Խորհրդային իշխանությունների բացարձակ լռության ներքո 88-ի փետրվարին երեք օր անդադար շարունակվեցին Սումգայիթյան ջարդերը, որի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեց 53 մարդ, բռնի ուժով տեղահան արվեց մի ժողովուրդ, որն իր ձեռքերով կառուցել էր Բաքուն, Սումգայիթը և բազում այլ քաղաքներ ու գյուղեր, որոնց լիիրավ տերեր հռչակվեցին 20-րդ դարասկզբին Անդրկովկաս մուտք գործած քոչվոր ցեղերը։ Ցեղասպան քոչվորականների ձեռագիրը նույնիսկ 20-րդ
դարի վերջին նույնն էր մնացել։ Ադրբեջանական իշխանությունների կողմից Սումգայիթյան Ցեղասպանության ժխտումը և համաշխարհային հանրության ապատեղեկատվությունը շարունակում էին ակտիվ հակահայկական քարոզչությունը, որի արդյունքում 1990 թ. Բաքվում տեղի ունեցան հայերի ջարդերը, որին զոհ գնացին հազարավոր խաղաղ բնակիչներ, իսկ ողջ մնացածները համալրեցին Սփյուռքը, ինչպես որ դա տեղի ունեցավ 100 տարի առաջ։ Փետրվարի 28-ին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերը դատապարտող և անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման հանրահավաք։ Հանրահավաքի մասնակիցները՝ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց անմար հիշատակը։ Սումգայիթյան ջարդերը դատապարտող և այն որպես ցեղասպանություն որակելու պահանջով ելույթ ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, նշելով, որ Սումգայիթյան ջարդերը շարունակությունն էին փետրվարի 22-ի դեպքերի, երբ Աղդամից մի քանի հազարի հասնող սուր ծակող-կտրող սառը զենքերով զինված խաժամուժը, §խաղաղ ցուցարարներ¦ անվան ներքո ուզում էր Ասկերանով հասնել Արցախի սիրտը՝ Ստեփանակերտ։ Սակայն այստեղ հանդիպելով լուրջ դիմադրության՝ ցեղասպանություն իրականացրեց հայ շինականի ձեռքով կառուցված ու ծաղկող քաղաքում։ - Ուստի մենք չենք դադարեցնելու մեր պահանջատիրական և դատապարտման հանրահավաքները, մինչև չհասնենք ցանկալի արդյունքի, մինչև միջազգային հանրությունը չպատժի ոճրագործին,- ասաց Կ. Մայիլյանը։ Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը, դատապարտելով 20-րդ դարավերջին ոճրագործ թշնամու բարբարոս ձեռագիրն ու ավանդույթները՝ նշեց, որ անպատիժ մնացած ու քաղաքական գնահատականի չարժանացած ցեղասպանությունը հետագայում ունեցավ իր աղետալի հետևանքները։ Եվ այսօրվա իրավիճակը՝ լարվածության պահպանումը շփման գծում, Բուդապեշտյան, Թալիշի սահմռկեցուցիչ դեպքերն ու միջադեպերը, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը ևս հետևանք են անպատիժ մնացած սումագայիթյան ցեղասպանության։ Վ. Գաբրիելյանը միաժամանակ նշեց, որ այսօր բոլորիս ուշադրությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն սահմանում կանգնած զինվորի բարոյա-հոգեբանական ոգու բարձրացմանը, մատաղ սերնդի պահանջատիրական ոգին մշտարթուն պահելուն։ Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանն անդրադառնալով 88-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզային խորհրդի կողմից ընդունած պատմական որոշմանը, նշեց, որ արցախցին վստահ էր իր ընտրության և պահանջների մեջ, նրա ազատության տենչող ոգին անսանձ էր և նույնիսկ Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած բռնություններն ի զորու չեղան մարելու ազատության կրակը, որ վառվել էր ժողովրդի հոգում։ -18000 բնակչություն ունեցող Սումգայիթում նախօրոք մշակված պլանով եռօրյա ջարդեր կազմակերպվեցին, ինչը խորհրդային իշխանությունները փորձում էին որակել որպես մի խումբ խուլիգանների, ծայրահեղականների բռնարարք։ Մինչդեռ Սումգայիթում, Բաքվում, հայաբնակ այլ քաղաքներում և գյուղերում կազմակերպված և իրագործված ջարդերն իսկական ցեղասպանություններ էին, որոնք իրականացվում էին առաձնահատուկ վայրագությամբ ու դաժանությամբ՝ նպատակ ունենալով վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով հայաթափել Ղարաբաղը։ Սակայն կորստյան ցավը երբեք չվհատեցրեց մեզ և անցնելով բազում զրկանքների միջով, արժանապատվորեն կրելով պատերազմի բոլոր դառնությունները՝ երբեք ետ չկանգնեցիք մեր ընտրած ճշմարիտ ճանապարհից,- ասաց Լ. Խաչատրյանը՝ հավելելով, որ պատերազմն այսօր դիվանագիտական հարթակ է անցել, և զինվորը՝ զենքով, իսկ մենք՝ գաղափարով ու գրչով պետք է պաշտպանենք, ընտրենք մեր պայքարի հետագա բանաձևը։ 30 տարի է անցել սահմռկեցուցիչ ու մարդու բանականության մեջ չտեղավորվող Սումգայիթյան ջարդերից։ 30 տարի է, ինչ հավաքվում, հիշում ենք ադրբեջանցիների վարած հայահալած քաղաքականությանը զոհ գնացած մեր հայրենակիցներին, դատապարտում՝ ոճրագործներին։ Ու այս երթը դադար չի ունենալու։ Պատմական արդարության վերականգման, ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու և նրանց բռնարարքը դատապարտելու մեր արդար ձայնը միայն այսկերպ լսելի կդարձնենք աշխարհին։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |