ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
27.12.2017 11:55

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում 2017 թվականի ընթացքում սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների (շրջանի տարբեր համայնքներից) պետության և բարեգործական կազմակերպությունների կողմից պարբերաբար բարեգործական աջակցություններ են ցուցաբերվել՝ կենցաղային ապրանքների, դրամական միջոցների և սննդամթերքի տեսքով։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանից §Դիակոնիա¦ բարեգործական ընկերությունը Ամանորին ընդառաջ շրջանի 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 51 ընտանիքի և հաշմանդամ 39 երեխայի  90 ծանրոց է տրամադրել։

-Հարկ է նշել, որ երկրորդ տարին է, ինչ հիշյալ բարեգործական կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում մեր շրջանին։ Համագործակցելով շրջանի համայնքների ղեկավարների, դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ համատեղ կազմվել են ցուցակներ, ըստ որի էլ առաջնորդվել ենք՝ տրամադրված օգնությունը բաշխելու հարցում,- ասաց Է. Աղաջանյանը։

§Դիակոնիա¦ բարեգործական հիմնադրամի, որը գործում է §Օգնիր, որ փոխես¦ կարգախոսով,  նպատակն է օգնության հասնել սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչպես նաև աշխատանքներ տանել նրանց այդ կարգավիճակից դուրս բերելու համար։ Հիմնադրամի ծրագրերը, որոնք հիմնականում իրագործվում են Հայաստանի Հանրապետությունում,  բազմազան են ու բազմաբնույթ՝  սոցիալապես անապահով ընտանիքների բնակության վայրերի, դպրոցների, մանկապարտեզների, բուժկենտրոնների հիմնավերանորոգում, կառուցում, ջրագծերի կառուցում։ Բարեգործական կազմակերպությունն իր ամենօրյա գործելակերպով նպատակ է հետապնդում Հայաստանում և Արցախում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին անհոգ մանկություն պարգևել, որպեսզի անկախ սոցիալական պայմաններից յուրաքանչյուր երեխա հնարավորություն ունենա դպրոց հաճախելու, ուսում ստանալու, ընտանիք կազմելու նախապայմաններ։

Տիկին Աղաջանյանը նշեց, որ 2018-ին ևս ակնկալում են §Դիակոնիա¦ բարեգործական կազմակերպության աջակցությունը, ինչպես նաև շահառուների անունից նա շնորհակալութուն և երախտագիտություն հայտնեց բարեգործական կազմակերպությանը։

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարարության կողմից շրջանի սոցապ գործակալությանը տրամադրել է 1500կգ հնդկաձավար, որը կհատկացվի շրջանի անապահով ընտանիքներին։ Ներկայում բաշխման գործընթացը շարունակվում է։

Ինչպես տեղեկացանք Է. Աղաջանյանից, նախարարության կողմից տրամադրվել էր նաև 600կգ բրինձ, ինչը ևս բաժանվել է շրջանի անապահով ընտանիքներին։

-Շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ մեր շրջանում և հանրապետությունում ցանկացած քաղաքացի գտնվում է թե՛ շրջվարչակազմի, թե կառավարության ուշադրության կենտրոնում։ Նման ընտանիքների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու սատարումը ևս հայրենանվեր գործ է և գնահատանքի արժանի։ Շրջանի բնակչության անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր բարերարներին՝ նման աջակցություն ցուցաբերելու համար, ինչը կօգնի որպեսզի մարդն  աշխատի անելու ավելին՝ ինքնաբավ, արժանավայել կյանքով ապրելու համար,- ասաց Է. Աղաջանյանը։
Անկասկած, բարեգործական աջակցություն ստանող յուրաքանչյուր անհատ նաև հոգեբանորեն է ամրապնդվում, գոտեպնդվում, որ նրա թիկունքին պետությունն է կանգնած, և թև ու թիկունք է նրան՝ լավատեսորեն տրամադրվելու, պայքարելու, ծառացած բոլոր տեսակի դժվարությունները հարթահարելու հարցերում։

Անշուշտ Ամանորին ընդառաջ բազմաթիվ բարեմաղթանքներ ենք հղում և երազանքների իրականացում մաղթում միմյանց։ Ուստի, թող 2018 թվականը համայն հայության համար լինի սոցիալապես անապահով ընտանիքների թվի նվազման և անհոգ ու երջանիկ ընտանիքների աճի տարի։ Որպեսզի ապագայում ուրախանանք այն փաստով, որ բարեգործի աջակցությանը դիմած ընտանիքները դուրս են եկել խնդրողի կարգավիճակից, իսկ մռայլ ու գորշ պայմաններում ապրող երեխաներն այսուհետ զերծ են կենցաղային ծանր պայմաններից և վայելում են իրենց անհոգ մանկությունը։ Ամեն մի հայ, իրոք պարտք ունի իր ազգի, իր ծննդավայրի ու վերջանպես իր Հայրենիքի հանդեպ։ Ուստի յուրաքանչյուրս պետք է այդ մեծ շղթայի մի օղակը հանդիսանանք՝ ապագայում ավելի բարեկեցիկ Հայրենիք ունենալու մեծ հավատով։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter