեբ Սահակյանը, չնայած աշխարհագրորեն իրարից հեռու ենք, սակայն մտքով, սրտով, հոգով և խղճով միասին ենք, և այսօր թևանիկցիներն անձնվեր գործ են կատարում համայն հայության և դժվար կացության մեջ գտնվող հայրենակիցների համար։

-Այսօրվա մեր հանդիպումը համընկել է Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակի հետ։ Ու ձեր հայրենանվեր գործելաոճով ու այսպիսի ծրագրերի իրագործումով ապացուցվեց, որ մեր հերոսներն անմահ են։ Երբ 1983-ին Ավոյին ձերբակալեցին կեղծ անձնագիր կրելու համար, նա պատասխանեց, որ երբ կլինեն հայկական անձնագրեր այն, ժամանակ նա պատասխան կտա կեղծ անձնագիր կրելու համար։ Իմ մաղթանքն ու ցանկությունն է՝ աշխարհի բոլոր հայերն ունենան հայկական անձնագրեր,- ասաց Գլեբ Սահակյանը՝ հույս հայտնելով, որ այսօրինակ հանդիպումներն ավանդական կդառնա։

Բարերարներին համագյուղացիների անունից շնորհակալության և երախտիքի խոսք ասաց համայնքի ղեկավար Մանվել Պետրոսյանը, ով §Թևանիկ¦ բարեգործական ծրագրի պատասխանատուների ներկայությունն ու օժանդակությունը կրկնակի օգնություն է համարում։ Գյուղը, իհարկե, բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի, որոնք լուծելու հարցում կրկին ակնկալում են թևանիկցիների ուշադրությունն ու օգնությունը։

-Այս հանդիպումը նաև մեծ դաստիարակչական բնույթ է կրում, այն միասնականության և հայրենասիրության կոչ է մատաղ սերնդին։ Միայն այս կերպ կարող ենք շենացնել մեր սիրելի Արցախը։ Հուսով ենք այսուհետ ևս մեր դրախտավայր գյուղն ընդգրկված կլինի §Թևանիկի¦ ծրագրերում,- ասաց համայնքի ղեկավարը։

Ալյոշա Գաբրիելյանի խոսքերով Արցախի կառավարության ուշադրությունը ևս սևեռված է վերաբնակեցվող բնակավայրերի հիմնախնդիրների վրա։

ՙԹևանիկ՚ բարեգործական ծրագրի առանցքում առանձնահատուկ տեղ է հատկացված կրթամշակութային ծրագրերի աջակցությանը, որի ուղղությամբ կազմակերպության գործունեության շուրջ 5 տարիների ընթացքում բավականին ծրագրեր են իրականցվել։ Ուղտասարի համայնքին և միջնակարգ դպրոցին բարեգործների ուշադրությունը սևեռելու հարցում մեծ է հատկապես մեր շրջանից ընտրված ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի և ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի դերը։ Ու ինչպես հանդիպմանը նշեց Ա. Գաբրիելյանը, նրանք միշտ անելու են հնարավոր ամեն ինչ՝ հանուն մեր պետականության ամրապնդման։

-Ժամանակն ավելի քան անարդար է եղել մեր ազգի հանդեպ։ Մեր մեծ Հայրենիքից մի կտոր է մնացել, այն էլ եռահատված՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ։ Հայաստանը մեր հպարտությունն է, Սփյուռքը՝ մեր խիղճն ու պատիվը, իսկ Արցախը մեր վերքն է։ Եվ այժմ Հայաստանն ու Սփյուռքը մտածում և գործում են մի ուղղությամբ. Ինչպե՞ս ապավեն կանգնեն ու բուժեն վերքը, իսկ վերքը վերջնական բուժում կստանա մեր միասնականության, ազգասիրության, մեր միացյալ մտածելակերպով, որի վառ դրսևորման ականատես ենք լինում այսօր։ Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում, փաստը՝ այս հանդիպումն է,- ասաց  Ասկերանի շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը՝ շնորհակալություն հայտնելով բարերարներին և Ալյոշա Գաբրիելյանին։

Կ. Մայիլյանը ուրախությամբ նշեց, որ Ուղտասարի դպրոցն աշակերտների թվի աճի հետ կապված հիմնականից անցել է միջնակարգի կարգավիճակի։ Իսկ նոր ուսումնականն աշակերտները կդիմավորեն հարմարավետ ու նորակառույց դպրոցական շենքում։ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի միջոցներով գյուղում նոր դպրոցական շենք է կառուցվում։

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Կամո Բարսեղյանը դաշնակցության անունց շնորհակալություն հայտնեց բարեգործներին։

-Դաշնակցության գործունեության հիմքում պատմական Հայրենիքի սահմանների վերականգնումն ու հայրենասիրական դաստիարակության գաղափարախոսությունն է։ Մեր երախտագիտությունն ու շնորհակալույթունն ենք հայտնում §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպությանը՝ ազգամետ դաստիարակություն իրականացնելու  համար։ Տա Աստված, նման բարեգործ հայրենակիցների պակաս երբեք չունենանք։ Այս հայանպաստ քայլով , համոզված ենք, որ երեխաներն ավելի շատ կտոգորվեն, քանզի ականատես են լինում բարի գործի իրականացման, և բնականաբար նրանց մեջ կարմատավորվի բարեգործի հոգեբանությունը, իսկ ուղտասարցիներն ավելի լավատես կդառնան վաղվա օրվա հանդեպ։ Իսկ լավատեսությունն ամեն մի գործի կեսն է։ ՀՅԴ Արցախի կոմիտեի անդամների ջանքերն այսուհետ ևս ուղղորդված են լինելու ի շահ մեր ազգի և պետականության,- ասաց Կ. Բարսեղյանը։

Բարերարների ձեռքերից դպրոցականները ստացան իրենց հասանելիք մարզական հագուստը։ Քանի որ առջևում Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն են, բարերարները դպրոցի համար նաև տոնածառ և խաղալիքներ էին բերել։ Դպրոցականների հետ միասին նրանք զարդարեցին տոնածառները՝ խանդավառվելով երեխաների անկեղծ ուրախությունից։

Յուրօրինակ հանդիպմանը ջերմություն և ուրախ տրամադրություն պարգևեցին դպրոցականները, որոնց հայրենասիրական արտասանություններն ու երգերը հուզմունք առաջացրեցին իրանահայ մեր բարեկամների մոտ, ինչպես նաև հույս ներշնչեցին, որ Արցախում, իրոք, մեծանում, հասակ է առնում հայրենասեր սերունդ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter