ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
23.12.2017 16:06

Քաղաքացիական հասարակության անվտանգությունը (հասարակական անվտանգությունը) կարող է բնութագրվել հետևյալ պարամետրերով՝ սոցիալական արդարություն, քաղաքացիների և հանրության իրավունքների ամբողջություն պետության հետ փոխհարաբերություններում, օրինականության ռեժիմ, քաղաքացիների տնտեսական բարեկեցություն, ժողովրդավարական բազմակարծություն (պլյուրալիզմ), հասարակության  թափանցիկություն կամ անկեղծություն, քաղաքացիական հասարակության ազգային որոշակիություն:

Պետության անվտանգությունը դա պետական և հասարակական երաշխիքների համակարգ է, որտեղ ապահովվում է կայուն զարգացումը, հիմնական արժեքների, կենսագործունեության նյութական և հոգևոր աղբյուրների պաշտպանությունը, մարդու և նրա իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը, սահմանադրական և պետական ինքնիշխանության պաշտպանությունը, ներքին և արտաքին վտանգներից պետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

Իրավական պետության մասին քննարկումների կենտրոնում է գտնվում քաղաքացիական հասարակության և պետության իրավունքի և օրենքների միջև փոխադարձ կապերի մասին հարցը: Քաղաքացիական հասարակությունն ու իրավական պետությունն առաջացել և զարգացել են որպես միջնադարյան աստվածապետության գաղափարի հակազդման ռեակցիա, որպես հանրային և մասնավոր, հասարակության և պետության, իրավունքի և բարոյականության, աշխարհիկ և կրոնական երկատման արդյունք: Կրոնը, բարոյականությունը, գիտությունը, արվեստը սկսում են ամբողջ ծավալով և իրական ձևով գոյություն ունենալ միայն քաղաքական բնութագրիչից հրաժարվելու պահից: Այս ամենը նպաստեց քաղաքական ոլորտից (հանրային իրավունքից) դեպի մասնավոր շահերի ոլորտ (մասնավոր իրավունք) կրոնի, գիտության, գրականության, արվեստի, ինստիտուտների ու կազմակերպությունների ամբողջ կոմպլեքսի վտարմանը, որոնք կոչված էին իրագործելու հանրային կյանքի սոցիոմշակութային և հոգևոր զարգացումը: Դա այն ոլորտն է, որտեղ վնասակար են դասակարգային մոտեցումը, գաղափարականացումը, քաղաքականացումը, պետական միջամտությունը, առավել ևս՝ ազգայնացումը:

Ըստ Կանտի «բարոյական ինքնավարություն» հասկացության՝ իրավական կարգի մասին կարելի է խոսել այնտեղ, որտեղ ճանաչվում է, որ հասարակությունը, պետությունից անկախ, իր տրամադրության տակ ունի միջոցներ և հնարավորություններ, որոնց օգնությամբ և որոնց միջոցով հնարավոր է ստիպել առանձին անհատին պահպանել բոլորի կողմից ընդունված բարոյական նորմերը: Հենց քաղաքացիական հասարակության ինստիտուտներն են (ընտանիք, դպրոց, եկեղեցի, հասարակական հիմունքներով աշխատող կազմակերպություններ, միություններ) ընդունակ նման դերակատարություն ունենալ: Այդպիսի ֆունկցիան, ըստ էության, օտար է պետությանը, և պետությունը հանձն է առնում դրա կատարմանը միայն այն դեպքում, երբ քաղաքացիական հասարակության ինստիտուտները ցուցադրում են իրենց անընդունակությունը վերջինիս իրագործման համար: Եթե քաղաքացիական հասարակության ինստիտուտները չեն կարողանում ապահովել իրավակարգը, այդ դերակատարությունն իրենց վրա են վերցնում պետության իրավապահ մարմինները, որը հետագայում կարող է բերել քաղաքացիական հասարակության անվտանգության փոխարինմանը պետական անվտանգությամբ: Սակայն այդպիսի հասկացություններն իրար չեն համընկնում. որոշակի իմաստով դրանք իրար հակառակ են:

Պետության անվտանգությունը կարելի է բնութագրել այնպիսի պարամետրերով, ինչպիսին են սահմանադրական հասարակական հարաբերությունների պահպանումը, պետական իշխանության ամրապնդումը, տնտեսական հզորությունը, օրինականությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:Դրանք հանդես են գալիս որպես անվտանգության պարամետրեր ու կանխորոշում քաղաքական կայունությունը:

Պետական անվտանգությամբ չեն ծածկվում քաղաքացիական հասարակության գոյության բոլոր կենսական կարևոր պայմանները, որը հատուկ է (տոտալիտար) ամբողջատիրական պետության համար, որտեղ քաղաքացիական հասարակության անվտանգության հարց ընդհանրապես չի առաջանում: Պետական իշխանությունն այստեղ միացյալ է ու անբաժան և իրականացվում է ամբողջ պետական ապարատով: Միացյալ պետական իշխանության հիմքի վրա գործում են պետական մարմինների տարբեր խմբեր, որոնք կարող են բաժանվել ենթախմբերի: Այդպիսի մոտեցումը ստեղծում է պետական մարմինների նորմալ գործունեության ցուցադրանք՝ խանգարելով պետական իշխանության էության ըմբռնմանն ու հարցի պատասխանին. ում է պատկանում իրական իշխանությունը՝ ներկայացուցչական մարմինների՞ն, թե՞ կուսակցական պետական վարչարարությանը:

Նման հայեցակարգը բնութագրական է ամբողջատիրական պետության մեջ անվտանգության ապահովման համար: Անվտանգության ապահովումը բերվում էր պետության կողմից հաստատված իրավակարգի խախտումներից պաշտպանության գործունեությանը, իրավական հրահանգներով ու ցուցումներով մարդկանց վարքի համապատասխանելիության ապահովմանը, ինչպես նաև կիրառելի էր պետության համար, քանի որ չէր առաջանում պետական և քաղաքացիական հասարակության միջև անվտանգությունների տարանջատման խնդիր: Ամենը բերվում էր պետական տարբեր մարմինների միջև իրավապահ գործունեության իրականացման «գործարար ձանձրալի (պրոզաիկ)  աշխատանքի բաժանմանը», որն էլ ամրագրում էր համապատասխան օրենսդրությունը: Արդյունքում անվտանգության հայեցակարգը կառուցվում էր ներքին և արտաքին խնդիրների լուծման միջոցների մասին ուժային մտածելակերպի հիման վրա, այլ ոչ թե՝ շահերի ներդաշնակության հիման վրա. կարգ ու կանոնի պահպանումն ուղղված էր հալածանքներին (ռեպրեսիաներին) ու ճնշումներին, որն ավելի ցայտուն էր տնտեսավարման հարցերում: Ակնհայտ է դառնում, որ անվտանգության հայեցակարգի բարեփոխման ամենակարևոր տարրը շուկայական տնտեսության համակարգում իրավապահ մարմինների դերակատարության հարցն է:

Տ.Ս.Հակոբյան


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter