ԲՈԼՈՐՍ ՊԱՐՏՔ ՈՒՆԵՆՔ ՄԵՐ ԾՆՆԴԱՎԱՅՐԻ ՀԱՆԴԵՊ |
23.12.2017 16:11 |
Խրամորթն Ասկերանի շրջանի սահմանամերձ այն գյուղերից էր, որի ամեն մի սարը, ձորը, քարն ու թուփը կրում է բարբարոս ցեղերի ավերածությունների ծանր դրոշմը։ Գյուղը գտնվելով հետզհետե իր տարածքները մեծացնող Աղդամի հարևանությամբ բազմաթիվ անգամ ասպատակությունների է ենթարկվել։ Պատանեկության տարիներիցս եմ հիշում գյուղի մեծերի զրույցները, թե ինչպիսի անողոքությունների ու անգթությունների է ենթարկվել գյուղը սկսած 1918-20-ական թվականներից։ Գյուղի ճակատագիրն էր՝ պայքարել։ Այն, փաստորեն, թափառական, բարբարոս ու ավարառու ցեղերի թիրախում էր գտնվում։ Խրամորթը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է հրկիզումների, ավերածությունների ու ալան-թալանի։ Սակայն խրամորթցին միշտ ամուր կառչած էր մնում իր արմատներից ու ամեն անգամ փյունիկի նման վեր հառնում մոխիրներից... Արցախյան ազգային - ազատագրական պայքարը չէր կարող անտարբեր թողնել նաև խրամորթցիներին։ Խրամորթցին պայքարեց ու հաղթեց անհավասար մարտում, մաքառեց կյանքի բազում դժվարությունների առաջ ու այսօր հպարտորեն կրում է հաղթանակողի իր պատվաբեր անունը։ Շուրջ 5 տարի է, ինչ Խրամորթի համայնքի ղեկավար է ընտրվել Արգեն Արմենի Մկրտչյանը։ Մարդ, ով ողջ գիտակցական կյանքը նվիրել է գյուղի մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Իսկ արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից կանգնել է Հայրենիքի անվեհեր պաշտպանների շարքում։ Այժմ էլ մտահոգված է համայնքի բնակիչների առջև ծառացած հիմնախնդիրները լուծելու հարցերով՝ ստանձնելով բարդ ու պատասխանատու՝ համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ինչպես Արգեն Մկրտչյանն է նշում, բոլորս պարտք ունենք մեր ծննդավայրի հանդեպ, քանզի բազմաթիվ հերոս տղաներ իրենց կյանքն են զոհաբերել նրա փրկության համար։ Իհարկե, գյուղը բազմաթիվ չլուծված հիմնախնդիրներ ունի, սակայն հմուտ ղեկավարը լավատեսությամբ է լցված գյուղի ապագայի հանդեպ։ Խրամորթն օրեցօր զարգացող ու աճող Արցախյան գյուղերից է, որտեղ երիտասարդությունը հարազատ գյուղում է տեսնում իր ապագան։ Թե ի՞նչ մտահոգիչ հարցեր ու շուտափույթ լուծում պահանջող խնդիրներ ունի Խրամորթն այսօր՝ զրուցեցինք համայնքի ղեկավար Արգեն Մկրտչյանի հետ։ -Պարոն Մկրտչյան, ի՞նչ հիմնախնդիրներ ունի գյուղը։ -Ինչպես գիտեք, Խրամորթն այն սահմանամերձ գյուղերից էր, որը թշնամու կողմից առաջիններից մեկն է ենթարկվել հրետակոծությունների և լրիվությամբ ավերվել։ Զինադադարից հետո գյուղը սկսեց վերականգնվել, սկզբնական շրջանում սեփական ուժերով, այնուհետև բարերարների և պետական միջոցներով կառուցվել է 16 նոր բնակարան, տրամադրվել են նաև շինանյութեր՝ բնակարանների վերանորոգման համար։ Ներկայում գյուղում կա 105 բնակելի տուն։ Գործում է միջնակարգ դպրոց՝ 68 աշակերտով , որը կրում է գյուղի առաջին հրամանատար, §Մարտական խաչ¦ երկրորդ աստիճանի շքանշանակիր Գառնիկ Ավանեսյանի պանծալի անունը։ Խրամորթն ապահովված է բնական գազով, խմելու ջրով, գործում է ինտերնետ կապը։ Գյուղամերձ տարածքներում հիմնադրվել են նռան, խաղողի, խնձորի այգիներ։ Տարվա ցանկացած եղանակի գյուղում պարապ մարդ չես գտնի։ Զբաղվածության հարցը լուծված է, ինչն էլ նպաստում է, որ երիտասարդությունը գյուղում մնա։ - Նշված հիմնախնդիրների լուծումն ինչպե՞ս եք տեսնում։ -Մեծապես ակնկալում ենք պետության և բարերարների աջակցությունը։ Քանի որ հանրապետությունում մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում թե՛ պետական միջոցներով, և՛ թե հովանավորների ֆինանսավորմամբ, համոզված ենք, որ մի օր էլ մեր գյուղին հերթը կհանսի։ -Բավականին աշխատանքներ են կատարվել պետական միջոցների, հովանավորների և գյուղի բնակիչների ուժերով։ Պետական միջոցներով բարեկարգվել են գլխավոր մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհը և գյուղամիջյան ճանապարհները։ Իսկ երիտասարդության ուժերով և շաբաթօրյակների միջոցով բարեկարգվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի, բուժկետի, ակումբի քանդված պատերը, բարեկարգվել է գյուղամիջյան աղբյուրի չորս կողմը, մոտ 1.5կմ հեռավորությունից ջուրը Բախչին գյոլ կոչվող տեղամասից հասցվել է աղբյուրը։ Ի դեպ մինչ այդ աղբյուրի ջուրը ցամաքած էր։ Պոլիեթիլենից խողովակները մեզ տրամադրվել է Լոս Անջելեսի Հայրենիք միության կողմից, իսկ մնացած աշխատանքները կատարվել են մեր բնակիչների ուժերով։ Մասամբ վերանորոգվել են Վերին շենի Աստվածածին եկեղեցու պատերը, մաքրվել եկեղեցու ներսը և հարակից տարածքը։ Աշխատանքներ են տարվել գյուղական գերեզմանոցի տարածքը մոլախոտերից մաքրելու համար։ Մեր մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում Արցախյան ազատամարտում և Մեծ Հայրենականում զոհված խրամորթցիների հիշատակը հավերժացնող հուշարձանների խնամքը, ինչն իրականացվում է դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների ուժերով, և կարծում եմ, նաև յուրօրինակ հայրենասիրական դաստիարակություն է հանդիսանում։ Հատուկ ուշադրություն է դարձվում գյուղի սանիտարահիգիենիկ վիճակին, աղբահանության պարբերականությանը։ Բուժաշխատողների կողմից ամենօրյա հսկողության տակ է գտնվում գյուղի սանիտարական վիճակն ու մաքրությունը։ Գյուղում գործող յուրաքանչյուր օղակ տանում է հետևողական և համակարգված աշխատանք, ինչն էլ ապահովում է դրական արդյունք։ -Համայնքի բնակիչները հիմնականում զբաղված են այգեգործությամբ, անասնապահությամբ։ Սեփական դաշտերում ցանում են աշնանացան մշակաբույսեր, ինչն էլ ապահովում է գյուղացիների ապրուստը։ Սակայն այս տարի կարկուտից բավականին այգիներ և ցանքատարածություններ են տուժել և գյուղացին կրկին վնասներ է կրել։ Չնայած պետության կողմից ստացել են փոխհատուցում՝ սերմացուի տեսքով։ -Համայնքում իրականացվող յուրաքանչյուր աշխատանք մեր բոլորիս ձեռքբերումն է։ Սակայն դրանով չենք բավարարվում։ Աշխատում ենք անել ավելին՝ մեր բնակիչների ապրելակերպը բարելավելու ուղղությամբ։ Ներկայում գյուղում պետական միջոցներով բազմազավակ մեկ ընտանիքի համար նոր բնակարան է կառուցվում։ 2017 թվականին գյուղում կատարվել է 338հա աշնանացան մշակաբույսերի ցանք, նախորդ տարվա 176հա-ի փոխարեն։ Նշեմ, որ ցանկացած նախաձեռնության պարագայում, գյուղում իրականացվող աշխատանքներում խրամորթցիները միշտ պատրաստակամ են ձեռք մեկնելու, աջակցելու։ Ու ես դա համարում եմ ամենամեծ ձեռքբերումը, քանի որ որտեղ՝ միասնություն, այնտեղ՝ հաղթանակ։ Ու այս նշանաբանով էլ շարունակելու ենք աշխատել հետագա բոլոր տարիներին, ի շահ խրամորթցիների սոցիալական պայմանների բարելավման և գյուղի բարգավաճման։ Գյուղում ծագած հիմնախնդիրների լուծման ուղղությամբ մեծ են համագյուղացիներ Հակոբ Ղահրամանյանի, Պետյա Խաչատրյանի և խրամորթցի երախտապարտ զավակների աջակցությունը։ Ինչի համար իմ երախտագիտությունն եմ հայտնում։ -Ինչպես գիտենք, այս տարվա Մարաթոնի նշանաբանն է §Բերքառատ Արցախ¦ և հավաքված գումարի մեծ մասը ներդրվելու է գյուղատնտեսության զարգացմանը՝ նոր այգիներ հիմնադրելու և կաթիլային ոռոգման համակարգի միացմանն անցնելուն։ Այս ծրագրերի իրականացման համար համայնքը նախատեսել և գյուղբաժին է ներկայացրել հայտ՝ արտեզյան 3 ջրհորի կառուցման նպատակով։ Ծրագիրը շատ տեղին և նպատակային է, ինչը հնարավորություն կտա հողօգտագործողներին նոր այգիներ հիմնադրել, գարնանացան մշակաբյուսեր ցանել և մեծ եկամուտ ապահովել։ Կարծում եմ, պետության կողմից առաջադրված ծրագրերը մեր ժողովրդի բարօրության համար են։ Ուստի բոլորս մեր գործելակերպով պետք է նպաստենք դրանց իրականացմանն ու իրագործմանը։
Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ |