ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ |
12.01.2018 14:27 |
Հունվարի 11-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության այցելությունն Ասկերան։ Միության հերթական այցը նվիրված էր ՀՀ ՊՆ լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին։ ԵԿՄ վարչության փոխնախագահներ Համլետ Հայրապետյանն ու Օհան Գևորգյանը, ԵԿՄ մարզային կառույցների ղեկավարները և երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանի, Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային վարչության նախագահ Սամվել Աղաջանյանի և ազատամարտի վետերանների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նահատակված մարտական ընկերների հիշատակը։ Ողջունելով ներկաներին Համլետ Հայրապետյանն անդրադարձավ 5-րդ բրիգադի անցած փառավոր մարտական ուղուն, ԵԿՄ ամենամյա ուխտագնացությունների շրջանակներում Արցախում և Հայաստանում իրականացված ծրագրերին և շրջագայություներին, հավելելով, որ դրանք շարունակական են լինելու և ԵԿՄ-ն մշտապես լինելու է իր մարտական ընկերների, հայկական երկու հանրապետությունների յուրաքանչյուր քաղաքացու կողքին։ Հ. Հայրապետյանը ներկայացրեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ուղերձը՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։ -Թող Արցախում այլս պատերազմ չլինի, ու խաղաղությունն այստեղ հարատևի։ Իսկ մենք մշտապես գտնվելու ենք ձեր կողքին, և սերնդե սերունդ արժևորելու, կարևորելու են ձեր նվիրվածությունն ու այն ամենը, ինչ արել եք հանուն մեր մեծ նպատակի, հանուն ազգի ու Հայրենիքի բարօրության,- ասել է Հ. Հայրապետյանը։ Եվ իզուր չէ, որ մատաղ սերնդի մոտ հայրենասիրություն սերմանելու նպատակով ԵԿ միությունը տարիներ շարունակ ուխտագնացություններ է կազմակերպում։ Իսկ ամեն ուսումնական տարում ՀՀ և ԼՂՀ առաջին դասարան հաճախող աշակերտներին միությունը դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ է նվիրում։ Ամենամյա ուղտագնացությունների շրջանակներում Արցախի և Հայաստանի հանրապետության տարբեր շրջաններում և մարզերում կազմակերպվում են համերգներ, կատարվում բարեգործական աշխատանքներ։ Այս օրերին Արցախի տարբեր շրջաններում հանդիպումներ են ընթանում, և լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին նվիրված մեդալներ, հուշամեդալներ, պատվոգրեր են հանձնվում Հայրենիքի նվիրյալ զավակներին։ Ասկերանում ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանն ու Օհան Գևոգրյանը ՀՀ ՊՆ 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակի մեդալով, հուշամեդալով և պատվոգրով պարգևատրեցին Արցախյան ազատամարտի մի խումբ վետերանների։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |