ՄԱՐԴ ՄԻ ՔԻՉ ԱՎՈ ՊԻՏԻ ԼԻՆԻ
27.11.2017 16:16

Նա եկավ Հայրենիքի մասին ունեցած իր իմացություններն ամրագրելու և պատմական իրողություններն արդարացիորեն վերականգնելու հաստատ վճռականությամբ: Նա իր ռազմական անվիճելի տաղանդի, հմտության ու փորձառության, անթերի բարոյական նկարագրի և վարքի շնորհիվ Արցախը պաշտպանող ռազմիկների մեջ արագորեն դարձավ անվիճելի առաջատար, առաջնորդ: Եկավ ու դարձավ զինվոր, հրամանատար, մարդ-լեգենդ: Մոնթե Մելքոնյանն անձնազոհ կերպով նետվեց Արցախի ազգային-ազատագրական պատերազմի բոցերի մեջ, կանգնեց իր ժողովրդի մոտ ամենաօրհասական պահին, եկավ որ պես զինվոր։ Նա անմիջապես իր հրամանատարության տակ վերցրեց Մարտունու շրջանում տարանջատ գործող ինքնապաշտպանական ջոկատների միավորման և կանոնավոր զինուժի ստեղծման հիրավի պատասխանատու գործընթացը: Նա և՛ խրամատում էր, և՛ ժողովրդի մեջ: Մոնթեն շատ խիստ էր, և կարող էր խիստ պատժել մարտի դաշտում կատարած սխալների համար, բայց և գիտեր խղճալ, ներել: Նա օրինապահ էր, կարողանում էր հարգել կարգ ու կանոնը, և նույնն էլ սովորեցրեց իր զինվորներին: Լեգենդար հրամանատարի ղեկավարած գունդը սեղմ ժամկետում ոչ միայն վնասազերծեց շրջանին մերձակա թշնամական խոշոր ռազմահենակետերը, այլ ակտիվ մասնակցություն ունեցավ Մարտակերտի բռնազավթված տարածքների ազատագրման, Քարվաճառի և Աղդամի շրջանի հարավ-արևմտյան ռազմակայանների ոչնչացման մարտերին: Նա իր օրինակով վարակեց մեզ՝ վերականգնելու հայի կորցրած հավատը: Համոզված ենք, որ նա բազմելու է բոլոր ժամանակների հավերժող երևելիների անդաստանում:  Այսօր մենք փաստում ենք, որ Մոնթեն իր վերաբերմունքով, գործելակերպով հայրենասիրություն սերմանեց և ցուցաբերեց, որով կներշնչվեն դեռ բազում սերունդներ:

Նոյեմբերի 25-ին լրացավ ՀՀ ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոյանի ծննդյան 60-ամյակը, որի կապակցությամբ, այս տարի ևս Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ: Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, պաշտպանության բանակի սպաները:

Մեծ սիրով ու պատասխանատվությամբ եմ ամեն տարի կազմակերպում այս ու բոլոր այն միջոցառումները, որոնք նվիրված են լինում ազգիս հերոսների հիշատակի հավերժացմանը և հայրենասիրության վառ օրինակ են հանդիսանում մատաղ սերնդի մոտ՝ մեր հերոսների անցած ուղին և կատարած սխրանքները որպես հայրենասիրության դաս մատուցում ներկա սերնդին:

Բարձր դասարանի աշակերտների հետ պաշտպանության բանակի սպաները կազմակերպեցին արիության դաս, ներկայացվեց հերոսի հայրենանվեր կյանքը, նրա գործունեությունն ու մարտական ուղին: Ցերեկույթի ընթացքում հանդես եկան դպրոցի աշակերտները, ներկայացրեցին հերոսի կյանքն ու գործունեությունը: Աշակերտների կողմից հնչեցին նաև հայրենասիրական երգեր:

Ցերեկույթից հետո դպրոցի ԴԱԿ Հասմիկ Անդրյանն առաջին դասարանցիներին ընդգրկեց Զարթոնք մանկապատանեկան կազմակերպության Աստղիկների խումբը: Աշակերտները երդվեցին լինել հայրենասեր և շարունակեն մեր հերոսների կիսատ թողած գործը:

Մոնթե Մելքոնյանի ամենավսեմ պարգևը պատմական Հայրենիքի մի բեկորի՝ Արցախի ազատագրումն էր:

Փառք ու պատիվ քեզ հերոս…

Նանա ԱՂԱՋԱՆՅԱՆ


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter