ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԵՐԹՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ
26.01.2018 11:44

Ասկերանն Արցախի այն բնակավայրն է, որն առաջինն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային։ Եվ պատահական չէր, որ ղարաբաղյան շարժման և դրան հաջորդած ազգային - ազատագրական պայքարի ողջ ընթացքում Ասկերանն իր ռազմավարական դիրքով ու նշանակությամբ ամրակուռ բերդ - ամրոցի դիրքից երբեք չնահանջեց։ Իրավամբ համարվելով մայրաքաղաք Ստեփանակերտի դարպասը՝  Ասկերանն ընդմիշտ անառիկ մնաց։

Անկախությունը բացարձակ արժեք է, ինչը ձեռք է բերվում միայն ու միայն զոհողությունների գնով։ Հայրենիքն ու հայրենասիրությունը լոկ բառեր չէին անհավասար մարտի ելած քաջորդիների համար, այլ գաղափարներ, հանուն որի արժեր ապրել, պայքարել ու զրկանքներ կրել, բայց չնահանջել…

Զինադադարից հետո ասկերանցին անցավ խաղաղ աշխատանքի: Նա շինարար է, գործարար, զինվորական, իրավապահ, պատգամավոր, նախարար և բոլորն էլ իրենց մասնակցությունն են բերում մեր անկախ Հանրապետության կերտմանը, քանզի յուրաքանչյուր սերունդ հայրենաշինության իր բաժինն ունի։

Արցախյան ազատամարտը ոչ միայն նոր հերոսներ ծնեց, այլև կյանքի իմաստը նորովի ընկալելու, խորապես գիտակցելու ևս մեկ առիթ դարձավ, քանզի կյանքի իրական արժեքը չի չափվում մարդու ապրած տարիների կամ նրա ունեցած իրերի քանակով, այլև կատարած բարի գործերով։

Հայրենասիրական վեհ ու աննկուն գաղափարներով օժտված անհատներից է ԱԺ պատգամավոր Ալյոշա Գրիգորի Գաբրիելյանը, ում խորին համոզմամբ հայրենասեր չեն դառնում, այլև այդ սիրով հիվանդացած ծնվում են։ Զբաղեցնելով տարբեր պաշտոններ նա միշտ հավատարիմ է մնացել Մարդ կոչվելու անվանն ու հայոց պատմության հավերժական երթն ապահովող հիմնական արժեքներին։  Անմնացորդ նվիրումով այսօր էլ նա ծառայում է իր ազգին ու ժողովրդին՝ գործունեության հիմքում ունենալով հանուն պետականության ամրապնդման վեհ գաղափարը։ Ալյոշա Գաբրիելյանի ջանքերը մեծապես ուղղված են հայ դատին, հայոց ցեղասպանության ճանաչմանն ու մատաղ սերնդի գիտակցության մեջ պահանջատիրական ոգին մշտարթուն պահելուն։ Հեռավոր 88-ին նա իր համախոհների հետ սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին ազգային խնդրին և բազում վտանգներ հաղթահարելով՝ նախապատրաստեցին արցախահայությանը 88-ի վերազարթոնքին։

Նրա խոսքերով հայը միայն այն ժամանակ կարող է գլուխը հանգիստ դնի բարձին, երբ հայոց եռագույնը ծածանվի Մասիսի սեգ կատարին։

 -Պարոն Գաբրիելյան, քանի որ 2018 թվականը հոբելյանական տարի է ոչ միայն մեր հանրապետության այլև Ձեզ համար, ուստի թերթի խմբագրակազմի անունից շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 70 եւ Արցախյան Շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և ղարաբաղյան երկարակեցություն։ Ինչպե՞ս եք գնահատում Ձեր անցած կյանքի ուղին։

-Շնորհակալություն շնորհավորանքների համար։ Իմ անցած կյանքի ուղին բավականին բեղմնավոր եմ գնահատում։ Ու անկեղծորեն ասում եմ, որ եթե կրկին հնարավորություն ընձեռնվեր՝  նորից կյանքի այդ ճանապարհով կգնայի։ Իրոք, իմ կյանքի մեջ և՛ ազգային զարթոնք ունեցանք, և՛ բազմադարյա չարչարանքից ու պայքարից հետո արցախահայությանը հաջողվեց կերտել պետականություն, պահպանել իր ազգային նկարագիրը, ազատագրել մեր պատմական տարածքները, և փառք Աստծո, այսօր տեսեք ինչ ունենք, ազատագրված պապական հողերի մի մասը միայն, ինչով ես հպարտ եմ։ Հպարտ եմ, որ մի մասնիկ եմ եղել այդ Շարժման և ընդհանուր գործընթացի։

- Ասում են, կյանքի իրական արժեքը չի չափվում մարդու ապրած տարիների կամ նրա ունեցած իրերի քանակով։ Ո՞րն է ձեր 70 տարվա ապրած կյանքի գլխավոր չափորոշիչը։

- Գլխավոր չափորոշիչը համարում եմ իմ մասնակցությունն Արցախյան Շարժմանը, եղել եմ հիմնականում ակունքներում կանգնած, ինչի համար ուրախ եմ։ Ժամանակաշրջանն այնպիսինն էր, որ արցախցիներս կարողացանք տոտալիտար համակարգին ընդդիմանալ և ոչ միայն կարողացանք դիմակայել, այլև ձեռք բերել նվաճումներ, հաղթանակներ և ի վերջո ազատություն՝ ի դեմս հայկական անկախ երկու հանրապետությունների, որոնք այն հիմնական ու կարևոր չափորոշիչներն են, որոնք ես իմ կյանքում գնահատում եմ։

-Ասում են՝ ամեն հաջողակ տղամարդու թիկունքին ուժեղ և իմաստուն կին է կանգնած

-Այս առումով, որպես ընտանիքի հայր, կարող եմ ասել, որ ես շահել եմ բառիս բուն իմաստով, քանի որ իմաստավորված եմ տեսնում իմ ամուսնությունն ու ընտանիքի կազմավորումը։ Եվ սա ընտրություն է եղել, ճիշտ ընտրություն։Մեր զույգը ձևավորվել է սիրո հողի վրա։ Արդյունքն այն է, որ այսօր ես ունեմ երեք զավակ, յոթ թոռ և բոլորն էլ բնակվում են Արցախում, ինչով ես գոհ ու հպարտ եմ։

-Դուք հայրենասիրական վեհ գաղափարներով ապրող ու սկզբունքային անձնավորություն եք։ Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք։

-Իհարկե։ Երջանկությունը ես գնահատում եմ ոչ միայն այս վերջին տասնամյակներում, այլև ընդհանրապես, որ ծնվել եմ ազնիվ քրտինքով իրենց տունը պահող, հացը վաստակող ընտանիքում։ Իմ ծնողիներից էլ ժառանգել եմ այդ ամենը և տվել իմ զավակներին։ Սա համարում եմ որպես երջանիկ մարդու ապրած կյանք։ Մարդու, ծնողի երջանկությունը կայանում է նրանում, որ տեսնում է իր զավակներին կայացած, ընտանիքներ կազմած, շրջապատված  հարազատներով։ Հարգում են և՛ ծնողներին, և՛ տատիկ-պապիկներին։ Սա ամենակարևոր մարդկային գործոններից մեկն է և ես երջանիկ եմ իմ ընտանիքով, գերդաստանով, բարեկամներով, ընկերներով, շրջապատով։

-Ձեր կյանքի փորձից ելնելով, ասացեք, խնդրեմ, թեկուզ ընդհանուր գծերով ՝ ո՞րն է մարդկային կյանքի խորհուրդը։

-Մարդն ի տարբերություն մնացած այլ էակների ստեղծվել է արարելու համար։ Առանց արարելու մարդ չի կարող գոյատևել։ Մարդն իր հոգում կրելով ազգային նկարագրին բնորոշ հոգևոր արժեքները՝ կյանքում պետք է նյութական արժեքներ և կենսապայմաններ ստեղծի։ Այս առումով իմ խորհուրդը միայն այն է, որ մարդը պետք է կյանքում միայն բարի լինի, գործարար, խորհրդատու, անմիջապես շփվի ժողորվդի հետ, ժողովրդի կյանքը հասկանա, նրա հետ քայլի։ Մի խոսքով, մարդը պետք է արարի, ստեղծի, ստեղծագործի և հանդիսանա իր ժողովրդի մի մասնիկը։

-Խոսենք Արցախյան շարժման մասին, ինչպե՞ս այն սկիզբ առավ մեր շրջանում։

- Արցախյան Շարժման ակունքները բավականին խորն են և ամեն մի արցախցու սրտի խորքում կուտակված է եղել մի խորհուրդ, որ տարբեր ժամանակներում և՛ արտահայտվել է և՛ չի արտահայտվել։ Բայց այդ խոցը տարիներ շարունակ, հատկապես խորհրդային տարիներին, անընդհատ մխացել է, և հարմար պահ պետք է լիներ, որ այն ազգովի պոռթկար։ Այդ պահը եղավ, ձևավորվեց Արցախյան Շարժումը, ծնունդը՝ խորհրդային երկրում ձևավորված վերակառուցման գործընթացների, հրապարկայնորեն խոսք ասելու, մեր արդարացի պահանջը տեղ հասցնելու։ Եթե պայմանները ստեղծվել էին և մարդիկ պետք է արտահայտվեին, ազգը ևս ըմբոստացավ, արտահայտեց իր կամքը՝ արդյունքն արդեն հայտնի է։ Այսինքն, խորհրդային վերակառուցումը, հրապարակայնությունը ծնեց այն, ինչը կործանեց նաև այդ երկիրը։ Դա, հիմնականում, ժողովրդի ազատ կամքի արտահայտումն է, իսկ ազգի ազատ կամաարտահայտումը նրա խոցերից մեկն է, որի մասին ես նշեցի։ Այսինքն, ադրբեջանական լծից ազատվելու պահը եկավ, ժողովուրդը ծառս եղավ և կարողացավ հաղթանակներ արձանագրել։

Այն մեր շրջանում հիմնականում սկսվեց մի խումբ հայրենասեր մարդկանց միջոցով, որոնք նվիրված էին և պետք է առաջ մղեին այդ ամենը։ Չի կարելի ենթադրել, որ դա միայն մեր շրջանում էր, այն ծնվել է արցախահայության, հայ ժողովրդի մեջ, չի կարելի ասել, որ ինչ-որ տեղից է սկսվել, քանզի համազգային զարթոնքին արձագանքեցինք ազգովի։ Թող որևէ մեկն իրեն չվերագրի, չյուրացրի այս Շարժումը, գաղափարը։ Սա ընդհանուր գործ էր, որի ամենակարևոր հաջողությունն այն է, որ այն պայքարի վերածվեց և ժողովուրդը կարողացավ իր կամքը թելադրել։ Եթե սկզբում ստորագրահավաքներ, պահանջատիրական այլ քայլեր էին ձեռնարկվում, այնուհետև ամենակարևորն ու ամենադժվարը ժողովրդին հրապարակ դուրս բերելն էր։ Ասկերանում առաջին հանրահավաքը տեղի ունեծավ 88-ի փետրվարի 12-ին։ Այնուհետև պետք էր, որպեսզի ամբողջ մարզում և մարզկենտրոնում հանրահավաքներ կազմակերպվեին։ Ստեփանակերտում առաջին հանրահավաքը փետրվարի 13-ին կազմակերպվեց, որտեղ մեծ դերակատարություն ունեցան Շարժման՝ մեր շրջանի ակտիվիստները։

- Ի՞նչն օգնեց արցախահայությանը ոտքի կանգնելու և թույլ չտալու, որպեսզի Շարժումը խեղդվի նախկին փորձերի պես։

-Հիմնականում՝ ժամանակաշրջանը։ Կոմունիստական կուսակցության գաղափարախոսության և ՊԱԿ-ի գործունեության պայմաններում անհնար էր, որպեսզի մարդիկ դուրս գային փողոց, քանզի անմիջապես կխեղդվեին այդպիսի փորձերը։ Գորբաչովյան ձնհալից հետո մարդիկ կարողացան ազատ արտահայտվել և ստեղծվել էին նպաստավոր պայմաններ, ուստի կարողացանք ճիշտ կողմնորոշվել և օգտվել ընձեռված հնարավորությունից։

-Պարոն Գաբրիելյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք Արցախյան շարժման ակունքներում եք եղել, կխնդրեի ներկայացնեք ձեր տեսակետը՝ արդյոք այսօր ճիշտ է մատուցվում Շարժման պատմությունը։

-Ճիշտն ասած, վերջերս փնտրտուքի մեջ էի և ցանկանում էի նյութեր գտնել տարբեր աղբյուրներից՝ օգտվելով համացանցի հնարավորություններից և նաև այն ինչ իմ ձեռքի տակ ունեի՝ գրականություն, լրատվական միջոցներ, և կարող եմ ասել, որ շատ աղոտ ու մակերեսորեն է Շարժումը ներկայացրված և սկզբունքայնություն չի դրսևորվում, անձնական մոտեցումները հիմնականում դերակատար էին և ամեն մեկը յուրովի էր։ Այսօր մեր պատմությունը ճիշտ ներկայացնելու համար պետք է անկողմնակալ մոտեցում ցուցաբերել և այստեղ մեծ գործ ունեն անելու մեր պատմաբանները։ Ու այս պահի դրությամբ ոչ բավարար են կատարված աշխատանքները։ Քանի դեռ այսօր ապրում են Շարժման անմիջական կազմակերպիչներն ու մասնակիցները, որոնց նկարագրությամբ ու անձնական  տեսակետներով կարելի է ընդհանրացնել և ստեղծել Արցախյան Շարժման պատմությունը, պետք է չհապաղել և հանրությանը ներկայացնել այդ վճռական քայլի իրական պատմությունը։ Իսկ դարեր հետո այն Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտերից գուցե և առավել կարևոր պատմություն է լինելու, քանզի այն ոչ թե ինքնապաշտպանական, այլև ազատագրական պայքարի սկիզբն էր, որի ընթացքում կարողացանք ազատագրել մեր պապենական հողերի մի մասը։

-Տեղյակ ենք, որ դուք նաև հաջողված գյուղատնտես եք ու Ձեր բարդ ու պատասխանատու աշխատանքի հետ հասցնում եք աշխատել նաև հողի հետ։

-Մասնագիտությամբ մանկավարժ լինելով կյանքը ինձ բերել է մի աստիճանի, որ, իրոք, գյուղատնտես եմ դարձել և այսօր իմ կյանքն առանց գյուղատնտեսության չեմ պատկերացնում։ Ես կանխատեսում եմ ծրագրեր յուրաքանչյուր տարվա համար, որպեսզի ժամանակ գտնեմ և իմ գաղափարներն ի կատար ածեմ։ Ու գոհ եմ այն ամենի համար, ինչ ստեղծել եմ իմ ձեռքերով և մեծ սիրով իմ փորձը կփոխանցեմ իմ զավակներին, թոռներին։ Տառացիորեն հենց նոր, իմ թոռը ցանկություն հայտնեց, որպեսզի իմ խորհուրդներով ու փորձով օգնեմ նրան, որ ինքը ևս զբաղվի գյուղատնտեսությամբ։ Դա մեծ երջանկություն է ինձ համար,  քանզի համոզվեցի, որ գործս շարունակող է լինելու։ Հայրս, Աստված ողոմի բոլոր հանգուցյալներին, մինչև կյանքի վերջին  օրն աշխատել է, իսկ եղբայրս 85 տարեկան հասակում ոչ միայն գյուղատնտեսությամբ է զբաղվում, այլև երկու հիմնարկություններում հաշվապահ է աշխատում, ուրեմն մինչև կյանքի վերջն աշխատելը մեր գեների մեջ է։

-Գյուղատնտեսական ի՞նչ հնարամտություններ կան, որոնցով կուզենայիք կիսվել մեր ընթերցողների հետ կամ խորհուրդ կտայիք երկրագործությամբ զբաղվողներին։

-Նախ և առաջ հնարամտությունը ստեղծվում է, երբ մասնագիտորեն խորանում ես, կարողանում ես ուսումնասիրել ագրոտեխնիկական այն միջոցառումների ամբողջ գործընթացը, որ պետք է տվյալ հողամասում օգտագործես, բնակլիմայական պայմանները լավ ուսումնասիրես և այդ պայմաններից ելնելով ինչ բերք կարելի է աճեցնել և միավոր մակերեսի արդյունավետությունն օգտագործելով ինչքան բերք (եկամուտ) կարող ես ստանալ։ Այս տեսակետից ես ավելի շատ գտնում եմ, որ մեր ապագան գյուղատնտեսության, հողագործության  մեջ է կայանում, հիմնականում ջերմոցային տնտեսությունների հետագա ծավալների ընդլայնման, մեծացման և պետության կողմից աջակցության մեջ, ինչը ցավոք այսօր դեռ բավարար համարել չի կարելի։ Եվ երկրորդը՝ այգեգործությունը։ Մեր կլիման հնարավորություն է տալիս չոր մերձարևադարձային ծառեր աճեցնել։ Սա յուրահատուկ հնարավորություն է, ինչը Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ չկա։ Խոսքն արքայանարինջ, նուռ, թուզ աճեցնելու մասին է։ Պետք է ուղղակի ճիշտ հաշվարկներ կատարել, խորանալ մասնագիտության մեջ։ Ցավոք սրտի այսօր մեր հանրապետությունում իմաստավորված հողագործությամբ քիչ զբաղվողներ կան։ Ու ցավ է մեզ համար, որ այս բնագավառում նորմալ կադրեր չունենք։ Իհարկե կառավարությունն ունի իր հայեցակարգային մոտեցումները և այսօր այս ուղղությամբ ծրագրեր են մշակվում և, կարծում եմ, ճիշտ ընթացքավորելու պարագայում մենք հաջողություններ կունենանք։ Գիտեք ինչ, ամոթ է մեզ, որ այսօր Հայաստանից են ներկրվում գյուղատնտեսական շատ մթերքներ։ Ճիշտ է մենք հաղթեցինք անհավասար պատերազմում, սակայն այսօր պայքարն այլ հարթակ է անցել։ Ու կարծում եմ  պետությունը զարգացնելու, հարուստ պետություն ունենալու համար յուրաքանչյուրս պետք է մեր ջանքերը ներդնենք հանրօգուտ աշխատանքի մեջ, աշխատասիրություն դրսևորենք։ Քանզի առանց հարուստ քաղաքացիների հարուստ երկիր լինել չի կարող։ Եվ ինչպես լուսահոգի Սոս Սարգսյանն էր ասել՝ ուրախացեք, հպարտացեք, որ ձեր շրջապատում ինչքան շատ հարուստ մարդ լինի, այնքան ավելիին կձգտեք հասնել։

-Կրկին շնորհավորում ենք Ձեզ ծննդյան հոբելյանի և Արցախյան Շարժման 30 ամյակի կապակցությամբ։ Համոզված ենք, որ կհանդիպենք նաև հաջորդ հոբելյանին։

- Շնորհակալություն, տա Աստված։

-Շնորհակալություն բովանդակալից հարցազրույցի համար։

Հարցազրույցը՝ Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter