ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ
23.02.2018 22:38

1988-ի փետրվարի 22-ն ասկերանցիների համար ինչքան յուրահատուկ, նույնքան էլ ճակատագրական օր էր։ Այն ոչ միայն Ասկերանի, այլև ամբողջ Արցախի, հայ  ժողովրդի Վերածննդի օրն է։  Հենց փետրվարի 22-ին ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչներն արժանի հակահարված տվեցին դարավոր թշնամուն՝ դնելով հետագա հաղթանակների հիմքը։

Հավատարիմ մնալով ստեղծված ավանդությանը, փետրվարի 22-ին

կրկին հավաքվել էին ասկերանցիները՝ նշելու քաղաքի Վերածննդի օրը։ Տոնակատարությանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ուժային կառույցների ղեկավարներ, Արցախյան Շարժման նախաձեռնող խմբի անդամներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Ասկերանի գործող և նախկին քաղաքապետները, դպրոցականներ, զինվորականներ, ասկերանցիներ։ Ներկաները թարմ ծաղիկներ դրեցին Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշավահանակին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց հիշատակը։

Հնչեց Արցախի պետական օրհներգը։

Ողջունելով ներկաներին Ասկերանի ՄԵ կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանն ասաց, որ Հայոց ազգային  զարթոնքը հայի ընդհանրական կերպարն է աշխարհի առաջ։ Անդրադառնալով հայոց պատմության փառավոր էջերին՝ Ռ. Գրիգորյանը կարևորեց 1988-ի փետրվարի 22-ին ասկերանցիների անվեհեր կամքն ու միաբանությունը։ Ու ինչքան էլ հայ ժողովուրդը բզկտվել, հոշոտվել ու մասնատվել է՝ կրկին գտել է կյանքի հունն ու անձնվիրաբար ապրելու գաղտնիքը։ Դարեր շարունակ դիմակայել է, պայքարել ու հաղթել…

Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը շնորհավորելով ներկաներին փետրվարյան բաշտորոշ ու ճակատագրական հաղթանակի կապակցությամբ նշեց.

-Փետրվարի 22-ին ասկերանցիները թշնամու բազմահազարանոց ավազակախմբին ետ շպրտեցին Ասկերանի մատույցներից և Ասկերանը մնաց որպես անառիկ դարպաս: Դա ազատատենչ արցախցու ոգու թռիչքն էր, որն անպարտելի մնաց և հետագա բոլոր հաջողությունների ու հաղթանակների հիմքը դարձավ: Փետրվարի 22-ին մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հաղթանակն այնտեղ է, որտեղ կա միաբանություն: Այսօր հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ ունենք ազատ ու անկախ Արցախ, զարգացող երկիր, մարտունակ բանակ, որը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Դրա ապացույցը եղավ ապրիլյան պատերազմը: Այս տոնական օրը կրկին շնորհավորում եմ բոլորիս Ասկերանի Վերածննդի օրվա, Ղարաբաղյան Շարժման 30-ամյակի կապակցությամբ, - ասաց Ս. Աղաջանյանը՝ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման անունից շնորհավորելով նաև Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ, փառք ու պատիվ տալով հայ ժողովրդի ամրակուռ ոգուն ու միասնությանը, ինչի շնորհիվ հաջողվել է հաղթահարել բազում փորձություններ։

Ղարաբաղյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանի հիշողությունները 30 տարվա հեռավորությունից նույնքան թարմ են, որքան 88-ի այդ օրը։ Նա ներկաներին մանրամասն ներկայացրեց փետրվարի 22-ի խորհուրդն ու դեպքերի հետագա զարգացումները։

-Փետրվարի 22-ին, փաստորեն, ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչներն արտաքին սպառնալիքի տակ հավաքվեցին հակահարված տալու քաղբյուրոյի որոշմանը։ Այդ օրն առաջին անգամ պատմության մեջ մեր ժողովուրդը քաղբյուրոյի որոշմանը չենթարկվեց, քանի որ այն մեզ տանում էր կործանման։ Փետրվարի 22-ին Ասկերանում կանխվեց ցեղասպանությունը և հենց այդ օրը սկիզբ դրվեց մեր ինքնապաշտպանությանն ու անկախ պետականությանը,- ասաց Ս. Առուշանյանը։

Արցախյան Շարժման հասակակից Արամ Բադալյանը դեռևս պատանեկության տարիներն է հասկացել, որ դարեր շարունակ մեզանից խլել են մեր հոգու ազատությունը, մտքի թռիչքը, բերքն ու բարիքը, սակայն չեն կարողացել խլել մեր ըմբոստ ոգին, խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրելու մեր իրավունքը:

-Դժվար չէ ենթադրել, թե ինչ բախտի կարժանանար Արցախը` մեր պատմական Հայրենիքը, եթե չլիներ 1988 թվականի Շարժումը, մեր ազգային զարթոնքը, ու նորօրյա ազատամարտիկների անօրինակ սխրանքները, որի արդյունքում այսօր ունենք ազատ ու անկախ Հայրենիք: Այդ չքնաղ Հայրենիքի մի մասնիկն իմ ծննդավայր Ասկերանն է: Փետրվարի 22-ը մեր քաղաքի Վերածննդի օրն է: Իմ քաղաքը, որ օրեցօր գեղեցկանում ու բարգավաճում է, մեր հայրերի, պապերի ու եղբայրների ազգային ինքնագիտակցության և հաղթանակների արդյունք է: Հաղթանակ, որը ստիպեց մեր դարավոր ոսոխին հաշվի նստել մեր կամքի, մեր ազատ ապրելու իրավունքի հետ,- ասաց Ա.Բադալյանը։

-Կրկին արև շողաց մեր բիբիլիական հողում։ Եվ արցախահայության տարեգրության էջերում ամրագրվեցին բազում փառավոր հաղթանակներ ու ձեռքբերումներ։ Այսօր ունենք ազատ, անկախ Արցախի Հանրապետություն։ Ունենք պետականություն, դրոշ, զինանշան ու օրհներգ, մարտունակ, կանոնավոր ազգային  բանակ, ժողովրդավական, օրինապահ երկիր։ Ունենք նաև մի անառիկ, գողտրիկ Ասկերան, մի ամուր դարպաս։ Թող օրորցներ օրորվեն մեր սուրբ հայրենիքում, ծնվեն մանուկներ և կրեն սուրբ նահատակների անունները, թող շենանան մարած օջախները և արցախցին աշխարհին ժպտա իր արևային բարությամբ։ Հաղթել ենք ազգովի, կառուկցել ենք ազգովի։ Հայիս էությունն է լինել՝ ստեղծելով և ստեղծել՝ լինելով։ Ուրեմն կերտենք և արարենք։ Կերտելու ուժն է մեզ միշտ եղել զորավիգ։ Փառք ու պատիվ Ասկերանի քաղաքացիներին, երիցս փառք նրանց ընդգծված հայրենասիրության համար,- ասաց Ռ. Գրիգորյանը՝ ընթերցելով Ասկերան Վերածննդի օրվան ձոնած իր ստեղծագործությունը։

Տոնական միջոցառման գեղարվեստական մասն ապահվեց Ասկերանի Բերդ համույթը, որի մեկնարկը տրվեց Ասկերան երգով։ Համույթի մենակատարներ Հերմինե Խաչատրյանի, Սասուն Սարդարյանի, Արայիկ Հասրաթյանի և Ռադիկ Մանասյանի գեղեցիկ ու ոգեշնոչող կատարումները տոնական լիցք հաղորդեցին մասնակիցներին։ Իսկ զինվորականների շուրջպարն էլ ավելի ազդեցիկ դարձրեց ու ընդգծեց օրվա խորհուրդը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter