ԱՆԱԿՆԿԱԼԸ ՀԱՃԵԼԻ ԷՐ ԵՎ ՈԳԵՎՈՐԻՉ… |
23.12.2017 16:38 |
Իրանում գործող <<Թևանիկ>> բարեգործական միության կողմից այս անգամ նվեր էր նախատեսվել հենց այս կրթօջախի համար, որը կրում է Արցախյան պատերազմում զոհված հերոս քաջորդի, <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Կայծեր Շահբազյանի պատվավոր անունը: Ուշադրության կենտրոնում պահելով այս դպրոցը՝ թևանիկցիների և նրա պատասխանատուների ցանկությունը մեկն է. Սարդարաշենում ծնված և ապրող մանուկը լինի ավելի զարգացած և առաջադեմ ու կարողանա նպաստել հզոր և կայուն հայրենիքի կերտման գործին: Կրթօջախի համար նախատեսված էր համակարգիչ: …Առաջին անգամը չէինք այստեղ, և ինչպես միշտ, Սարդարաշենում անկեղծ խանդավառությամբ դիմավորեցին մեզ: Դպրոցում, որտեղ սովորում է ընդամենը 7 աշակերտ, հանդիսավոր զարդարված էր տոնածառը և անմիջապես աչք էր շոյում: Լուսավոր, մաքուր և կոկիկ դասասենյակները խոսուն վկա էին, որ դասերն ընթանում են հավուր պատշաճի: Միայն ափսո՜ս, որ աշակերտներն այդքան քիչ են, դպրոցում չկա երբեմնի աշխուժությունը, աշակերտների ակտիվ անցուդարձը… Բարեգործական նախաձեռնության պատասխանատուն ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Ասկերանի կառույցի ներկայացուցիչ Ալյոշա Գաբրիելյանն էր: Ներկա էր համայնքի ղեկավար Հայկ Հակոբյանը: Ալյոշա Գաբրիելյանը ողջունելով դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներին՝ նշեց, որ իր համար շատ հաճելի է լինել հերոսներ ծնած Սարդարաշենում. -Իհարկե, ցավալի է, որ գյուղը կանգնած է կործանման եզրին: Այսօր մեր երկրում մշակվում է ծրագիր, թե ինչ անենք, որպեսզի չփլվեն մեր գյուղերը, շատանա բնակչության թիվը: Ինչ խոսք, կարևոր է ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը, ծնելիության խրախուսումը: Ուրախալի է, որ օրեցօր շատանում են նորաստեղծ ընտանիքները և Արցախում արձանագրվում է բնական աճ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է անի հնարավորը, որպեսզի կանխվի արտագաղթը և մեր հայրենակիցները վերադառնան Արցախ: Մտածենք մեր ապագայի մասին և միշտ գիտակցենք, որ մեր երկրից լավ տեղ չկա: Ալյոշա Գաբրիելյանը ներկայացնելով Թևանիկ բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ տեղեկացրեց, որ իրականացնելով տարաբնույթ բարեգործական ծրագրեր՝ <<Թևանիկ>>-ն իր գերակա ուղղություններից մեկը համարում է նաև կրթական ծրագրերի իրականացումը: Ինչ խոսք, թևանիկցիները կօգտագործեն ամեն մի առիթ աջակցելու Արցախի դպրոցների կրթական մակարդակի զարգացման համար: Դպրոցի տնօրեն Նունե Սևլիկյանը դպրոցի և սարդարաշենցիների անունից շնորհակալություն հայտնեց <<Թևանիկ>> բարեգործական կազմակերպությանը նման հայրենանվեր գործ կատարելու համար. -Ցավալի փաստ է, որ այսօր մեր դպրոցը միջնակարգի կարգավիճակից անցել է հիմնականի: Պառճառն այն է, որ շատ ընտանիքներ տեղափոխվում են ուրիշ բնակավայրեր և դա անում են տարբեր պատճառներով: Այսօր մեր դպրոցում սովորում են ընդամենը 7 աշակերտներ, ովքեր 2 ընտանիքների երեխաներ են: Մտավախություն ունենք, որ մոտ ապագայում դպրոցը կարող է փակվել, քանի-որ գյուղում բնական աճ համարյա չկա: Սակայն պետք է փաստեմ, որ մեր աշխատանքը կատարում ենք ամենայն պատասխանատվությամբ, աշակերտներին տալիս ենք նորմալ ուսուցում և հայեցի դաստիարակություն: Հպարտությամբ եմ շեշտում, որ հայրենասիրական ոգին միշտ եղել և մնում է բարձր մեր երեխաների մոտ: Կցանկանայի, որ կառավարության կողմից մշակվեր ինչ որ մի ծրագիր այսօրինակ գյուղերը փրկելու համար: Պետք է նշեմ, որ թևանիկցիների կողմից ստացված համակարգիչը որոշիչ դեր ունի մեր դպրոցի համար: Շնորհակալություն բարեգործներին և հույս ունենք, որ այս բարեգործությունները շարունակական կլինեն: Հիրավի, օրվա խորհուրդը նշանակալից էր: Հաճելի, բաց և անկեղծ զրյուցի ընթացքում խոսվեց մեր երկրի ապագայի, գյուղի առկա և ցավոտ խնդիրների, մատաղ սերնդի դաստիարակության մասին: …Բայց գիտեք, բոլորի դեմքին կար հույսի մի շող, որ երբեմնի շեն գյուղը չի վերանա, կշարունակի ապրել՝ հաղթահարելով բոլոր տեսակի խոչընդոտները: Դա ասում էին երեխաների անմեղությամբ լեցուն աչքերը, նրանց ուրախ խինդն ու ծիծաղը… Հուսանք, որ Սարդարաշենի փողոցները կլցվեն մանկան ճիչերով, դպրոցի դասասենյակները կնեղվեն աշակերտների քանակից, իսկ ուսուցիչներն իրենց աշխատանքը կկատարեն ավելի մեծ պատասխանատվությամբ: Դե, իսկ մեր բարերարները թող շարունակեն իրենց գործունեությունը՝ հանուն մեր երկրի վաղվա օրվա… Հ.Գ. <<Թևանիկ>> բարեգործական կազմակերպության կողմից մեկ համակարգիչ նվիրաբերվել է նաև Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցին: Այն ներկայացրել է ԱՀ ԱԺ պատգամավոր, <<Դաշնակցություն>> խմբակցության անդամ Ռիտա Մնացականյանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|