ՀԱՅԿՈՒՇ ԱՐԱՐԱՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ |
27.12.2017 11:14 |
Կան մարդիկ, ովքեր ասուպի պես բոցկլտում են երկնքում և անհետանում` իրենց հետևից թողնելով անջնջելի հետագիծ, ում մասին խոսում են ակնածանքով, հիացմունքով և հպարտությամբ: Այդ երանելիներից մեկն էլ Հայկուշ Արարատի Միրզոյանն է, ում ապրած կյանքը մի յուրօրինակ դաս է մատաղ սերնդի համար, մաքառելու, ապրելու, պայքարելու, արարելու մի անմոռանալի դաս … Հայկուշ Արարատի Միրզոյանը ծնվել է Մարտունու շրջանի Աշան գյուղում 1963թ. սեպտեմբերի 26-ին Արարատ և Համեստ Վարդանյանների ընտանիքում: Ընտանիքի առաջնեկն էր, ուներ քույր ու եղբայր: Միջնակարգ կրթություն է ստացել Աշանի միջնակարգ դպրոցում, այնուհետև 1981թ կրթությունը շարունակել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում` և’ դպրոցը, և’ բուհը ավարտելով գերազանցությամբ: Մերժելով Երևանում մնալու բոլոր գայթակղիչ առաջարկները` ապագա ամուսնու` Սամվել Միրզոյանի հետ վերադարձել է հայրենի Արցախ, ամուսնացել` լույս աշխարհ բերելով երեք դուստրերին: Մանկավարժական գործունեությունը սկսել է Սառնաղբյուրի ութամյա դպրոցից, ուր աշխատում էր որպես ֆիզիկայի ուսուցչուհի: Այնուհետև տեղափոխվել է Խնձրիստանի միջնակարգ դպրոցը: 1989 թվականի սեպտեմբերից աշխատում էր Նախիջևանիկի միջն. դպրոցում` որպես ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի: Եղել է նաև դասվար: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, թշնամին գրավեց և ավերեց Վարդաձոր և հարակից գյուղերը: Հայկուշ Միրզոյանը ընտանիքի հետ տեղափոխվեց Ստեփանակերտ: Սակայն ցուրտ ու մութ տարիները չկոտրեցին նրան:Նա այն հերոս ուսուցիչներից մեկն էր, ովքեր իրենց կոչմանը հավատարիմ մնալով, արհամարhելով թշնամու ռմբակոծիչ ինքնաթիռների մահաբեր ձայները, արկերի պայթյունները, ամեն օր Ստեփանակերտից ոտքով մեկնում էին Մայլիբեկլու (այժմ Աջափնյակ) գյուղը, այնտեղ բացված Նախիջևանիկի միջնակարգ դպրոցում դասավանդելու: Հենց նրա ու նրա նմանների անկոտրուն կամքի շնորհիվ պահպանվեց դպրոցը: Գյուղն ազատագրելուց հետո նա առաջիններից մեկն էր, ով հետ վերադարձավ և իր ողջ էությամբ, ուժով նվիրվեց մատաղ սերնդի կրթության գործին: Նա իսկական հայ կնոջ կերպար էր, ով կյանքի բոլոր փորձություններին դիմակայեց ամուսնու հետ թիկունք թիկունքի տված, մեծացրեց երեք դուստրերին` բոլորին տալով բարձրագույն կրթություն: 2012թվականից նա Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն էր և իր խորհուրդներով միշտ օգնում էր բոլորին: Մանկավարժական և մեթոդական բարձր պատրաստվածությամբ, բազմակողմանի զարգացա, բազմափորձ ուսուցչուհին իր վաստակի համար ԼՂՀ Նախարարի կողմից պարգևատրվեց <<Երախտագիտության համար>> մեդալով: Հայկուշ Միրզոյանը բարոյական վեհ արժանիքներով օժտված մեծատաով մարդ էր, ով վայելում էր գործընկերների, աշակերտների և ողջ հասարակության հարգանքը: Շուրջ 12 տարի նա անտրտունջ պայքարում էր իրեն բաժին հասած վերջին փորձության` ծանր հիվանդության դեմ` շարունակելով իր հայրենանվեր գործը: Երբեք չէր ընկրկում դաժան հիվանդության առջև, չէր վհատվում, միշտ լավատես էր և սովորեցնում էր բոլորին պայքարել ամեն ինչի ` անգամ մահվան դեմ: Բայց, ավա~ղ, բազում փորձություններից պատվով դուրս եկած ուսուցչուհին, այս անգամ ինչպես ինքն էր ասում չկարողացավ հաղթել Գաբրիել հրեշտակին: Ասում են` Աստված լավերին միշտ իր մոտ է տանում… 2017թ դեկտեմբերի 18-ին դաժան մահը խլեց կյանքի 54 գարունը բոլորած հոգատար մոր, անկրկնելի տատիկի, լավ կնոջ… մեծատառով մարդու կյանքը: Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի ողջ կոլեկտիվը, Ասկերանի շրջվարչակազմի կրթության բաժնի ողջ անձնակազմը սգում են սիրելի գործընկերոջ վաղաժամ մահը, կիսում կորստյան ցավը, ցավակցում հարազատներին: Նրա անունը միշտ վառ կմնա գործընկերների, սաների, առհասարակ բոլոր ճանաչողների սրտերում:
Նախիջևանիկի միջնակարգ դպրոցի կոլեկտիվ, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժին
|