ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ, ՀԵՐՈՍ…
26.11.2017 16:14

<<Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը>>. այս խոսքերը պատկանում են Արցախի պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, <<Հայրենիք>>,  <<Ոսկե արծիվ>> և Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանին՝ լեգենդար

Ավոյին:

Նոյեմբերի 24-ին հերոսի ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում կազմակերպվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, Ասկերանի միկրոփնջի հերթական դասալսումների ներկայացած առարկայական ուսուցիչներ, բարձր դասարանների աշակերտներ, շեֆ զորամասի զիվորներ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը.

-1957 թվականին Կալիֆորնիայում ծնված և փայլուն կրթություն ստացած Մոնթեն պատանեկության տարիներին ճամփորդել է ողջ Եվրոպայով, Միջին Արևելքով, այցելել Արևմտյան Հայաստան, որտեղ էլ առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը: Ավարտել է Բերկլիի համալսարանը, ատենախոսություն պաշտպանել <<Ուրարտուի ժայռավոր դամբարանները>> թեմայով, համալսարանում կազմակերպել Հայոց Ցեղասպանություն թեմայով ցուցադրություն: Այնուհետև ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն կիսատ է թողել ուսումը՝ նվիրվելով ազատագրական պայքարին: Կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով, Հռոմում թուրք դիվանագետի վրա մահափորձ կատարելու կասկածով 1981 թվականին ձերբակալվում է Օռլիի օդանավակայանում:

Արդեն 7 լեզվի տիրապետող Մոնթեն 1987 թվականին մեկնում է Լիբանան՝ մայրենի լեզու սովորելու համար: 1990-ական թվականներից նա արդեն հայրենիքում էր:

ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով 1992 թվականի փետրվարի 4-ին նշանակվում է Մարտունու ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ:

Լեգենդար հերոսի անցած մարտական ուղին դպրոցականները ներկայացրեցին անսքող հպարտությամբ: Նրանց համար Մոնթեն կենդանի լեգենդ է, ուժի, ազնվության և պարզության մարմնացում:

Ավո կեղծանուն ընդունած Մոնթեին հաջողվում է անկազմակերպ ջոկատներից կազմել բանակային կուռ համակարգ: Նրա հրամանատարության ընթացքում ազատագրվում է Մարտունու բռնազավթված տարածքի 80 տոկոսը: Ամբողջ տարին նրա ջոկատներն անցկացնում են թեժ մարտերում, կասեցնում թշնամու հարձակումները՝ պատճառելով խոշոր կորուստներ, ապա անցնում հակահարձակման՝ ազատագրելով նոր տարածքներ: 1993 թվականի մարտին Մոնթեն իր ջոկատով մասնակցում է Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին և ապրիլի սկզբներին ղեկավարում Քարվաճառի ազատագրման գործողությանը: Մարտունի վերադառնալով՝ Մոնթեն սկսում է Աղդամի շրջանի կրակակետերի ոչնչացման գործողութունը:

1993 թվականի հունիսի 12ին ավարտվեց նրա երկրային կյանքը, իսկ նա ընդամենը 36 տարեկան էր…

Միջոցառումն ուղեկցվում էր Մոնթեին նվիրված տեսանյութերով, իսկ դպրոցականների ասմունքը, հայրենասիրական երգերի շարքը մեծ շուք էին հաղորդում և ոգևորում ներկաներին: Երեխաների ելույթները բխում էին նրանց հոգու խորքից: Չէ որ ներակայցնում էին հայ ազգի բացառիկներից մեկին, ում ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր:

Տանկային զորամասի զինվորներ Էդվարդ Ավդալյանի և Վաչե Մովսեսյանի երաժշտական կատարումներն ավելի մեծ խանդավառություն պարգևեցին միջոցառման մասնակիցներին: Տղաներն այս կրթօջախի լավագույն ու սպասված հյուրերն էին և միշտ էլ հիանալի իրենց ելույթներով կարողանում են նվաճել ունկնդիրների սրտերը:

Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին նվիրված միջոցառման վերջում տեղի ունեցավ Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի Զարթոնք ՄՊ 10-րդ դասարանի աշակերտների հանդիսավոր երդման արարողությունը: Ընդունվելով Հայկազունների խումբը և հանդիսավոր երդում տալով՝ նրանք խոսք տվեցին, որ հերոսական ժողովրդի և հերոսների արժանի հետնորդներն են լինելու:

Հուզմունքով էր պատված կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանի խոսքը.

-1993 թվականի ամառային այդ օրը, երբ լսեցինք չար լուրը, կարծես թե մի պահ կյանքը կանգ առավ բոլորիս համար: Ասես ձյուն մաղվեց, կրակներ թափվեցին և թվում էր, թե այլևս ի վիճակի չենք լինելու առաջ գնալ ու պայքարել: Սակայն մեր մեջ ուժ գտանք, և դա վրեժի, ցասման ուժն էր…Գնացինք և հասանք մինչև մեր այսօրվա օրը:

Այս գեղեցիկ և հավուր պատշաճի կազմակերպված միջոցառումը պետք է մեր այսօրվա սերնդին: Սա հայրենասիրական լավագույն դասերից մեկն էր, որին կարող ենք տալ բարձր գնահատական: Մեր դպրոցականներն արժանին մատուցեցին ամենաազնիվ զինվորականներից մեկին՝ լեգենդար հերոս Մոնթեին: Շնորհակալություն միջոցառման կազմակերպիչներին, աշակերտներին և մեր սիրելի զինվորներին: Թող Աստծո աջը միշտ լինի մեր զինվորների գլխավերևում, քանզի նրանք կատարում են ամենավեհ գործը՝ հայրենիքի պաշտպանությունը:

Իրավմամբ, օրվա խորհուրդն անգնահատելի էր: Մեծարվեց մի հերոս, ով իր գործելակերպով, անբասիր մաքրությամբ նոր իմաստ հաղորդեց հայրենասիրություն, արդարություն, ազնվություն, նվիրվածություն կոչվող արժեքներին: Դեռևս իր կենդանության օրոք լեգենդ դարձած Մոնքե Մելքոնյանն իսկական զորավար էր, ամենաազնիվ հայը, մեր ազատագրական պայքարի ամենափայլուն, ամենաոգեղեն գործիչներից մեկը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter