ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ |
12.01.2018 18:27 |
Հունվարի 12-ին Ասկերան քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: Իրականություն էր դարձել ասկերանցիների վաղեմի երազանքը: Օրեցօր բարեկարգվող Ասկերանում ավելացել էր մի գեղեցիկ, հարմարավետ ու լուսավոր շենք ևս: Այս շենքի վերակառուցման պահից յուրաքանչյուր ասկերանցի անտարբեր չի անցել շինության կողքով, ուրախացել ու հիացել է շինարարների աշխատանքով: Շենքում տեղակայվել են Ասկերանի <<Արվեստի դպրոց>> և <<Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>> ՊՈԱԿ-ները: Շենքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ԱՀ մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, շրջվարչակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ասկերանցիներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի նահատակված հայ քաջորդիների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության, ազատ ու անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու համար: Շնորհակալանքի խոսքով հանդես եկավ արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանը. -Արցախը մշակույթի և արվեստի երկիր է: Արցախցին միշտ կերտել է՝ լինի դա քանդակ, եկեղեցի ու վանք, երգ, թե երաժշտություն: Արցախը մի անառիկ վանք է՝ տաճար մի աստվածային, իսկ յուրաքանչյուր արցախցի այդ տաճարում զանգի լեզվակը քաշողն է, շարքային դպիրը և նրա արթուն պահապանը: 22 տարվա տարեգրություն ունի մեր դպրոցը, որի ճանապարհը հեշտ և դյուրին չի անցել, սակայն մենք կարողացել ենք հաղթահարել ամեն մի դժվարություն և միշտ հասնել հաջողությունների: Այս տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, հաղթանակներ և պարգևներ: Տարաբնույթ մրցույթ-փառատոններում դպրոցը հաղթող է ճանաչվել Արցախում և նրա սահմաններից դուրս: Ամենավսեմ և փոխադարձ սերը, որ կարող ենք խոստանալ մեր պետությանը, դա մեր նվիրված աշխատանքն է և մեր ապագան կերտող սերնդի դաստիարակությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկրի իշխանություններին, բոլոր շինարարներին մեզ այսպիսի հոյակերտ շենք պարգևելու համար: Անահիտ Բադալյանը դպրոցի սան Տիգրան Ղազարյանին հանձնեց դիպլոմ՝ <<ՀՀ Շնորհալիներ-2017>> մրցույթում առաջին տեղ, ինչպես նաև շնորհակալագիր՝ <<Հայաստան-Արցախ>> հանրապետական փառատոնում մրցանակային տեղ զբաղեցնելու համար: Կերպարվեստի խմբի սան, 7-ամյա Տիգրանը ստացավ նաև հուշանվեր: Անթաքույց երախտագիտությամբ էր լցված նաև Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Մերի Գաբրիելյանի սրտի խոսքը. -Բոլորս գիտենք, որ գիտելիքն է մարդուն դարձնում հզոր ու ազատ, բայց հենց մանկական կենտրոնների նման օջախների գործունեության շնորհիվ է, որ պահպանվում են ազգային ավանդույթները, սովորույթները, երգն ու պարը, բանն ու բառը: Մշակույթի շնորհիվ է, որ մեր սաները ստանում են հայեցի դաստիարակություն, դառնում են ազգային բարձր արժեքների կերտողները: Կենտրոնը գործում է 1993 թվականից: Մեր համերաշխ կոլեկտիվը երբեք չի ընկճվել և չի դժգոհել, այլ հնարամիտ ու ստեղծագործ միտքն ու արարչությունն են դրսևորում գտել մեր աշխատանքներում: Մենք կարողացել ենք արձանագրել բազում հաջողություններ, հասել ենք հաղթանակների: Մեր աշխատանքները շարունակելով այսպիսի հրաշալի պայմաններում՝ կնվիրվենք ավելի մեծ եռանդով ու պատասխանատվությամբ: Համոզված եմ, մեր շուրջը կհավաքվեն ավելի շատ երեխաներ, և միշտ մրցանակային տեղեր կզբաղեցնենք մշակութային միջոցառումներում: Շնորհակալություն բոլոր բարի մարդկանց, հովանավորներին և շինարարներին, ովքեր մտածում են մեր ապագայի համար և ստեղծում են նման կրթամշակութային օջախներ: Հանդիսավոր միջոցառմանը մեծ ոգևորություն և շուք հաղորդեցին արվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները: Նրանց անկաշկանդ երգն ու պարը, հայսրենասիրական ոգով լեցուն ասմունքը վկայում էին այն մասին, որ իրենք արժանի են այսպիսի գեղեցիկ շենքում սովորելու և զարգանալու համար: Խոստանում էին հասնել ավելի մեծ բարձունքների և հաղթանակների: Երեխաներից բխող լույսն ու ջերմությունը փոխանցվել էր մեծերին՝ նրանց մեջ ամրապնդելով անսասան հավատ դեպի այս հիասքանչ մանուկները: Շենքի օրհնության արարողություն կատարեց հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը: Նա շնորհավորելով այս հանդիսավոր օրվա կապակցությամբ, նշեց, որ փառք Աստծո, շատ ու շատ են այն մարդիկ, ովքեր նման բարի գործեր են կատարում և ուրախացնում այս փոքրիկներին: Երեխաները հիանալի միջոցառում մատուցեցին մեզ, և այն մարդիկ ովքեր նախաձեռնել ու իրականացրել են այս գործը, ուրեմն ընդունել են մանուկներին և Աստծուն: Նա ուժ և կորով մաղթեց բոլոր նրանց, ովքեր ձեռնամուխ են եղել շենքի շինարարությանը: Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Սվետլանա Շահրամանյանին և Գոռ Ավետիսյանին: Վերջում ներկաները շրջեցին նորակառույց շենքում՝ հիանալով հարմարավետ և գեղեցիկ պայմաններով: Հիրավի, օրվա խորհուրդն անգնահատելի էր: Մեզանից յուրաքանչյուրը պատվել էր հպարտության և պատասխանատվության զգացումներով: Չէ որ այսպիսի հոյակերտ շենքում այսուհետ պետք է ծնվեն արվեստի յուրօրինակ գործեր և հնչեն միայն հաղթական երգեր: Թող այսուհետ Արցախ աշխարհում հարատև հնչի հայ շինարարի մուրճի ձայնը, թող բազում տներ, եկեղեցիներ, դպրոցներ կառուցվեն: Թող երբեք չխաթարվի մեր երկրի անդորրը, թող ապրի, արարի ու հարատևի Արցախը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |