ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿ, ԲԱՆԻՄԱՑ ԵՎ ՀՄՈՒՏ ՄԱՆԿԱՎԱՐԺ… |
23.12.2017 16:00 |
Մարդու իմաստությունից բխում են հետևյալ երեք առանձնահատկությունները՝ կայացնել հիանալի վճիռներ, անսխալ խոսել և անել այն, ինչ հարկավոր է… Դեմոկրիտ Հիրավի, ուսուցիչ կոչումը մեծարանք է, նրա գործը՝ դժվարին առաքելություն: Ուսուցիչն այն մարդն է ով պատասխանատվությամբ, սիրով, ջերմությամբ և նվիրումով է վերաբերվում իր գործին: Աշխատելով ամենադժվար բնագավառներից մեկում՝ նա իրավունք չունի սխալվելու, քանզի նրա ամեն մի քայլը կարող է ճակատագրական հանդիսանալ մատաղ սերնդի համար: Այսօրվա իմ զրուցակիցը ճանաչված մանկավարժ է, իր աշխատանքի գիտակ, բանիմաց և հմուտ մասնագետ: Ասկերանի շրջանի Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, շնորհաշատ մանկավարժ Սլավա Արշակի Գրիգորյանի հետ ունեցած իմ հարցազրույցը հետաքրքիր էր և բովանդակալից: Այդ պաշտոնում նա աշխատում է 2008 թվականից: -Պարոն Գրիգորյան, ներկայացրեք դպրոցի պատմության, այսօրվա առօրյայի, աշակերտների և նրանց ձեռքբերումների մասին: -Մեր դպրոցը հիմնադրվել ու գործում է 19-րդ դարի 80-ական թվականներից: Դա եղել էր առաջին ծխական դպրոցներից մեկը: Այնուհետև խորհրդային իշխանության հաստատումից հետո հիմնվեց յոթնամյա դպրոց և այն գործեց մինչև 20-րդ դարի 50-ական թվականները: Առաջին տնօրեններից մեկը այսօրվա մեր դպրոցի անվանակիր Ժան Անդրյանի հայրն էր՝ Սերգեյ Անդրյանը, ում անվան հետ կապված է յոթնամյա դպրոցի ողջ պատմությունը: Այնուհետև դպրոցի տնօրեններ են աշխատել Աղավնիկ Բազիյանը, Միշա Ջհանգիրյանը, Վազգեն Ասրյանը, Սլավիկ Գրիգորյանը, Լյովա Մկրտչյանը: Դպրոցն իր գոյատևության ժամանակաշրջանում տվել է շատ անվանի շրջանավարտներ, ովքեր մեծ ավանդ են ունեցել հանրային տնտեսության, պետական կառույցների, քաղաքականության, գիտության և այլ բնագավառների զարգացման գործում: Մեր շրջանավարտներից շատ շատերն են մասնակցել Արցախյան գոյապայքարին, որոնցից 14-ն իրենց կյանքով սրբագրվել են Արցախի հերոսական պատմության մեջ: Արժանի եմ համարում նշել, որ մեր դպրոցի հեղինակության ու բարի անվան ստեղծման ու պահպանման գործում մեծ ավանդ են ունեցել երջանկահիշատակ մանկավարժներ՝ Արտիկ Մարգարյանը, Դանիել Դանիելյանը, Երվանդ Հարությունյանը, Եպրաքսյա Խաչատրյանը, Գրիշա Թարխանյանը, Զավեն Պետրոսյանը, Սիրան Հակոբյանը, Մուրադ Կարապետյանը և ուրիշներ: Դրվատանքի խոսք կարելի է ասել թոշակառու մանկավարժ Անյա Ջհանգիրյանի մասին: Ընդգծված կնշեի Զոյա Կարապետյանի և Ֆլորա Հարությունյանի անունները, ովքեր թոշակի անցնելուց հետո շարունակում են կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին և իրենց աշխատանքային ու մասնագիտական փորձն են փոխանցում երիտասարդ և սկսնակ ուսուցիչներին: Արցախյան գոյապայքարի ժամանակ, ինչպես նաև մեր փառավոր հաղթանակից հետո մեր դպրոցը միշտ էլ աշխատել է հստակ ռեժիմով, համախմբված ուժերով՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները: Տեղին է նշել, որ մեր ուսուցիչների շնորհիվ մեր շրջանավարտների գրեթե երեսուն տոկոսն ամեն ուսումնական տարում ընդունվել են բարձրագույն ուսումնական և միջնակարգ հաստատություններ: Անհարժեշտ եմ համարում նշել մեր համագյուղացի Վիլհելմ Կարապետյանի անունը, ով բավականին հայրենանվեր ձեռնարկումներ է կատարել գյուղում, առանձնապես դպրոցում: Պետք է շեշտեմ, որ մեծ է ավանդը մեր շրջանավարտներից գեներալ մայոր Արմեն Ղահրամանյանի, գնդապետ Սամվել Գրիգորյանի, փոխգնդապետներ Վալերի Դանիելյանի ու Մարտիկ Ջհանգիրյանի, մայոր Գառնիկ Պետրոսյանի ու շատ շատերի կողմից գյուղի շենացման ու բարգավաճման գործում: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվն ամեն օր քրտնաջան ու նպատակային աշխատանքներ է տանում դպրոցի հեղինակությունը և բարի համբավը պատշաճ բարձրության վրա պահելու համար: Մեր դպրոցի աշակերտներն ամեն տարի մասնակցում են շրջանային օլիմպիադաներին և մրցույթներին: Հաջողություններ են արձանագրվել ասմունքի և մշակույթի ասպարեզներում: Մեր համայնքային թիմը <<Մշակութային խաչմերուկ>> մրցույթում երկու անգամ արժանացել է հանրապետական փուլի հաղթողի կոչման, իսկ 5-րդ դասարանի աշակերտուհի Լիա Ավանեսյանը շրջանային փուլում հաղթող է ճանաչվել ասմունքի մրցույթում: Դպրոցում դեռ ունենք անելիքներ, կարծում եմ մեր հետագա գործունեության ընթացքում դեռ կունենանք շարունակական հաջողություններ: -Ապահովված է արդյոք դպրոցը համապատասխան մասնագետներով, ովքեր կարողանում են աշակերտներին զինել գիտելիքներով, դասապրոցեսը դարձնել արդյունավետ, իսկ ուսուցանվող նյութը՝ մատչելի և հետաքրքիր: -Ասեմ, որ դպրոցի տնօրինության կողմից բավականին լուրջ աշխատանքներ են ձեռնարկվում Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի հետ միասին դպրոցի մանկավարժական կոլեկտիվը մասնագետներով, առավել ևս երիտասարդ մասնագետներով համալրելու ուղղությամբ: Կարծում եմ տեղն է նշել, որ դպրոցի լավագույն մանկավարժների շարքում են Սվետլանա Մկրտչյանը, Ստելլա Աղաբալյանը, Գայանե Վարդանյանը, Նորիկ Պետրոսյանը, Արտուր Գրիգորյանը, Անժելիկա Պետրոսյանը, Անուշ Ավանեսյանը, Նելա Պետրոսյանը, Կարինե Աբրահամյանը, Մարինե Բալայանը, Անահիտ Դանիելյանը, Իննա Ղահրամանյանը, Նարինե Գրիգորյանը, Մարինե Ղազարյանը, Լյովա Մկրտչյանը: Նրանց կողքին և նրանցից մանկավարժական մեծ փորձ ու օգնություն են ստանում երիտասարդ մանկավարժներ Իրա Մարտիրոսյանը, Մերի Գրիգորյանը, Լիլիթ Ղազարյանը, Մարիաննա Ղազարյանը, Նվեր Աղաջանյանը, Միքայել Մկրտչյանը: Մանկավարժական ամբողջ կոլեկտիվի կողմից հստակ և հետևողական աշխատանքներ են իրականացվում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործընթացում մեծ հաջողություններ արձանագրելու ուղղությամբ: -Ինչ կասեք արտադասարանական և արտադպրոցական միջոցառումների մասին: -Իհարկե, ուսումնական ու դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առավելապես նպաստում են արտադասարանական և արտադպրոցական բազմազան միջոցառումներ: Դպրոցի աշակերտների մեծ մասն ընդգրկված են համայնքում գործող արվեստի դպրոցում, որի սաները մի շարք մրցույթներում գրավել են տարբեր մրցանակային տեղեր: Այդ դպրոցում գործում են մի շարք խմբակներ, որոնց արդյունավետ աշխատանքի մասին են վկայում այն նմուշները, որոնք պատրաստված են աշակերտների շնորհալի ձեռքերով: Դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպվել են էքսկուրսիաներ դեպի Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք, Տիգրանակերտ, ասեմ, որ արդյունքում աշակերտների մոտ էլ ավելի են ամրապնդվել սերն ու նվիրվածությունը դեպի Արցախ աշխարհը: Նշեմ, որ հաճախակի կազմակերպում ենք նաև շաբաթօրյակներ: Դպրոցականների և գյուղի հասարակության համատեղ ուժերով մաքրման են ենթարկվում գյուղի հուշարձանները, փողոցները, աղբյուրներն իրենց շրջակայքով: Աշակերտները միշտ էլ մեծ ոգևորությամբ են մասնակցում այդ աշխատանքներին: Պիտի ասեմ, որ նրանց և ուսուցչական կոլեկտիվի մասնակցությանն այդ աշխատանքներին պետք է տալ բարձր գնահատական: -Իսկ ինչպես են կառուցված ուսուցիչ-աշակերտ-ծնող փոխհարաբերությունները: -Անկասկած, յուրաքանչյուրս էլ հասկանում ենք, որ միայն մանկավարժական կոլեկտիվի ջանքերը բավական չեն երեխայի կրթության և ճիշտ դաստիարակության գործում: Ուստի ծնողական կոլեկտիվի մասնակցությունը մեծ դերակատարություն ունի դպրոցական աշխատանքում: Մենք այդ հացում բարդ խնդիրների և խոչընդոտների չենք հանդիպում: Հաճախակի հանդիպումներ են կազմակերպվում ծնողների հետ, պարբերաբար հրավիրվում են դասարանական, ընդհանուր ծնողական ժողովներ, որոնք նպաստում են ժամանակին հայտնաբերել ծառացած պրոբլեմները, և դրանք լուծել համատեղ ջանքերով: Իհարկե, նման փոխհարաբերությունները, լավ մթնոլորտը դրականորեն են անդրադառնում աշակերտների կարգապահության, աշակերտական կանոնների պահպանման և ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների ձևավորմանը: -Նյութատեխնիկական բազայով և անհրաժեշտ նյութերով ապահովված եք արդյոք, և ինչպիսի հիմնախնդիրներ ունի դպրոցը: -Ի դեպ, նշեմ, որ մեր դպրոցի աշխատանքային գործունեության արմատական փոփոխություն եղավ, երբ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնվեց դպրոցի նորակառույց տիպային շենքը: Բազմիցս, տարբեր ամբիոններից մեր հասարակության կողմից շնորհակալություն ենք հայտնել ԱՀ ղեկավարությանը, քանի որ մեր գործունեության համար լայն հնարավորություններ են ստեղծվել թե՛ կրթական, թե՛ ստեղծագործական աշխատանքների համար: Դպրոցում ուսուցումը համարյա կազմակերպվում է կաբինետային համակարգով: Տնօրինության, կաբինետների վարիչների ջանքերով, մեր բարերար ընկերների ակտիվ մասնակցությամբ, շրջանի կրթության և սպորտի բաժնի բազմաթիվ նախաձեռնությունների շնորհիվ դպրոցի շատ կաբինետներ հարստացվել, կահավորվել ու զինվել են տեխնիկական միջոցներով: Սակայն ֆիզիկայի լաբորատորիան մասամբ, ապա քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներն աղքատիկ իրավիճակում են, որոնք բացարձակապես միայն սենյակներ են՝ առանց ռեակտիվների, նյութերի և անհրաժեշտ պարագաների: Իհարկե, համոզված եմ, որ նման պարագաներում նշված առարկաների դասավանդումը չի կարող ապահովել դրական արդյունքներ: Իսկ ինչ վերաբերում է դպրոցի հիմնախնդիրներին, ապա ես կասեի, մեր գյուղի գլխավոր հիմնախնդրի մասին, որն անդրադառնում է նաև դպրոցի վրա: Գյուղի երիտասարդների ամրապնդումը. ահա մեր գերխնդիրը, որից և կախված են մեր բոլոր հիմնախնդիրների լուծումները: Ռազմավարական անհրաժեշտ քաղաքականություն է նոր բնակավայրերի հիմնադրումը, սակայն ոչ պակաս ռազմավարություն պետք է լինի նաև գործող բնակավայրերի պահպանումն ու հզորացումը: -Ինչպես է ընթանում փոխհամագործակցությունը համայնքի հետ: -Այսօր դպրոցը հանդիսանում է համայնքի ամենամեծ կազմակերպությունը, որտեղ կենտրոնացված է մտավորականության գերակշռող մասը: Ուստի, բնական է, որ դպրոցի ու համայնքի փոխհամագործակցությունն արդյունավետ է թե՛ դպրոցի և թե՛ համայնքի համար: Ի դեպ նշեմ, որ համայնքի ղեկավար Զորիկ Ղազարյանը նաև համատեղության կարգով աշխարհագրություն է դասավանդում դպրոցում: Իսկ այդ հանգամանքն էլ ավելի է նպաստում մեր համատեղ գործունեությանը: Համայնքի աշխատակազմի հետ համագործակցելով՝ ակտիվ մասնակցություն ենք ունենում գյուղում ձեռնարկվող բոլոր հասարակական միջոցառումներին: -Շուտով կավարտվի 2017 թվականը և 2018-ը կմտնի իր լիազորությունների մեջ: Ինչ կմաղթեիք մեր ժողովրդին: -Ամենակարևորը մարդու համար առողջությունն է: Թող բոլորն առողջ լինեն և ուղղորդվեն միայն հաջողություններով: Արցախ աշխարհին մաղթում եմ կայուն խաղաղություն: Ցանկանում եմ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և աշակերտների կոչն ուղղել մեր զինծառայողներին.<<Եղե՛ք, աննկուն և դիմացկուն, մենք վստահում ենք ձեզ և գիտենք, որ դուք մեզ պաշտպանելու համար պատրաստ եք ամեն ինչի>>: Ավարտելով հարցազրույցս Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանի հետ՝ ինքնին պատվեցի առանձնակի հպարտությամբ և ապագայի հանդեպ լավատեսությամբ: Հիրավի, այդ մարդուց անընդհատ կարելի է սովորել, անվարան առաջնորդվել նրա խորհուրդներով և ինչպես ասում են՝ ոտքդ քարին երբեք չի դիպչի: Ու տեղին եմ գտնում հնչեցնել Վ. Հյուգոյի տողերը, որոնք համահունչ են զրուցակցիս. <<Որտեղ խելք՝ այնտեղ և հզորություն>>… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|