ՓԱ՜ՌՔ ՔԵԶ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ…
23.12.2017 15:57

Անտարակույս, մեզանից յուրաքանչյուրը երախտագիտությամբ և առանձնակի հպարտությամբ է լցված մեր զինվորների հանդեպ: Մեր երկրի սահմաններն ամուր պահելու և մեր խաղաղ քունն ապահովելու համար այսօր նրանք անսասան կանգնած են մեր Հայրենիքի սահմանին:

Իսկ մեր հպարտությունը կրկնապատվում է, երբ մեր տղաներն իրենց ծառայությունն իրականացնում են առավել պատասխանատվությամբ, նվիրումով: Չէ որ նրանց ճանապարհելով ՊԲ շարքերը՝ վստահորեն ասում էինք. մենք հավատում ենք ձեզ, հայրենիքի մեր պաշտպաններ…

Իսկ գիտեք, ինչպիսի ուրախություն և պարծանք է պարուրում, երբ մեր զինվորների ծառայության մասին ստանում ենք շնորհակալական խոսքեր: Ինքնին, համոզվում ենք, որ մեր տղաներն ստացել են ճիշտ ռազմահայրենասիրական դաստիարակություն, հային բնորոշ կամքի ուժ և խիզախություն:

Այս անգամ հերթական շնորհալական նամակն ստացան Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի նախկին սան Մարտիկ Աղաջանյանի ծնողներ՝ Աշոտ և Սուսաննա Աղաջանյանները:

Մարտիկն առաջին իսկ օրերից բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական և ծառայողական պարտքը Հայրենիքի հանդեպ, կարճ ժամանակամիջոցում կարողացել է տիրապետել իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ: Նա կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում իր համածառայակիցների համար: Ինչ խոսք, արժանի զինվորի դաստիարակության գործում մեծ է ծնողների և նրա դասավանդող ուսուցիչների ներդրումը:

Անթաքույց հպարտություն և ուրախության արցունքներ տեսա զինվորի մոր աչքերում… և անսահման կարոտ…Իսկ երբ ինձ մեկնեց շնորհակալական նամակը, ես զգացի, որ դողում է նրա ձեռքը և ակամայից ինձ փոխանցվեցին նրա զգացումները: Հիրավի, մայրը հպարտանալու իրավունք ունի: Դեռևս դպրոցական տարիներից Մարտիկն առանձնահատուկ երեխա էր՝ համեստ, կարգապահ, բարի: Իսկական հայ մարտիկի ուժ և կամք ուներ ու այսօր էլ ծառայելով Արցախյան բանակի շարքերում՝ նա կարողացել է առանձնանալ և քաջարի զինվորի անուն վաստակել:

<<Երբ որդուս ճանապարհեցինք ԱՀ ՊԲ շարքերը համալրելու, իհարկե, շատ էինք հուզվել: 2016 թվականի ապրիլն իրեն զգացնել էր տալիս դեռևս: Սակայն տեսնելով մեր զավակի վստահությամբ լցված աչքերը, մենք գոտեպնդվեցինք և լցվեցինք մեծ հավատով. այս սերունդը ոչնչով չի զիջելու իր նախորդներին:

Երբեմն որդիս զանգում է և հորդորում չվհատվել, չտխրվել: Նա հավաստիացնում է մեզ, որ մեր սահմանները պահող դիրքապահ տղաները խիզախ են, զգոն և կարգապահ: Մարտիկն իր եղբայրներին իր եղբայրներին խորհուրդ է տալիս դպրոցում լավ սովորել, առանձնահատուկ ուշադրություն դարձնել նախնական զինվորական պատրաստություն առարկային: Նրա խոսքով հենց այդ պատրաստությունն է օգնում, որպեսզի կարողանաս լավ ծառայել և արժանանալ լավ զինվորի անվան:

Որպես երեք որդիների մայր, ցանկանում եմ, որպեսզի Արցախ աշխարհի երկնակամարը միշտ անամպ լինի, մեր տղաների ծառայությունը՝ անփորձանք ու խաղաղ>>,- ասաց զինվորի մայրը:

Պետք է նշեմ, որ մեր շրջանից ԱՀ ՊԲ շարքերը մեկնած մեր տղաներն իրենց ծառայությունը կատարում են բարձր մակարդակով և կարգապահությամբ: Այդ են վկայում բազմաթիվ այն շնորհակալական նամակները, որ ստանում են նրանց ծնողները:

Այո, մենք հավատում ենք քեզ զինվոր, քանզի մեծ է քո ինքնանվիրումը, քաջությունը, անհողդողդ կամքը և պայծառ ապագա տեսնելու քո տենչը…

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ, հայ զինվոր…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter