ՖՐԱՆՍԻԱՑԻ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԵՆ
02.03.2018 21:50

Դարերի պատմություն ունի հայ-ֆրանսիական բարեկամությունը։ Ֆրանսիան այն եզակի պետություններից է, որն իր ողջ պատմության ընթացքում հայ ժողովրդի համար դժվարին և օրհասական պահերին եղել է նրա կողքին, սատարել, աջակցել ու նեցուկ եղել։ Այդ է թերևս պատճառը, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը մեզ համար առանձնահատուկ խորհուրդ ունի։ Ասել է թե՝ երկու ժողովուրդներին կապող

պատմությունն ու բարեկամությունը, քաղաքակրթական ու մշակութային արժեքները հավերժ են ու մնայուն, ինչպես հավերժ մնայուն են մեր բարեկամության խորհրդանիշ հանդիսացողներից մեկի՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները։

2014-ին Ֆրանսիայի Բուկ Բել Էր և Արցախի Ասկերան քաղաքների միջև կնքվել է բարեկամության հռչակագիր, որի նպատակն էր ամրապնդել երկու քաղաքների միջև բարեկամական կապերը եւ համատեղ համագործակցություն հաստատել կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում:

Հավատարիմ մնալով հռչակագրի դրույթներին մարտի 2-ին Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիենի ղեկավարած պատվիրակությունն Ասկերանում էր։ Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի գլխավորությամբ ասկերանցիները հյուրերին դիմավորեցին Ասկերանի պատմական ամրոց-բերդի մատույցներում՝ ավանդական աղ ու հացով, զուռնա-դհոլով։ Ի նշան հայ-ֆրանսիական անքակտելի բարեկամության հնչեցին երկու հանրապետությունների պետական օրհներգերը։ Բերդի մատույցներում Ասկերանի ՊԵ թանգարանի տնօրեն Վիգեն Գաբրիելյանը պատմական որոշ տեղեկություններ հաղորդեց ներկաներին ամրոցի կառուցման, նրա պաշտպանական դիրքի ու նշանակության մասին։ Իսկ Արցախյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանը հույրերին ներկայացրեց ու ծանոթացրեց 1992 թվականի Խոջալուի դեպքերի, Կարկառ գետի հովտով խաղաղ բնակիչների համար բացված հումանիտար միջանցքի և իրականությանը չհամապատասխանող թշնամու փաստարկների մասին, հավելելով, որ դեռևս վաղնջական ժամանակներից է թուրքերի մոտ զարգացած կեղծարարությունը, ինչն առաջադեմ մարդկությանը գերազանցապես է հայտնի։

Հաջորդ կանգառն Ասկերանի տանկ հուշահամալիրում էր։ Տանկի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքապետ Սամվել Աղաջանյանը պատմական փոքրիկ էքսկուրս կատարեց, և ներկայացրեց, թե ինչպես և ինչու է այստեղ կանգնեցված տանկը ։

Մեզ հետ ունեցած զրույցում քաղաքապետ Ռիշար Մալիեն նշեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են սպորտի և միջոցառումների գծով տեղակալը, սոցիալական հարցերի գծով տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, գյուղատնտեսության բնագավառի ներկայցուցիչը, ավագանու անդամ։ Քաղաքապետի խոսքերով, նրանք եկել են կոնկրետ այցով, որի ուղղվածությունն այս անգամ հիմնականում առնչվում է կրթական ոլորտին։ Ռ. Մալիենի խոսքերով, նրանք իրականացնելու են բոլոր ծրագրերն ու խոստումները, որոնք ամրագրվել են հռչակագրում։ Իսկ գյուղատնտեսի կողմից կցուցաբերվի համապատասխան մեթոդական օգնություն, խորհրդատվություն։

-Հետագայում, շարունակելով մեր համագործակցությունը ավելի կկոնկրետացվեն ծրագրերը, իսկ մայիսին մենք Ֆրանսիայում ունենալու ենք Արցախյան օրերը Ֆրանիսայում խորագրով ծրագիր, որի շրջանակներում Արցախի և արցախցիների մասին պատմող տեսաֆիլմ  կներկայացվի ֆրանսիացիներին,- ասաց Ռ. Մալիենը։

Ինչպես նշեց Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանն այս համագործակցությունից նրանք ձեռք են բերել մի լավ բարեկամ ևս, ինչն ուրախալի և ողջունելի է, քանզի Արցախը բարեկամի կարիք շատ ունի։ Իսկ գյուղատնտեսության ու կրթության ոլորտին վերաբերող ծրագրերը, որոնք մեզ համար առաջնային են համարվում, միանգամայն ողջունելի են։

-Մենք էլ մեր հյուրերին տալու, զարմացնելու շատ բան ունենք։ Հենց հայի, ղարաբաղցու այն տեսակով, որը երբեք չի տրտնջում, այլև իր կեցվածքով ու պահվածքով, արդարության համար մարտնչող ամուր ոգով կարող ենք զարմացնել մեր բարեկամներին։ Եվ նրանք էլ շփվելով մեզ հետ, մեր կառավարության, երկրի ախագահի հետ տեսնում, համոզվում են, որ Արցախն, իրոք, ժողովրդավարական երկիր է, իսկ մենք՝ արցախցիներս արժանի ազատ, անկախ երկրում խաղաղության պայմաններում ապրելուն։

Հանդիպումը շարունակվեց Ասկերանի քաղաքապետարանում, որի շքամուտքում հյուրերը նկարների միջոցով ծանոթացան Արցախյան ազատամարտի տարեգրության, ապա հաճելիորեն  զարմացան հայ-ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող ցուցապաստառով։ Քաղաքապետի աշխատասենյակում քույր քաղաքների քաղաքապետերը փոխանակվեցին նվերներով և ծանոթացան պատվիրակությունների կազմերին։ Ասկերանի փոխքաղաքապետ Հայկ Շամիրյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, շոշափվեց բնակիչների զբաղվածության հարցը։ 14 հազար բնակիչ ունեցող Բուկ Բել Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեն հիացած էր Ասկերանի մասին ընդհանուր տեղեկություններ ներկայացնող հայ-ֆրանսերեն բուկլետով, իսկ Ասկերանի զինանշանով պատկերված կրծքանշանն իսկույն գտավ իր տեղը՝ քաղաքապետի կրծքին։ Խոստացավ՝ քաղաքապետից ստացած Ասկերանի համայնապատկերով նկարն իր արժանի տեղն է գտնելու քաղաքապետարանի ցուցասրահում։

-Ասկերանը քույր քաղաք է ընտրվել նաև կարևորելով Ասկերանի՝ սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքը։ Եվ այսուհետ մենք միշտ կլինենք ձեր կողքին, ձեր աջակից-բարեկամները,- ասաց Ռ. Մալիենը՝ հավելելով, որ նրանք քաջատեղյակ են հայոց պատմությանը, նրա ողբերգական էջերին, և ամեն տարի սրտի խորը կսկիծով  ու պարտքի մեծ զգացում են մասնակցում Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին կազմակերպվող միջոցառումներին, դատապարտում ոճրագործներին։

Պատվիրակության անդամ, մեր հայրենակից, Բուկ Բել Էրի սոցիալական հարցերով փոխքաղաքապետ, հայկական համայնքի ղեկավար Էդմոնդ Էթեջյանն էլ իր հերթին խոստացավ հայկական համայնքի ուշադրությունը սևեռել առկա հիմնախնդիրներին լուծում տալուն և անել հնարավոր ամեն ինչ Արցախի հերոսական ժողովրդի հոգսը փոքր-ինչ չափով թեթևացնելու համար։

Հանդիպման հաջորդ կանգառն Ասկերանի էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում էր, որտեղ ֆրանսիացի բարեկամներին անհամբերությամբ էին սպասում։ Դպրոցականները հյուրերին դիմավորեցին մեծ խանդավառությամբ ու հայկական երկու և Ֆրանսիայի հանրապետությունների եռագույններով զինված։ Դպրոցի փառքի սրահում Արցախյան ազատամարտում նահատակված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշավահանակին հյուրերը ծաղիկներ խոնարհեցին և խոհնարհվեցին հերոս տղաների հիշատակի առաջ։ Ապա դահլիճում ականատես եղան հիասքանչ ու տպավորիչ համերգային ծրագրի. հայերեն և ֆրանսերեն լեզուներով հնչեցին հայրենասիրական երգեր, արտասանություններ, ցուցադրվեցին երկու պետությունների  ազգային պարերից, ինչը դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանի մտքի և հոգու արգասիքն էր։ Աշակերտների անթերի կատարումներն իրենց յուրօրինակ շեշտադրումն ունեցան Արցախով հիացած ֆրանսիացիների վրա։

Բուկ Բել Էրի քաղաքապետը դպրոցին հանձնեց ինտերակտիվ գրատախտակ (ի դեպ, սա առաջինն է ոչ միայն Արցախում այլ նաև Հայաստանի Հանրապետությունում) և պրոյեկտոր՝ հույս հայտնելով , որ դրանք թույլ կտան դասապրոցեսն ավելի արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար։  Դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը երախտագիտություն հայտնեց հյուրերին կրթական ոլորտը բարձր գնահատելու և նրանց անակնկալ  նվեր մատուցելու համար, ինչպես նաև ներկայացրեց դպրոցի համառոտ պատմությունը։ Իր հերթին տնօրենն Արցախը խորհրդանշող նվեր հանձնեց ֆրանսիացի բարեկամներին։ Դպրոցական այցն ավարտվեց հյուրերի և աշակերտների հայկական ավանդական քոչարի շուրջպարով։

Ասկերանի քաղաքապետի և վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանի ուղեկցությամբ հյուրերը եղան նաև Ասկերանի ՄՊՍ կենտրոնում և Արվեստի դպրոցում, ծանոթացան վերջիններիս առօրյային, հիացան սաների ձեռքի աշխատանքներով, ստացան սաների ձեռքով պատրաստած խորհրդանշական նվերներ։

Շարունակվում է Բուկ Բել Էր քաղաքի քաղաքապետ Ռիշար Մալիենի ղեկավարած պատվիրակության այցն Ասկերան։ Վաղը պատվիրակության անդամներին կընդունի Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter