ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
27.12.2017 11:40

Հայ կնոջ, նրա բարոյական կերպարի մասին խոսելիս կարող ենք թվարկել բազմաթիվ առավելություններ։ Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը, որի գերակա խնդիրն առողջ սերնդի դաստիարակությունն է։  Նա միշտ իր տղամարդու կողքին է, հեշտ և դժվարին պահերին։ Ամուսնու հետ նա և՛ բահ է բռնել  հավասարապես, և՝ զենքը։

Արցախյան ազատամարտում նորովի թրծվեց, վերաիմաստավորվեց հայուհու ոգու ամրությունն ու կամքի ուժի տոկունությունը։ Տեղին է ասված, որ հայ կինը ծնվել է ոչ թե աղեկտուր լացելու, այլև հերոսանալու համար։

Արցախյան ազատամարտում բազմաթիվ կանայք այրիացան, բայց նաև ուժ գտան իրենց մեջ արիանալու ու իրենց հերոս ամուսինների անունն ու պատիվը բարձր պահելով՝ դարձան իրենց զավակների համար հենք ու հենասյուն։ Թե ինչպիսի դժվարությունների միջով են անցել՝ կիմանան միայն նրանք։ Ցավ ու կսկիծ սրտներում՝ ատամները սեղմած, հոգու խորքերում փայփայած

չասված խոսքեր…

Անդարձ կորած երազանքներով, տառապանքներով լեցուն  տարիներ գլորվեցին…։ Ու այս ամենին դիմանալ էր պետք, դիմանալ հանուն երեխաների, որոնք հոր գուրգուրանքին ու գոտեպնդող խոսքին կարոտ էին, հոր գրկում թռվռալը, խրատներն ու խորհուրդները միայն երազանք էին, անկատար երազանք։ Սարերի տոկունություն ու լեռների ամրություն էր պետք, սակայն դիմացան նրանք, որոնցից շարտերն իրենց հոգու անսպառ սերն ու ջերմությունն այժմ տալիս են թոռնիկներին։

Նման հայկական ավանդական օջախի պահապանն ու հենարաններից մեկն է Լաուրա Բեգլարյանը, մարդ ով ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է շրջանի երեխաների բժշկական սպասարկմանը։

Լաուրա Վազգենի Բեգլարյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 10-ին, Ասկերանում։ Ավարտել է տեղի միջնակարգը և ընդունվել Ստեփանակերտի բժշկական տեխնիկումը։ 1987-ին այն ավարտելով՝ ստացել է մանկական բուժքույրի որակավորում։ 1988-ի դեկտեմբերի 31-ին ամուսնանալով տեղաբնակ Կամո Բեգլարյանի հետ, կազմեցին գեղեցիկ հայկական ընտանիք, որին խոստումնալից  ապագա էր սպասվում։ Թվում էր Նոր տարվա հետ նորովի կբացվի նորաթուխ ընտանիքի այգաբացը։ Եվ զարթոնք ապրող ղարաբաղյան հարցը խաղաղությամբ կհանգուցալուծվի։  Սակայն գնալով իրադրությունն Արցախում ավելի էր շիկանում և երիտասարդությունը հակվում էր այն համոզմունքին, որ առանց զենքի չեն հասնի բաղձալի ազատությանն ու անկախությանը։  Սկիզբ առած Արցախյան ազգային ազատագրական պայքարը նաև այս ընտանիքի անդորրը խաթարեց, խեղաթյուրվեց ընտանիքի ճակատագիրը։ Իսկ ամեն ինչ այնքան գեղեցիկ էր սկսվել…

Լաուրա և Կամո ամուսիններն ընդամենը 3.5 տարի ապրեցին մի հարկի տակ։ 1989-ին ծնվեց առաջնեկը՝ Էլինան։ Այնքան մեծ էր ուրախությունն ու բերկրանքը, ու թվում էր մանկիկի ծննդով պիտի վերանային աշխարհի պատերազմներն ու անհաշտությունները։ Այո՛, աշխարհին մանկան անաղարտ մաքրությունն էր պետք, սակայն հարկ եղավ, որ մանուկների խաղաղ ու անհոգ գիշերները հսկողներն ու պաշտպանողները զենք վերցնեին ու պապենական հողերի ամեն մի թիզը պաշտպանելու համար կյանքով հատուցեին։ Թիկունքում թողնելով շեն օջախներն ու հարազատներին՝ անվեհեր տղաներն անհավասար մարտի ելան։ Այդ տղաներից մեկն էր Կամո Բեգլարյանը։ Իսկ երբ 1991-ին ծնվեց արու զավակը՝ Ռաֆայելը, Կամոն վերջնական վճիռ կայացրեց՝ իր զավակները պետք է ապրեն միմիայն խաղաղ և ազատ երկնքի տակ։

Կամո Բեգլարյանը ծնվել է 1964թ. հունվարի 16-ին, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում։ Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ինքնապաշտպանական ջոկատի կազմում էր, ապա կազմավորված պաշտպանական բանակի անվեհեր մարտիկներից մեկը։  Մասնակցել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտերի, որոնցից մեկի ժամանակ էլ նահատակվել է։ Դա 1992թ. հունիսի 26-ին էր։ Հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով։ Նա զոհվել է կնոջ փխրուն ուսերին թողնելով երկու մանկահասակ երեխաների խնամքն ու հոգատարությունը։

-Կամոյի զոհվելուց հետո ասես երկնակամարը փուլ էր եկել գլխիս։ Սակայն նայելով 2.8 տարեկան Էլինային և ընդամենը 8 ամսական Ռաֆայելին հասկացա, որ այսուհետ պատասխանատու եմ նրանց ամեն մի մազի համար։ Ասում են՝ դարդը տվին սարերին սարերը չտարան, դարդը տվին մարդուն, մարդը լուռ տարավ։ Հո մենակ ես չէի, ամբողջ հայ ազգն էր տառապում կորստյան ցավով։ Հանուն երեխաներիս ես պատրաստ էի նույնիսկ դժոխքի միջով անցնել, միայն թե նրանք ողջ առողջ լինեն։ Ու փառք Աստծո, այսօր արդեն իրենք են ինձ օգնում,-  ասում է Լաուրան և նրա տառապած դեմքին անհնար է չնկատել անհուն կարոտի ու մորմոքող ցավի դրոշմը, որը մեկեն վերածվում էր հպարտության։

Իսկ ինչո՞ւ հենց մանկաբույժի մասնագիտությունն է ընտրել հարցին զրուցակիցս պատասխանում է, որ իրեն հոգեհարազատ են մանկական հոգիները, նրանց հետ ամեն օր շփվելով, նրանց անաղարտ հոգիներին հաղորդակից լինելով  կյանքն ավելի դյուրին է դառնում։ Դա է թերևս պատճառը, որ շրջանում նրան գիտեն որպես սրտացավ ու ցանկացած պարագայում օգնության ձեռք մեկնող անձնավորության ու իր գործին գիտակ մասնագետի։

- Մոր մասին բանաստեղծություններ կարդալիս, երգեր լսելիս, մոր կրած տառապանքների ու տանջանքների մասին կարդալիս միշտ համեմատական եմ անցկացնում մորս հետ։  Անթաքույց հպարտությամբ ենք լցվում, որ նման մայր ունենք։ Հիմա ենք հասկանում, որ նա բազում զրկանքներ է կրել, սակայն մենք ոչնչի կարիք չենք զգացել։ Նույնիսկ ցույց չի տվել իր հոգու խռովքը, դժգոհությունը։ Ես ու եղբայրս ամեն կերպ փորձում էինք մեզ այնպես պահել, որ նա չմտահոգվի, որ քիչ մտածմունք ունենա։ Ի՞նչ կարող են ասել երեխաներին իրենց ծնած, սնած ծնողին՝ միայն երախտիքի խոսքեր։ Մայրս մեզ համար և՛ հայր էր, և՛ մայր ու ամեն կերպ փորձում էր լրացնել  այդ բացը՝ մեր մատաղ սրտում մշտարթուն պահելով սերն ու ջերմություն մեր հերոս հոր հանդեպ։ Իսկապես մայրը միակ Աստվածն է, որն ուրացողներ չունի։ Ուստի միշտ  հնազանդ լինենք նրանց, սիրենք, հոգ տանենք նրանց մասին, որպեսզի նրանց աչքերը փայլեն ու ժպտան, նրանց սրտում միշտ ուրախություն և խաղաղություն լինի,- ասում է դուստրը՝ Էլինան։

Լաուրա Բեգլարյանն իր մասնագիտությամբ աշխատել է տարբեր հիմնարկություններում, իսկ 1992-ից առայսօր աշխատում է Ասկերանի շրջբուժմիավորումում որպես մանկական բուժքույր։ Շուրջ 25 տարի է, ինչ նա  կանգնած է շրջանի առողջապահության սպասարկման ոլորտում։ Սերունդներ են փոխվել, այժմ նրա հիվանդներն իրենց բալիկներին են փոքր-ինչ անհանգստության դեպքում բերում հմուտ ու բանիմաց բուժքրոջ մոտ։

-Դպրոցական տարիներին Լաուրան դասարանի ուսման առաջավորներից էր։ Նա խելացի էր և կարգապահ, անչափ համեստ։ Այն տարիներին բժշկական ուսումնարան ընդունվելը հավասարազոր էր ինստիտուտ ընդունվելուն։ Ու կարծես թե այդ մասնագիտությունն է հարիր նրա խառնվածքին ու բնավորությանը։ Միայն հատուկ մարդիկ են օժտված մանուկների լեզուն հասկանալուն, ու այդ քչերից է մեր հարգարժան Լաուրան,- ասում է գործընկեր և համադասարանից Արմեն Գասպարյանը։

- Մեծ է ամբողջ կոլեկտիվի սերն ու հարգանքը Լաուրայի հանդեպ, իսկ նրա տարիների անխոնջ աշխատանքը՝ արժանի բարձր գնահատականի։ Նա վերին աստիճանի պարտաճանաչ, բանիմաց և անփոխարինելի մասնագետ է՝ իր գործին գիտակ։ Լաուրան ոչ միայն քաղաքի այլև շրջանի երեխաներին անուններով գիտի և բոլորն էլ սիրում և հարգում են նրան։ Լաուրայի ծննդյան 50-ամյա հոբելյանին մեր ամենաջերմ ու ամենբարի մաղթանքներն ենք հղում նրան և մաղթում խաղաղ ու բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Թող միայն բարին ու լավը ուղեկից լինեն նրան,- ասում է շրջանի գլխավոր բժիշկ Գոհար Հակոբջանյանը։

Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած հայուհու միակ երազանքն Արցախ աշխարհի ու Երկիր մոլորակի  անսասան խաղաղությունն է։ Որպեսզի այլևս երբեք ընտանիքների երջանկությունը, համերաշխությունն ու անդորրը չխաթարվի։

-Քանի որ շուտով կթևակոխի 2018 թվականը, մաղթում եմ, որպեսզի ետևում մնան բոլոր դժվարություններն ու դառնությունները, և Նոր տարին լիություն, ուրախություն և երջանկություն բերի բոլորի օջախներին։

Բժշկական աշխատողներն այն եզակի մասնագետներից են, ովքեր գործունեությունից առաջ երդվում են` պարտավորվելով գթասրտությամբ վերաբերվել հիվանդին, չմոռանալ, որ գործ ունեն նրա կյանքի ու ամենաթանկ արժեքի` առողջության հետ։ Բոլոր ժամանակներում էլ նրանց բնորոշ է եղել անկեղծ կարեկցանքը, ինքնազոհողությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը։ Մեծ համոզմունքով կարող ենք ասել, որ նման անհատներից մեկն է Լաուրա Բեգլարյանը։ Ում   ծննդյան 50-րդ տարեդարձը ևս մեկ առիթ է արժևորելու նրա մատուցած ծառայությունը  քաղաքի և շրջանի ամենանուրբ ու ամենազգայուն խավին։ Ու բոլոր մանուկների ու նրանց ծնողների անունից երախտագիտություն ենք հայտնում՝ հայրենանվեր ծառայության համար։ Նման անձնաց շնորհիվ է նաև, որ վերաիմաստավորվում է կյանքը։ Կյանք, որն ապրված է մեծապես ուրիշներին նվիրվելու, ուրիշի վշտով ու ցավով տառապելու մեծ խորհրդով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter