ԹՈՂ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԲԵՐԿՐԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԻ
27.12.2017 11:45

Դեկտեմբերի 22-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: 5-րդ բ դասարանի անգլերեն լեզվի ուսուցչուհի Նելլի Ասլանյանը կազմակերպել էր Ամանորին նվիրված դաս-միջոցառում: Դպրոցի դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համահունչ: Ամենուր գույնզգույն փուչիկներ, գունագեղ շղթաներ, իսկ կենտրոնում արքայավայել կանգնել էր տոնածառը՝ ծանրաբեռնված փայլփլուն խաղալիքներով…

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Նելլի Ասլանյանը.

-Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Շուտով ևս մեկ տարի կգլորվի հիշողության գիրկը՝ իր հետ տանելով ժամանակի տխուր պահերը և մեզ թողնելով այն բոլոր երջանիկ ակնթարթներն ու հաջողությունները, որ ունեցանք այս տարում: Թող գալիք տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, համերաշխության, սիրո և խաղաղության տարի: Թող իրականանան բոլորիս երազանքները, և թող բոլոր դժվարությունները և հոգսերը մնան ետևում:

Շնորհավոր բոլորիս Նոր տարին և Սուրբ Ծնունդը…

Հինգերորդ դասարանցիներն անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով շնորհավորեցին ներկաների Ամանորը, մաղթանքներ հղեցին ծնողներին, սիրելի ուսուցիչներին: Մեր երկրի սահմանին կանգնած զինվորին հայտնեցին հայտուկ շնորհակալություն: Չէ որ հենց նրա շնորհիվ է ամուր և անառիկ այսօրվա մեր սահմանը: Դպրոցականները հանդես էին գալիս մեծ ոգևորությամբ: Նրանց ուրախ երգն ու պարը հիացմունքի ալիքներ էին բարձրացնում դահլիճում: Միջոցառումն ուղղորդվում էր տեսանյութով, որը ներկայացնում էր, թե ինչպես էին անցնում անգլերեն լեզվի դասաժամերը: Նշենք, որ երեխաների մաքուր անգլերենը վկայում էր ուսուցչուհու պատասխանատու և նվիրական աշխատանքի մասին:

Ուսուցչուհին անցկացրեց նաև խաղ-մրցույթ և հաղթող աշակերտները նրա կողմից ստացան նվերներ:

Հինգերորդ դասարանցիների հանդեսից հետո, կրտսեր դպրոցի աշակերտները ևս ներկայացան իրենց ելույթներով: Ամեն մի կատարում յուրովի գեղեցիկ ու հրաշալի էր: Դահլիճում թևածում էին ժպիտ, ծիծաղ, ջերմություն և լուսավոր երազանքներ: Ուսուցիչներն ու ծնողները պարուրվել էին ամանորյա տրամադրությամբ և սիրով: Հիրավի, յուրաքանչյուրն իր սրտի խորքում խաղաղություն և բարօրություն էր երազում Արցախ աշխարհի համար:

Ինչ խոսք, օրվա միջոցառումը կազմակերպվել էր մեծ սիրով և պատշաճ մակարդակով: Բոլորը երջանիկ ու գոհ էին, առանձնապես դպրոցականները, ովքեր վերջում ստացան ամանորյա իրենց նվերները:

Թող Արցախ աշխարհում հնչեն միայն խաղաղություն ավետող զանգերի ղողանջները: Թող տարին լինի բերքի, բարիքի, լիության և բարեկեցության տարի…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter