ԳԻՐ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԴԱՎԹԱՐ ՍԻՐԵ…
27.12.2017 11:38

Ասկերանի շրջանում շարունակվում են հայ միջնադարյան տաղերգուներից մեկի՝ անզուգական Նայաթ-Նովայրի ծննդյան 305-ամյակին նվիրված միջոցառումները։ Դեկտեմբերի 21-ին նմանատիպ միջոցառում տեղի ունեցավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Միջոցառմանը, որը կազմակերպվել էր հայոց լեզիվ և գրականության բազմավաստակ ուսուցչուհի Մագուրա Հարությունյանի

նախաձեռնությամբ և դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ՝ ներկա էին դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները՝ տնօրեն Մարելլա Ավանեսյանի գլխավորությամբ։

Ողջունելով ներկաներին Մ. Հարությունյանը կարևորեց Սայաթ - Նովայի դերն ու նշանակությունը հայ տաղերգության մեջ։

- Հայ տաղերգության լեռնաշղթայի բարձր գագաթներ են հանդիսանում Ֆրիկը, Կոստանդին Երզնկացին, Նաղաշ Հովնաթանը, Գրիգոր Աղթամարցին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ Նաղաշը։ Եվ մեծ համոզվածությամբ կարող ենք ասել, որ Սայաթ-Նովան հայ տաղերգության լեռնապարի բարձրագույն գագաթն է, քանզի 13-18-րդ դարերի այդ նշանավոր տաղերգուների համաստեղության մեջ նա փայլում է որպես առաջին կարգի մեծության աստղ, ով իր բանաստեղծական հանճարի ուժով ժողովրդական-աշուղական արվեստը հասցրեց համաշխարհային պոեզիայի աստիճանի։ Սայաթ-Նովան այն երգիչներից էր, ում փառքը շարունակվում է առայսօր։ Նա դեռևս իր կենդանության օրոք պիտի փակեր ականջները, որպեսզի այդ փառքի աղմուկից չհոգներ, որովհետև այն ինչպես ծուխ ելավ թոնրի միջից և բույրը հանձնեց դարերին,- ասաց Մ. Հարությունյանը։

Աշակերտները ներկայացրեցին Սայաթ-Նովա տաղասացի, սիրո քնարերգուի, անզուգական աշուղի կյանքն ու հարուստ ստեղծագործական կենսագործունեությունը։

Սայաթ-Նովան ծնվել է 1712 թվականին՝ Թիֆլիսում։ Հայրը հալեպցի էր, մայրը՝ հավլաբարցի։ Վաղ հասակից նա գրաճանաչ է դարձել, աշխարհաճանաչություն ձեռք բերել առօրյա շփումների, բնատուր, բանաստեղծական և երաժշտական ձիրքի, բացառիկ սուր ուշիմության շնորհիվ։ 12 տարեկան հասակում տրվել է ջուլհակության։ Սակայն բուռն սեր ունենալով աշուղական արվեստի և գլխովին նվիրվել երգին ու երաժշտությանը։ Նա ջանասիրությամբ յուրացրել ու կատարելագործել է հայազգի աշուղ Դոստիից սովորած արվեստը, ապա միանգամից ձեռք բերել ինքնուրույնություն և հռչակ, ընդունել Սայաթ-Նովա աշուղական մականունը։ Նա ստեղծագործել է հայերեն, վրացերեն և թուրքերեն։ Երգչի հայերեն և թուրքերեն երգերն ու խաղերը պահպանվել են իր իսկ ձեռքով գրված մատյանում, որը հայտնի է Դավթար անունով և պահպանվում է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Ընդհանուր հաշվով հայտնի է Սայաթ-Նովայի շուրջ 230 երգ։

1742 թվականին վրաց Հերակլ երկրորդ թագավորի հրավերով Սայաթ-Նովան դարձել է պալատական երգիչ, որտեղ էլ տեսել և ինքնամոռաց նվիրական սիրով սիրահարվել է թագավորի քրոջը՝ Աննա Բատոնաշվիլիին։ Այդ սերն էլ երիտասարդ երգչի համար դարձել է ներշնչող ուժ և միաժամանակ ճակատագրական դեր խաղացել նրա կյանքում։ 1759թ. արտաքսվելով պալատից Հերակլ թագավորի հարկադրանքով ձեռնադրվել քահանա՝ ստանալով Տեր-Ստեփանոս անունը։ Պալատական գրիչը դառնում է ծխական քահանա։  Ապա ամուսնացել է լոռեցի Մարմարի հետ։ Ունեցել է 4 զավակ՝ Մելիքսեթ, Օհան, Մարիամ և Սառա։

Ընդամենը մեկ դասաժամի ընթացքում աշակերտները կարողացել են հանդիսականին ներկայացնել 18-րդ դարի համաշխարհային ճանաչում գտած աշուղ-քնարերգուի ամբողջական կերպարը, նրա տառապանքներով լեցուն կյանքն ու սրտամաշ սերը։ Սայաթ-Նովան արդարության ու բարության, սիրո ու գեղեցկության երգիչ է: Նրա սիրերգությունն ունի համամարդկային բովանդակություն, արժևորում է կյանքը, մարդու ազնիվ ու վեհ ձգտումները: Սիրած կնոջ նկատմամբ ասպետական հիացմունք, անդավաճան նվիրվածություն և ջերմ կարոտ՝ ահա այն ընդհանուր գծերը, որ բազմապիսի հուզական նրբերանգներով, գունեղ և ինքնատիպ պատկերներով արտահայտվել են նրա խաղերում: Երգիչը սիրո մեջ է տեսնում կյանքի իմաստն ու երջանկությունը: Նրա երգածը, սակայն, առավելապես անհասանելի սերն է, որն այրում, փոթորկում է բանաստեղծի սիրտը, առաջ բերում ցավ ու տառապանք: Սայաթ-Նովայի գովերգած կինը պաշտելի է, արտակարգ գեղեցկությամբ և անսահման թովչանքով օժտված մի բացառիկ ու բարձրաշխարհիկ աձնավորություն։

Չնայած Սայաթ-Նովան իր խաղերում բերել է արաբերենից, պարսկերենից, թուրքերենից փոխառություններ, ինչը դժվարացնում է նրա խաղերի ընկալումը, սակայն 10-րդցիներն իրենց հոգեթով ու խորաթափանց արտասանությունների, երգերի, պարերի միջոցով արտահայտեցին իրենց համակրանքն ու հրամցրեցին միջոցառման մասնակիցներին աշուղի ամբողջական կերպարը։ Հիրավի, վաստակաշատ ուսուցչուհին կարողացել է աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել մի ամբողջ ժողովրդի պարծանք, անմաշ ու անմահ Սայաթ-Նովայի հանդեպ, քանզի ով նրան մեկ անգամ լսեց, մյուս անգամ ավելի սիրով կլսի, կսիրի, և այլևս չի դադարի սիրելուց։

Աշակերտները ներկայացրեցին աշխարհի մեծերի կարծիքները Սայաթ - Նովայի մասին, նրա հանճարի մեծության և վեհության մասին։ Ինչպես ասել է Մարտիոս Սարյանը՝ այսպիսի մեծություններ աշխարհում քիչ են ծնվում։ Հայ ժողովուրդն, իրոք, կարող է հպարտանալ իր հանճարեղ զավակով։ Սայաթ-Նովային հայ ժողովուրդն օժտել է անզուգական քանքարով, բայց ամենամեծ ժառանգությունը, որ թողել է այդ հանճարը դա նրա անմահ երաժշտությունն է։ Նա իր երգերով կարող է խոսել աշխարհի բոլոր ժողովուրդների հետ։

- Անկասակած Սայաթ-Նովան մի հոյակապ սիրահար էր՝ բռնված ու բռնկված սիրո հրդեհով, զգում է, որ էրվում, վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, վեհ ու վսեմ՝ որպես աշխարհքի ու մարդու մեծ բարեկամ։ Ու ինչպես Սայաթ-Նովան կասեր գիր սիրե՛ք, ղալամ սիրե՛ք, դավթար սիրե՛ք,- ամփոփելով օրվա միջոցառումը՝ պատգամեց Մ. Հարությունյանն աշակերտներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter