ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՍԿԵՐԱՆԻ ԷԴՄՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ ԷՐ
23.12.2017 16:08

Արցախի Հանրապետության ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամներ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ռիտա Մնացականյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում ունեցան Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ: Հանդիպմանը հրավիրված էր նաև Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը:

Ռիտա Մնացականյանը ողջունելով ներկաներին՝ նախ անդրադարձավ Պարսկաստանում շուրջ 4 տարի առաջ մի խումբ հայրենասերների կողմից նախաձեռնված ու կազմակերպված <<Թևանիկ>> բարեգործական կազմակերպության գործունեության վրա, որն իրականացնում է սոցիալական մի շարք ծրագրեր: Արդեն իրականացվել են  բարեգործական ծրագրեր նաև Ասկերանի շրջանում: Առանձնակի ուշադրություն է դարձվում կրթական համակարգին:

«Խումբը նախաձեռնել է օժանդակություն ցուցաբերել այն աշակերտներին, ովքեր պատկանում են այս կամ այն սոցիալական խմբին, սովորում են գերազանց և ուսումը կշարունակեն ռազմական ու գյուղատնտեսության բնագավառներում։ Ծրագիրը մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվա ավարտին: «Թևանիկ» խմբի այս ծրագրից ուսանողները կարող են օգտվել մինչև ուսման ավարտը: Ավելին, խումբը կօժանդակի այդ ուսանողներին, որպեսզի նրանք ուսումը շարունակեն բարձրագույն ուսումնարաններում և անգամ պրակտիկա անցնեն արտասահմանում»,- ներկայացրել է Ռիտա Մնացականյանը եւ նշել, որ «Թեւանիկ» խմբի այս ծրագրի նպատակը երկրի համար ռազմական եւ գյուղատնտեսական բնագավառի լավ մասնագետների պատրաստումն է։

Ապա Ռիտա Մնացականյանը դպրոցի տնօրինությանը նվիրեց ՀՅԴ անդամ ԱՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վահրամ Բալայանի <<Արցախի պատմություն>> գիրքը՝ առաջարկելով պատմության դասաժամերին 5-10 րոպե տրամադրել Արցախի պատմությանը:

Ալյոշա Գաբրիելյանը ներկայացրեց ԱՀ ԱԺ-ի <<Դաշնակցություն>> խմբակցության գործունեությունը: Նա անդրադարձավ Սահմանադրության վերաբերյալ խմբակցության տեսակետներին և սկզբունքներին, միաժամանակ խոսեց ՏԻՄ համակարգում սպասվող փոփոխությունների մասին, ինչի կայացումը պետության զարգացման ամենակարևոր ոլորտներից է, և խմբակցությունը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այդ հարցին:

Վահրամ Բալայանն իր ելույթում արժևորելով ուսուցչի դերակատարությունը և կարևորելով նրա անխոնջ և դժվարին աշխատանքը մատաղ սերնդի դաստիարակության գործում՝ նշեց, որ հասարակության մեջ ուսուցիչը միշտ մնում է որպես գաղափարներ տարածող և դրանք ճիշտ մատուցող:

Կանգ առնելով Արցախում տարվող արտաքին և ներքին քաղաքականության վրա՝ շեշտեց, որ արձանագրվել են հաջողություններ, որոնց վրա կարելի է փորձել կերտել վաղվա օրը: 2016 թվականի ապրիլը ցույց է տվել, որ յուրաքանչյուր շարքային քաղաքացի պատասխանատու է իր երկրի հանդեպ և անվարան նրա նվիրյալն է: Այսօր արտաքին ճակատի վրա մեր հիմնական խնդիրն Արցախի միջազգային ճանաչումն է: ԱԺ-ում ներգրավված քաղաքական բոլոր ուժերն ունեն նույն տեսակետները: Իշխանություն-Դաշնակցություն հարաբերությունների,  Սփյուռքում Հայ Դատի գրասենյակների և Արցախի ներկայացուցչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ հաջողվում է առաջ տանել Արցախի ճանաչման գործընթացը:

ԱՀ ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամների հանդիպումը Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ անցավ շատ հետաքրքիր, անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում:

Ներկաները բարձրացրին կրթական համակարգի, դպրոցի ջեռուցման, բարեկարգման հետ կապված հարցեր:

Քաղաքապետ Սամվել Աղաջանյանը մտահոգություն հայտնեց, որ քաղաքում բնակարանաշինություն չի կատարվում: <<Երիտասարդ ընտանիքները այստեղ հնարավորություն չունենալու պատճառով մեկնում են ուրիշ բնակավայրեր՝ բնակարան գնելու, կամ վարձակալելու համար: Պետք է փաստել, որ երիտասարդների մի մասը չի ամուսնանում հենց այդ բացի պատճառով, որն էլ շատ ցավալի է քաղաքի աճի համար>>,-նշեց քաղաքապետը:

Պատգամավորները խոստացան բարձրացված հարցերը քննարկել համապատասխան մարմիններում:

Կարինե Բախշիյան

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter