ՆՇՎԵՑ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ԵՎ ՍԻՐՎԱԾ ՏՈՆԸ
27.12.2017 11:52

Դեկտեմբերի 25-ին Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպեց իր հերթական գեղեցիկ միջոցառումը: Կենտրոնի տնօրինությունը, խմբակավարները, սաներն ու նրանց ծնողները հավաքվել էին տոնելու տարվա ամենահրաշալի տոն օրը՝ Ամանորը: Մանուկներն ուրախ թռչկոտում էին շքեղազարդ տոնածառի շուրջը՝ ասես գեղեցիկ ու անմեղ հրեշտակներ լինեին, ովքեր պատրաստ էին բարի և ուրախ ակնթարթներ պարգևել ներկաներին…

Կենտրոնի սաներն ասմունքեցին, երգեցին ու պարեցին: Բոլոր ելույթները նվիրված էին Նոր տարվան: Այնքա՜ն երազանքներ, այնքա՜ն ցակություններ ունեին փոքրիկները: Ծնողներին խոստանում էին գալիք տարում ավելի լավ սովորել, ավելի մեծ հաջողությունների հասնել: Մանուկների անմեղ դեմքերից երևում էր, թե ինչքան երջանիկ էին և նրանց անկեղծ ուրախությունը հաղորդվում էր մեծերին: Մանկական անարատ շուրթերից բխվող ամեն մի խոսք անթաքույց հպարտություն էր ծնողների համար: Իվանյանի մասնաճյուղի պարի խմբակի սաների պարերը հիացմունք էին առաջացնում հանդիսատեսի մոտ:

Կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանը շնորհավորեց բոլորին Ամանորի առթիվ, մաղթեց ամենալավն ու բարին.

-Այսօր մեծ տոն է բոլորիս համար: Մեր փոքրիկների հետ ի սրտե ուրախացանք և մանկացանք: Մի պահ կտրվելով առօրյա հոգսերից՝ մենք հայտնվեցինք մանուկների յուրահատուկ աշխարհում, որտեղ միայն մաքուրն է, ազնիվը, բարին ու վեհը: Այսօր մենք համոզվեցինք, որ մեր սաները շնորհաշատ են և խոստումնալից: Համոզված եմ, նրանք կունենան նորանոր ձեռքբերումներ, հետագայում հանդես կգան ավելի վստահորեն և կկարողանան հասնել կատարելության:

Թող երբեք խինդն ու ծիծաղը չպակասեն մեր մանուկների դեմքերից: Թող ամուր կանգնեն մայր հողի վրա և քաջ գիտակցեն, որ իրենք են այս հողի տերն ու տիրակալը և մեր երկրի պայծառ ապագան…

Հիրավի, Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ամեն մի հանդես իր առանձնահատուկ համն ու հոտն ունի: Այս անգամ մենք վայելեցինք ամանորյա շունչը, որ եկավ ու խառնվեց մեր զգացմունքներին և ցանկություններին: Մեզանից յուրաքանչյուրը պատվեց հույսի լույսերով, որ երջանկությունը կայցելի ամեն մի հայկական օջախ, կծնվեն անթիվ մանուկներ, և Արցախ աշխարհի երկնակամարում կսավառնեն խաղաղության աղավնիները՝ իր հովանու տակ առնելով բոլորիս ընտանիքները…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter