ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ |
22.01.2018 10:11 |
Հիրավի, բոլորդ ինձ հետ կհամաձայնեք, որ գոյություն ունեցող մասնագիտություններից առանձնանում է բժշկությունը (առանց փակագծերը բացելու)։ Ու այս հույժ կարևոր ոլորտի մասնագետներին վերաբերվում ենք ամենայն հարգանքով ու երախտագիտությամբ։ Սամվել Գևորգյան - վիրաբույժն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ իրականացնում է հարազատ ժողովրդի առողջության պահպանման, վերականգնման բարդ ու պատասխանատու առաքելությունը։ Նա անցել է Արցախյան ազգային - ազատագրական պայքարի թոհ ու բոհով, ականատես եղել բազմաթիվ սխրագործությունների, աներևակայելի մարդկային արարքների, կյանք պարգևել ու ամեն մի հիվանդի հետ վերապրել, վերաիմաստավորել սեփական կյանքը։ Այո, եղել են նաև անելանելի թվացող պահեր, սակայն հայի էությանը բնորոշ համառությամբ ու տոկունությամբ հաղթահարել է դրանք՝ միաժամանակ հույս ու հավատ ներշնչելով շրջապատին։ Ծնվել է 1953 թվականին, Բաքվում։ Դեռևս 1948 թվականից ծնողները բնակվում էին Բաքու քաղաքում։ Նրանք ծննդով Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից էին։ Ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցներից մեկը, ապա 1978թ. ավարտել Սարատովի բժշկական համալսարանը և աշխատանքի անցել Ուլյանովսկի մարզի հիվանդանոցներից մեկում որպես վիրաբույժ։ Որոշ ժամանակ անց նշանակվել է Ստարոմայսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկի պաշտոնում։ 1984 թվականին ավարտելով Սամարայի վիրաբուժական օրդինատուրան՝ ընտանիքով տեղափոխվել է Արցախ՝ այստեղ ապրելու և իր բժշկական գիտելիքներն ու ունակությունները սեփական ժողովրդի բարօրությանն ի սպաս դնելու հաստատակամությամբ։ Այս իրողությանը ոչ միայն կողմ էին ծնողները, այլև մեծապես հորդորում էին ապրել Հայրենիքում։ Նույն թվականին աշխատանքի է անցել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում, որպես վիրաբույժ, որտեղ աշխատել է մինչև 1992 թվականը։ Երբ Արցախի պաշտպանության բանակում կազմավորվեց բուժծառայություն՝ նշանակվեց Ստեփանակերտի 1-ին հոսպիտալի պետ։ 1994 թվականից դարձավ պաշտպանության նախարարության բուժծառայության պետ՝ մինչեւ 2000 թվականը։ 2000-2003թթ. Իվանյանի զինվորական հոսպիտալի գլխավոր բժիշկն էր։ 2003-2013թթ. կրկին ՊՆ բուժծառայության պետն էր։ 2013թ. առայսօր պայմանագրային հիմունքներով ծառայում է որպես պաշտպանության նախարարության գլխավոր վիրաբույժ։ Ինչպես նշեց Սամվել Գևորգյանը, նրա համար դեռևս պատերազմը չի ավարտվել, քանզի բառացիորեն մեր զñույցի նախօրեին է կատարել հերթական՝ թշնամու դիվերսիոն ներթափանցման անհաջողակ փորձի ժամանակ վիրավորված զինվորի վիրահատությունը։ Ու ամեն մի հաջողված վիրահատության հետ նրա կյանքը ևս վերաիմաստավորվում է։ Իսկ ընդհանրապես, գործունեության ողջ ընթացքում նրա վիրաբուժական սեղանին, փառք Աստծո, անդառնալի կորուստ չի ունեցել։ -Մեր հիմնական նպատակն է այնպես անենք, որ յուրաքանչյուր զինվոր ողջ և առողջ վերադառնա իր ընտանիքը, իր ծնողների մոտ։ Եվ որպես վիրաբույժ վստահեցնում եմ, որ մեր բուժանձնակազմն ամեն կերպ պատրաստ է նույնիսկ ամենածանր վիրավորին ոտքի կանգնեցնել։ Իմ աշխատանքային հարուստ փորձը ցույց է տվել, որ հիվանդի ապաքինման գլխավոր դեղամիջոցը հավատն է բժշկի հանդեպ։ Հայրենասիրության մասին չեն բարձրաձայնում, այլ այն կրում են հոգու խորխորատներում և ամենօրյա գործելաոճով նպաստում Հայրենիքի բարգավաճմանը։ Ս. Գևորգյանի խոսքերով, աշխարհագրական քարտեզի վրա նրա համար Արցախից լավ վայր չկա։ Գործի բերումով եղել է տարբեր պետություններում, երկար տարիներ ապրել և աշխատել է Ռուսաստանում, սակայն Արցախն է այն վայրը, որտեղ նա տեսնում է իր զավակների, իր թոռների ու գալիք սերունդների ապագան։ -Ես սիրում եմ իմ գեղատեսիլ Արցախը, նրա ամեն մի գողտրիկ անկյունը։ Ամեն մի հայ, գոնե իր կյանքում մեկ անգամ պետք է լինի Արցախում, որպեսզի կարողանա իրապես զգա հայ լինելու իր վեհ կոչումը։ Մեր ժողովրդի նման բարի, հյուրասեր, մարդամոտ ու միաժամանակ պատվախնդիր ազգ ոչ մի տեղ չկա։ Իմ խորին համոզմամբ, անկախ թե ինչ մասնագիտության մարդ է գալիս Արցախ՝ սիրահարվում է թե՛ երկրի, և՛թե նրա հասարակ ժողովրդի վրա։ Ապրիլյան պատերազմը, թերևս ապացուցեց մեր միասնականությունն ու համախմբվածությունը։ Ամեն մի արցախցի իր մաշկի վրա զգաց Դամոկլյան սրի նման կախված վտանգը։ Ասել է թե, պատերազմը բոլորիս տունն էր մտել։ Երբ մտնում ես տուն և տեսնում, որ տանը տղամարդ չկա, նշանակում է կռիվը քո տունն է մտել, իսկ տղամարդիկ՝ Հայրենիքի պաշտպանները, սահմանին են։ Երկարատև աշխատանքային գործունեության ընթացքում բազմաթիվ սխրագործությունների է հանդիպել բժիշկ Գևորգյանը։ Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի տարիներին 16-17 տարեկան վիրավորված պատանու են բերում հոսպիտալ։ Տեսնելով պատանուն բժիշկը զարմացած հարցնում է, թե այդ տարիքում ինչ գործ ունի կռվի դաշտում և արդյոք թշնամին մեծաթիվ էր։ Տղան պատասխանում է, որ Քարագլխում է վիրավորվել, իսկ թշնամին կլիներ մի 90-100 հոգի, իսկ իրենք այդ օրը սովորականից շատ էին՝ 12 հոգով։ Ասել է թե, ազգի երիտասարդ պաշտպանները թքած ունեն թշնամու մշտապես գերազանցող գլխաքանակի վրա։ Նույն պատկերը կրկնվում է հիմա, երբ թշնամին մեծաթիվ խմբով է դիվերսիոն փորձ կատարում։ Դա մեր տղաների համար արդեն սովորական մի բան է։ Հերթական դիվերսիոն փորձի ժամանակ վիրավորված զինվորին բժիշկ Գևորգյանը հարցնում, թե արդյոք կարողացել է պատասխան կրակ բացել։ Ի պատասխան զինվորն ասում է, որ ոչ միայն կրակ է բացել, այլև մեծաթիվ կորուստներ է պատճառել թշնամուն։ Բժշկի համար զարմանալի չէր, որ թշնամին նույն նենգ ու դավադիրն է մնացել ու կրկին փորձում է հաջողության հասնել թվաքանակով։ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ Ջաբրայիլի հոսպիտալում վիրահատություն էր կատարում, մի քանի զինվոր մոտենում են բժշկին խնդրանքով, որ իրենց դուրս գրի։ Ի պատասխան Գևորգյանն ասում է, որ տղաները դեռ ամբողջովին չեն ապաքինվել։ Սակայն տղաներն ասում են, որ ստացած թեթև վիրավորումները տանելի են ի տարբերություն այն զգացողության, որ ընկերները դիրքերում են, իսկ իրենք այստեղ պառկած։ - Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Մեր զինվորներն առյուծասիրտ, քաջ ու պատվախնդիր են։ Իզուր չեն ասում, որ լավ ընկերոջ համար՝ անգամ կյանքը կտա ղարաբաղցին։ Իսկ օրհասական պահերին այդ ամենն ավելի արտահայտիչ է դառնում։ Եվ մեր բուժանձնակազմը նաև այդ տղաների քաջագործություններից էր ոգևորվում, ու այս ամենին ականատես լինելով մեր ուժերն էին կրկնապատկվում։ Մեկ-մեկ լինում են մարդիկ, երբ խոսում են հողեր հանձնելու մասին։ Սրանք անհեթեթություններ են, որոնց չարժե ուշադրություն դարձնել։ Բոլորս գիտենք, թե ինչ արժեցան մեզ այս հողերը։ Մենք հաղթել ենք անհավասար ու հարկադրված պատերազմում, ունենք կանոնավոր բանակ, որն ամեն վայրկյան պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած թշնամու։ Մեր պայքարն արդարացված է նրանով, որ կռվում ենք հանուն պատմական արդարության վերականգնման, ու դեռ ճանապարհ ունենք գնալու, քանզի դեռևս կորցրած տարածքներ ունենք, որոնք սպասում են մեզ։ Ու դրան հասնելու ենք մեր համախմբվածությամբ, հավատքով ու միաբանությամբ։ Յուրանչյուր հաջողակ մարդու թիկունքին իմաստուն և խոհեմ կին է կանգնած։ Ու ընտանիքի հաջողության 90 տոկոսը կնոջից է կախված։ Մասնագիտությունից ելնելով հաճախ է տնից բացակայել, և բժիշկ Գևորգյանի կինը՝ Նատաշան, միշտ ամուսնուն թև ու թիկունք է եղել, բարի խորհրդատու։ Չնայած ազգությամբ ռուս է, սակայն իրեն զտարյուն հայ է համարում, ով առաջին իսկ օրվանից, երբ ոտք է դրել ամուսնու ծննդավայր՝ սիրահարվել է ամբողջ հոգով ու սրտով։ Նույնն էլ բժիշկ Գևորգյանն է մաղթում մատաղ սերնդին, սիրեն իրենց Հայրենիքը, պատվեն իրենց ծնողներին։ Թերևս, ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ խախտվեց Արցախ աշխարհի անդորրը՝ ապացուցվեց երիտասարդ սերնդի նվիրվածությունն ու պատվախնդրությունը։ Դժնդակ այդ օրերին բժիշկ Գևորգյանին հազվադեպ էր հաջողվում տանը լինել։ Օրեր անց է իմանում միայն, որ որդին ականանետը ձեռքին, Աղդամի ուղղությամբ առաջին գծում կանգնած էր։ -Գործարար Սամվել Հակոբյանի տղաները, որոնք բնակվում են Երևանում, վտանգված Հայրենիքի լուրն առնելուն պես հասել են Տոնաշեն։ Բազմաթիվ աղջիկներ էին գալիս հոսպիտալ և իրենց օգնությունն ու աջակցությունն առաջարկում։ Այսպիսի համախմբվածություն, ինչպիսին էր 2016 թվականի ապրիլին, թերևս, բացառիկ է։ Մարդու կյանքում լինում են նաև դժվարին օրեր, սակայն այսօր մեր պետությունում ձեռնարկվում է հնարավոր ամեն միջոց, որպեսզի հաղթանակած արցախցին իրեն ապահով զգա իր հողում, ապահովված լինի աշխատանքով։ Ճիշտ է, լինում են նաև դժգոհողներ, սակայն կարծում եմ, եթե կա ցանկություն, ապա Արցախում աշխատանք գտնելը, զբաղվածության հարց լուծելն անհնարին չէ։ Մեր երկրի ապագան յուրաքանչյուրիս ձեռքերում է։ Եվ փառք Աստծո, որ երկրի կառավարման ղեկին նստած են այնպիսի մարդիկ, ովքեր ժողովրդի հետ անցելով պատերազմական ծանր ու դժվարին տարիները, այսօր էլ ճանապարհ են հարթում երկրի բարեկեցիկ ապագայի համար։ Բժիշկ Գևորգյանի խորին համոզմամբ մենք ունենք հրաշալի երիտասարդություն, որն ի զորու է լուծել ցանկացած խնդիր, պետք է ուղղակի ճիշտ ուղղորդել նրանց։ Տեղեկատվական տեխնոլոգիաների դարում մեր տղաները կարող են հրաշքներ գործել։ Իրապես, բժիշկ լինելն աստվածային շնորհ է, քանզի բժիշկը հաճախ երկրորդ կյանք է պարգևում մարդուն։ Եվ այն երբեք չի կորցնելու իր կարևորությունը։ Մանավանդ, երբ խոսքը գնում է ռազմական դրության մասին, երբ ռումբերի տակ, ամեն վայրկյան կյանքը կորցնելու վտանգն աչքի առջև՝ նրանք իրենց պատվաբեր գործն են անում: Նրանք փաստորեն կյանք պարգևելուց զատ, ոչ միայն կրկին սովորեցնում են սահմանագծին վիրավորված զինվորին քայլել, այլև տալիս են իրենց հոգու ողջ սերն ու հոգատարությունը։ Ուժ և զորության ձեր բազկին, անսասան ոգուն՝ տոկունություն, գթառատ հոգուն՝ որդիական պարտքը կատարած քաղաքացու անդորր ու խաղաղություն, բժի՛շկ Գևորգյան։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |