ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԼՈՒՍԱՁՈՐՈՒՄ
06.12.2017 16:47

Արդեն մի քանի տարի է, ինչ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի ծրագրերն ուղղված են բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։  Հիմնադրամի միջոցներով Արցախի Հանրապետությունում շատ բազմազավակ ընտանիքներ արդեն իսկ իրենց  սեփական տանիքն ունեցան։ Ներկայում մեր շրջանում հիմնադրամի միջոցներով Իվանյանի, Խնձրիստանի և Քռասնու համայնքներում կառուցվում են համայնքային կենտրոններ, իսկ Ուղտասարի համայնքում դպրոցական շենք։ Հիմնադրամի միջոցներով աստիճանաբար լուծվում են նաև բազմազավակ

ընտանիքների բնակարանային խնդիրները։ Օրերս՝ տարեմուտի նախաշեմին, լուծվեց ևս մեկ բազմազավակ ընտանիքի ամենացավոտ հարցը։  Այս անգամ ծրագրի հասցեատերը Լուսաձորի համայնքի բազմազավակ ընտանիքներից մեկն էր՝ Գարիկ և Էվելինա ամուսինները, ովքեր մեծ հանդիսավորությամբ նշեցին իրենց բնակարանամուտը։

Բնակարանի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, լուսաձորցիներ, ովքեր եկել էին կիսելու իրենց համագյուղացու մեծ ուրախությունն ու բերկրանքը։

Լիիրավ տանտիրոջ իրավունքով կարմիր ժապավենը կտրեց ընտանիքի հայրը՝ Գագիկ Պետրոսյանը, ում շուրջը ուրախ թռչկոտում էին հինգ երեխաները՝ րոպե առաջ ոտք դնելու նորակառույց ու հարմարավետ բնակարան։ Այստեղ էլ հնչում են երկուստեք շնորհակալության ու երախտիքի խոսքերը՝ համայն հայությանը, Տորոնտոյի Կարպիս Նորյան ընտանիքին, ում հովանավորչությամբ կառուցվել է բնակարանը, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամին՝ նոր տարվա նախօրեին անփոխարինելի նվեր մատուցելու համար։

Ինչպես նշեց §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, այս ծրագիրը շարունակվելու է և նրանք նպատակ են հետապնդում լուծել դժվար կացության մեջ գտնվող բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրները։

-Շփվելով այս ընտանիքների հետ հասկանում և համոզվում ես, թե ինչքան կարևոր է վերջիններիս համար ապրել հարմարավետ տան մեջ և նրանք, իրոք, արժանի են ապրելու բարեկեցիկ պայմաններում։ Սա Արցախում շահագործման հանձնված 25-րդ տունն է, իսկ 10 տան շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են,- ասաց Ա. Վարդանյանը։

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը  կարևորեց այն հանգամանքը, որ սփյուռքահայ մեր բարերարներն ապրելով մեզանից հազարավոր կիլոմետրեր հեռու մտահոգված են արցախահայության կենսակերպով։ Արցախի կառավարությունն ու §Հայաստան¦ համահայկական հիմնադրամն էլ իրենց հերթին անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի բազմազավակ ընտանիքների երեխաները մեծանան, դաստիարակվեն անհոգ ու բարեկեցիկ պայմաններում։  Քաղաքաշինության նախարարի խոսքերով հանրապետությունում  բնակարային խնդիր ունեցող ընտանիքները բազմաթիվ են, որից 228-ը բնակարանային լուրջ խնդիր ունեն։

Պետրոսյանների բազմազավակ ընտանիքում հինգ երեխա է դաստիարակվում՝ երեք տղա, երկու աղջիկ։ Զավակներից ավագը 12, իսկ կրտսերը 2 տարեկան է։ Նման բնակարանի կարիք բազմազավակ ընտանիքը վաղուց ուներ։ Բնակարանն ունի 3 ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց։ Բարերարները հոգացել են նաև բնակարանը կահույքով և կենցաղային տեխնիկայով ապահովելու հարցը։ Ընտանիքի մայրը՝ Էվելինան հուզմունքը մի կերպ զսպելով արդեն անցյալով է խոսում ետևում թողած ծանր ու դժվարին կացության տարիների մասին, երբ ստիպված էին ապրել մեկ սենյականոց բնակարանում։ Առավել հուզված ու երջանիկ էին աղջիկները, ովքեր երազում էին իրենց սեփական սենյակն ունենալ։ Եվ այսօր տեսնելով կահավորված առանձնասենյակը ուրախությունից նրանց աչքերից արցունքներ գլորվեցին։

Գարիկ Պետրոսյանը, շնորհակալություն հայտնեց բարերարներին՝ իրենց ուշադրությունը բազմազավակ ընտանիքների հոգսերին սևեռելու համար։ Նա արդեն որոշակի ծրագիր ունի տնմերձ 1200 քառակուսի մետր տարածքի համար։ Նրա խոսքերով տարածքը շատ հարմար է այգի հիմնելու համար։

Արդեն մի քանի տարի է, ինչ մեր հանրապետությունում պետական մակարդակով իրականացվում է 6 և ավելի բազմազավակ ընտանիքներին բնակարանային պայմաններով ապահովելու ծրագիրը։ 2016-ից սկսած բնակարաններ սկսեցին կառուցվել նաև 5 երեխա ունեցող ընտանիքների համար։ Հուսով ենք ծրագիրը շարունակական բնույթ կկրի, իսկ Արցախում կավելանա բազմազավակ ընտանիքների թիվը։ Քանզի գիտակցումը, որ քո թիկունքին մի ամբողջ Սփյուռ, Հայաստան և Արցախ է կանգնած, ոգևորիչ է, միաժամանակ հուսադրող, որ նրանք միայնակ չեն իրենց հոգսերի հետ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter