ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
03.03.2018 21:55 |
Վարչակազմի ղեկավարի առանձնասենյակում տեղի ունեցած հանդիպմանը Ս. Գրիգորյանը կարևորեց Ֆրանսիայի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, միաժամանակ երախտագիտություն հայտնեց Ասկերանի համայնքին՝ մասնավորապես, կրթական համակարգին ցուցաբերած աջակցության և ուշադրության համար։ Ի պատասխան Ռ. Մալիենը նշեց, որ Արցախ՝ Ասկերան գալը նրանց համար մեծ պատիվ ու հաճելի է, ինչպես նաև հույս հայտնեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված մասնագետները կկարողանան որոշակի խորհրդատվություն տալ և օգտակար լինել։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրական հարցեր, հետագա համագործակցությանն առնչվող խնդիրներ։ Հանդիպմանը ներկա էին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ։ Պատվիրակության անդամները եղան Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում, դիտեցին եզակի ցուցանմուշներ, ծանոթացան արցախյան ազգային ազատագրական պայքարին՝ Շարժման ակունքներից մինչև փառավոր հաղթանակ։ Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում խոնարհումի և հարգանքի տուրք մատուցելուց հետո ուղևորվեցին համայնքի տարածքում գտնվող նռան, խաղողի այգիներ։ Այստեղ պատվիրակութան անդամ, գյուղատնտես Օլիվյեն բավականին հետաքրքրված էր այգիների մշակության տեխնոլոգիաներով։ Տեղի գյուղատնտեսների հետ քննարկվեցին այգիների մշակության առանձնահատկություններն ու բերքատվության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, կատարվեց փորձի փոխանակում։ -Արցախի բնակլիմայական պայմանները թույլ են տալիս զբաղվել նռան, արքայանարնջի և խաղողի այգիների մշակությամբ, մինչդեռ խորհրային իշխանության տարիներին, լավագույն հողատարածքները՝ հարթավայրային և ջրովի, բաժին էր հասնում ադրբեջանցիներին։ Դա է թերևս պատճառը, որ այգեգործները լիակատար հմտացած չեն այս ոլորտում։ Կառավարությունն էլ իր հերթին աջակցում, սատարում է այգեգործներին ցանկալի արդյունքի հասնելու համար,- պարզաբանումներ է տալիս այգեգործ Գարիկ Շահրամանյանը։ Իսկ մասնագիտությամբ գյուղատնտես, այգեգործ Արկադյա Խաչատրյանին ստացած բերքի իրացման խնդիրն է մտահոգում, քանի որ, եթե չլինեին իրացման խնդիրներ կարող են արտադրել ավելին։ Ի պատասխան այս հարցի շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը իրազեկեց, որ ընթացիկ տարում շրջանում կսկսի գործել նռան հյութի արտադրամաս, որը խթան կհանդիսանա արտադրանքը տեղում իրացնելու համար։ Հաջորդ կանգառը Տոհմային կայանում էր, որտեղ պատվիրակության անդամները ծանոթացան անասնաբուծության խթանման, անասունների մթերատվության աճի ապահովման և տեղական նախրի որակական ցուցանիշների բարելավման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։ Հյուրերը շրջել և մանրամասն ծանոթացել են կայանի տեխնիկական հագեցվածությանը, կթի սրահում օգտագործվող նորագույն տեխնոլոգիաներին և կայանի աշխատանքային պայմաններին: Հանդիպման վերջին կանգառն Արցախ բրենդի կոմպանի ոգելից խմիչների արտադրությամբ զբաղվող գործարանում էր, որը հանդիսանում է ալկոհոլային խմիչքների արտադրության առաջատարներից մեկն Արցախում։ Գործադիր տնօրեն Հասմիկ Գևորգյանը ծանոթացրեց հյուրերին գործարանին, որը լիովին հագեցած է միջազգային չափանիշներին համապատասխան արտադրական սարքավորումներով։ Հյուրերը եղան նաև գործարանի հնեցման մառաններում, շշալցման արտադրամասում և թանգարանում, որտեղ պահպանվում են բոլոր այն մրցանակները, որոնք գործարանը ստացել է այս 20 տարիների ընթացքում։ Երկօրյա հանդիպման արդյունքներն ամփոփեց Բուկ Բել Էրի քաղաքապետը. -Քանի որ սա իմ առաջին այցը չէ Արցախ և Հայաստան և ես քաջատեղյակ եմ հայերիդ հյուրասիրությանն ու լավատեսությաանը, ուստի բացի ձեռքերված պայմանավորվածություններից ես կառանձնացնեմ եղանակային պայմանները, որոնք հայերիդ պես ջերմ են ու հոգոթով, մինչդեռ, երբ Ֆրանսիայից Հայաստան էինք ուղևորվում ձյուն էր, ճանապահները փակ։ Խոսելով ապագա ծրագրերի մասին Ռ. Մալիենը նշեց, որ դրանցից մեկն այսօր իրագործվեց և Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն տեղադրվեց և փորձարկվեց ինտերակտիվ գրատախտակը։ Իսկ շրջագայությունները քույր քաղաքում ապագա ծրագրերի և միջոցառումների հիմք կհանդիսանան, և հաջորդ հանդիպման համար կոնկրետ ծրագիր իրականացնելու վայր։ Ռ. Մալիենի բարեմաղթանքները հայերիս կարճ ու կոնկրետ էր. խաղաղասեր ժողովրդին՝ խաղաղություն։ Պատվիրակության յուրաքանչյուր անդամ յուրովի էր զգում, ապրում արցախյան օրերը։ Եվ քանի որ նրանցից շատերի համար սա առաջին այցն էր, (համոզմունք հայտնեցին նաև, որ վերջինը չէ) ուստի Հայաստանն ու Արցախն իրենց համար հայտնություն են համարում։ Միաժամանակ անկեղծանում են՝ այս հող ու ջրում իրենց ինչ-որ չափով նաև հայ են զգում և վստահեցնում, որ միշտ իրենց բարեկամների կողքին կլինեն, կաջակցեն ու կսատարեն ինչով կարող են։ Սոցիալական հարցերով փոխքաղաքապետ Էդմոնդ Էթեջյանը կիսվելով մեզ հետ արցախյան օրերի տպավորություններով նշեց, որ նա հոգու ամբողջ թելերով կապված է Արցախին, ինչն ապացուցվում է նրա 5-րդ այցով։ -Բուկ Բել Էրում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Արցախի և հայերի մասին շատ տեղեկություններ տարածվի, իրազեկում ենք նրա պատմության, պատմական անարդարության մասին։ Կարևորն առաջին քայլն արված է և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ քույր քաղաքների միջև ստորագրված հռչակագրի դրույթները կյանքի կոչելու համար։ Իսկ մայիսին Արցախյան օրերը Բուկ Բել Էրում ծրագրի շրջանակներում, որոնք տևելու են մայիսի 22-ից մինչև մայիսի 28-ը, բազմաթիվ միջոցառումների և կոնֆերանսների միջոցով բազմակողմանիորեն կներկայացվի Արցախը։ Բուկ Բել Էրի սպորտի և միջոցառումների գծով փոխքաղաքապետ Կողին Լըմյոն նշեց, որ մինչև Արցախ գալը տարբեր բաներ են լսել, որ այստեղ պատերազմ է, սակայն այստեղ գտնվելով համոզվեցին, որ Արցախում լիակատար խաղաղություն է, և ապահովված է նրա անվտանգությունը, իսկ մարդիկ անչափ հյուրընկալ։ Նրա խոսքերով, իրենք մեծ համակրանք են այստեղ զգացել և տպավորված են հայերիս բնավորության առանձնահատկություններով։ -Առանձնապես հիացած, զարմացած ու տպավորված ենք Ասկերանի միջնակարգ դպրոցի աշակերտների հանդեսով, նրանց հայրենասիրությամբ լեցուն ոգով, երգերով, ֆրանսերենի իմացությամբ,-ասաց Կ. Լըմյոն։ Վերջում շրջվարչակազմի ղեկավարի կողմից պատվիրակության անդամների համար կազմակերպվեց ճաշկերույթ։ Հանդիպումն ավարտվեց երկու կողմերի նվերների փոխանակումով։ Օրը հագեցած էր շրջագայություններով և ջերմ ու անմիջական մթնոլորտում բազում հարցերի քննարկումով։ Հրաժեշտից առաջ երկուստեք բարեմաղթանքի խոսքեր հնչեցին, ապա նաև լուսանկարվեցին։ Պատվիրակության անդամների Արցախյան հերթական օրն ավարտվեց այցով պատմական Տիգրանակերտ, որն իր յուրօրինակ շեշտադրումն ունեցավ։ Այստեղ մեր ֆրանսիացի բերակամները համոզվեցին, որ արդար էր մեր պայքարը, քանզի պատերազմում միշտ հաղթում է այն ազգը, որն արդարության, իրենից խլված հողերի կամ ազատության համար է պայքարում։ Համոզված ենք, որ նրանք Արցախից իրենց հետ տանելու են անջնջելի տպավորությունների մի ամբողջ փունջ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |