ԱՆՀՆԱՐԻՆ Է ՄՈՌԱՆԱԼ ՈՒ ՆԵՐԵԼ |
18.01.2018 11:56 |
Մեզանից յուրաքանչյուրը սրտի կսկիծով է հիշում 1990 թվականի Բաքվի սահմռկեցուցիչ իրադարձությունները, երբ հունվար ամսում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Շուրջ 200 հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնությունների, ջարդերի և բռնատեղահանվել քաղաքից: Կոտորածն սկսվել է հունվարի 13-ից և շարունակվել մինչև 20-ը: Զոհերի մեջ կային ծերեր, երեխաներ ու կանայք: Ակներև էր, որ ջարդերն ու բռնությունները կազմակերպվել էին վաղօրոք: Դժվար է բառերով վերարտադրել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Բաքվում այդ օրերին: Աղետալի իրողությունների մասին լսելիս ու խոսելիս ամենաառողջ և զորեղ մարդն անգամ ի վիճակի չէ դիմանալ, իսկ ականատեսների հիշողություններն այնքան սրտաճմլիկ և արյունոտ են, որ ակամա պատվում ես սարսուռով, լցվում ատելությամբ ու վրեժխնդրությամբ վայրագ թշնամու հանդեպ: Բաքվում մնացած հայերի նկատմամբ իրականացվեցին ամենաաներևակայելի դաժանություններ, չէին խնայում ոչ ոքի: Ադրբեջանցիները Բաքուն §մաքրում¦ էին հայերից, այն հայերից, որ տարիներ ի վեր կառուցել են այդ քաղաքը, ապրել էին իրենց կողքին, հարևանություն արել, մի կտոր հաց կիսել: Այդ ամենը նրանց մեջ մի կաթիլ անգամ խղճմտանք չէր արթնացնում, չէ որ նրանց երակներում վայրագ պապերի արյունն էր հոսում: Նրանց գործն էր թալանել, խոշտանգել, բռնաբարել ու սպանել… Ահեկեզ այդ դեպքերից ողջ մնացածները՝ արդեն խոշտանգված ու խեղված մի կերպ դուրս եկան Ադրբեջանից և բնակություն հաստատեցին տարբեր տեղերում: …Բաքվի հայաթափումից անցել է 28 տարի: Տարիներ, որոնք այդպես էլ չկարողացան ջնջել դառն ու ցավոտ հուշերը…Այսօր մեր երկրում ապաստանած Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի հայաբնակ մյուս բնակավայրերից եկած փախստականների հանդեպ պարտավորություն է զգում մեզանից յուրաքանչյուրը: Նրանք առայսօր զգում են բոլորիս աջակցության, բարոյական օգնության կարիքը: Այդ մարդկանցից մեկի հետ հանդիպելու համար , ես մեկնեցի Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղ: Հանդիպումս 89-ամյա Նորա տատիկի հետ էր: Բարեհամբույր, հյուրասեր տատիկն ուրախությամբ ընդունեց ինձ: Ծերունական նրա աչքերում անսահման բարություն կար և ինչ-որ մի ամոթխածություն, որն ակամայից իմ մեջ ավելի մեծացրեց հարգանքն ու պատկառանքը դեպի նրա ճերմակահեր մազերը: Տատիկի որպիսությունը հարցնելուց հետո՝ սկսեցինք խոսել գյուղի առօրյայից: Գյուղում ամեն ինչ նորմալ է, մարդիկ աշխատում են, չարչարվում և հաց ստեղծում: Փառք Աստծո, այս գյուղում բոլորն էլ աշխատասեր են, չեն սիրում պարապ նստել: Նորա տատիկի հետ զրույցս կամացկամաց տանում էի դեպի հետ, դեպի տարիների խորքը: Ու երբ նա հասկացավ իմ այցելության նպատակը, միանգամից փոխվեց դեմքի արտահայտությունը: Աննկարագրելի մի տրտմություն ու ցավ դաջվեց խորշոմներով պատված նրա դեմքին: Աչքերը տխրեցին և այնտեղ անմիջապես լճացան արցունքներ, որոնք, թվում է, թե չէին էլ չորացել այս տարիների ընթացքում: Մի քանի րոպե ոչ մեկս չէինք խոսում: Ամենքս մեր մտքերի հետ էինք՝ նա անցյալի իր ցավոտ հուշերի, իսկ ես փորձում էի կարդալ նրա մտքերը: Հանկարծ սկսեց խոսել: …Ապրում էինք մեզ համար: Տուն ու տեղ դրել, երեխա էինք դաստիարակում, աշխատում…Երբ սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, իսկ այն պետք է սկսվեր անպայման, քանզի հայն այլևս չէր կարող ապրել օտարի լծի տակ, ամեն ինչ հիմնովին փոխվեց: Այլևս հնարավոր չէր նույն ձևով շարունակել ապրել Ադրբեջանում: Մեզ սկսեցին նայել թունոտ, արյունարբու հայացքներով: Մենք պատժվում էինք միայն նրա համար, որ հայ ենք: Ամուսնանալով Հրաչիկ Առստամյանի հետ՝ 1948 թվականին տեղափոխվել ենք Բաքու և հաստատվել այնտեղ: Ունեցանք 4 երեխա և անում էինք ամեն ինչ, որպեսզի ադրբեջանցիների մեջ ապրող մեր զավակների մեջ արմատավորվի հայեցի դաստիարակությունը: Հաճախակի էինք գալիս հայրենի գյուղ, շփվում մեր հայրենակիցների հետ, երեխաները խաղում էին իրենց հասակակիցների հետ և միշտ սրտատրոփ սպասում հաջորդ հանդիպմանը: 1988 թվականին խաթարվեց ամեն ինչ: Բաքվում ապրող հայությունը համոզվում էր, որ այստեղ հնարավոր չէ այլևս մնալ: Չէինք կարողանում տանից դուրս գալ, ահ ու դողի մեջ էինք: Ադրբեջանցի մի հարևան ունեինք, ում հետ երկար տարիներ բարեկամություն էինք անում: Մի օր նա գալիս է մեր տուն և ասում, որ կարող ենք իր վրա հույս դնել: Եվ նա սկսեց մեզ համար ուտելիք և խմելիք բերել խանութից: Բանտարկված ապրում էինք մեր սեփական տանը, վախենում էինք անգամ պատուհանից նայել: Չէ որ գազազած ամբոխներ էին շրջում քաղաքում: Այլևս անկարելի էր թաքնված ապրել, ամուսնուս հետ որոշեցինք տեղափոխվել հայրենի գյուղ: Նույն հարևանը սկսեց մեզ օգնել տունը փոխանակելու և Բաքվից տեղափոխվելու գործում: Հետո լսեցինք, որ նրան ահաբեկել են գլուխը կտրել, եթե շարունակի օգնել մեզ: Օրերից մի օր մեր տանը հայտնվեց ադրբեջանցի մի ընտանիք և հայտարարեց, որ տունն արդեն իրենցն է: Որոշ իրեր վերցնելով՝ մենք մի կերպ հասանք Երևան: Համարյա ամեն ինչ թողեցինք այնտեղ, կարելի է ասել՝ մեր ստեղծած և ունեցած ամեն ինչը: Սակայն փառք էինք տալիս Աստծուն, որ փրկվեցինք գազանից: Չմնացինք Հայաստանում, թեև որդիներս այնտեղ բնակարաններ ունեին, հասցրել էին փոխանակել ադրբեջանցիների հետ: Նրանք հորդորում էին մեզ մնալ այդտեղ, չէ որ չգիտեինք, թե մեզ ինչ կսպասեր Արցախում: Ես և ամուսինս միաձայն որոշեցինք և վերադարձանք հայրենի գյուղ՝ մեզ հետ վերցնելով աղջկաս: Թոռս՝ Արսենը Երևանում ավարտեց ռուսական ութամյա դպրոցը և հետո տեղափոխվեց գյուղ: Իսկ Ղարաբաղում պատերազմ էր մոլեգնել, մեր անվեհեր տղաները ելել էին մեր հավերժական թշնամու դեմ: Նրանց կամքի, ուժի և հավատի շնորհիվ մենք հաղթեցինք և հայ մնացինք: Ափսո՜ս, այդ հաղթանակը շատ թանկ արժեցավ, բազում քաջ տղաներ նահատակվեցին: Մեր գյուղից հինգ հայորդիներ իրենց արյամբ շաղաղեցին այս սուրբ հողը, որի վրա այսօր հաստատուն կանգնած են մեր սերունդները: …Տարիներ հետո լսեցինք, որ Բաքվի մեր հայ հարևաններից և ծանոթներից շատերը խոշտանգությունների, բռնությունների զոհ են դարձել՝ ոմանք բռնաբարվել ու սպանվել են… Նորա տատիկը հանկարծ լռեց և հոգոց հանելով՝ շարունակեց. §…1991 թվականն էր, ամուսինս ավտոբուսով մեկնել էր Ասկերան, ինչ-որ փաստաթղթերի հարցով: Երբ հասան Խոջալու, ադրբեջանցիներն սկսեցին քարկոծել մեքենան: Վարորդը չկարողանալով պահպանել մեքենայի հավասարակշռությունը՝ մեքենան գլորեց ձորը: Վիրավորվեց նաև ամուսինս և տեղափոխվեց Ստեփանակերտի հիվանդանոց: Տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել, միաժամանակ նրա մոտ բացահայտվեց այլ հիվանդություն: Մեկ ամիս մնաց հիվանդանոցում, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը… Շատ դաժան օրեր ունեցանք, մեծ դժվարությամբ հաղթահարեցինք ամեն ինչ և մի կերպ ոտքի ելանք¦: Հիշողությունները Նորա տատիկի մեջ մերթ ուրախ, մերթ տխուր զգացմունքներ էին առաջացնում: Իմ աչքից չէր վրիպում, թե ինչպիսի ջերմությամբ էր տատիկին նայում թոռը՝ Արսենը և երբեմն լրացնում էր նրան: §Տասը տարեկան »ñ»Ë³ էի և հիշում եմ ամեն ինչ: Ինչպես տատիկս է նկարագրում, եթե ժամանակին չհեռանայինք Բաքվից, գուցեև մեր ճակատագրերն այլ կլինեին: Հիշում եմ, երբ քեռիներիս հետ Երևանից ժամանում էինք Ստեփանակերտ, Խոջալուի օդանավակայանում մեզ ստուգեցին և կողոպտեցին ադրբեջանցի օմոնականները: Մի գաղտնի սենյակ կար, հայերին տանում էին այնտեղ, հարցաքննում և կողոպտում: Իսկ այն հայը, ով չէր ենթարկվում, անմիջապես մտցնում էին մեքենա և տանում անհայտ ուղղությամբ: Հիշում եմ, որ ինձ չստուգեցին և իմ մոտ պահված չնչին գումարով կատարեցինք պապիկիս թաղման արարողությունը: Ուսումս շարունակելու համար ստիպված էի քեռիներիս հետ վերադառնալ Երևան: Հետդարձին կրկնվեց նույնը՝ կողոպտվեցինք և արժանացանք վիրավորանքների: Իմ աչքից չի հեռանում այն ցավոտ տեսարանը, երբ ադրբեջանցի օմոնականը ավտոմատով խփում էր քեռուս¦,-ասում է Արսենը: Ուսումը շարունակելով Ավետարանոցի միջնակարգ դպրոցում և ստանալով միջնակարգ կրթություն՝ Արսենը զորակոչվել է Արցախի ՊԲ և այնտեղ ծառայել 3 տարի: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել գյուղում՝ որպես կոմբայնավարի օգնական: Ինչպես ինքն է ասում՝ պետք է օգներ ծերացող տատին և մորը: Ոչ մի աշխատանքից չէր երկնչում: Միաժամանակ ընդունվեց Արցախի պետական համալսարանի ռուս բանասիրական բաժինը և ավարտելով այն ու ստանալով ռուսաց լեզվի և գրականության ուսուցչի մասնագիտություն՝ աշխատանքի անցավ գյուղի հիմնական դպրոցում: Անշուշտ, հայրենի գյուղում ապաստան գտած փախստական ընտանիքն այսօր չի տրտնջում և դժգոհում ոչնչից: Համագյուղացիների սիրով և հոգատարությամբ շրջապատված՝ նրանք ապրում են հասարակ գյուղացուն վայել աշխատասիրությամբ, հայի պատվախÁնդրությամբ ու հայրենասիրությամբ: Նորա տատիկի և Աիդա մայրիկի միակ հույսն ու հպարտությունն Արսենն է, ով այսօր վայելում է համագյուղացիների սերն ու հարգանքը: Երեք երեխաների հայր Արսեն Հայրապետովն այսօր ղեկավարում է հայրենի համայնքը: Աշխատելու, ստեղծելու էներգիայով լեցուն երիտասարդ ղեկավարն անում է ամեն ինչ հարազատ համայնքը շենացնելու համար: Այսօր նրա առաջնահերթ խնդիրը համայնքը ջրով ապահովելու հարցն է: Ինչ խոսք, նա չի կորցնում հույսն ու հավատը, որ մի օր գյուղացիները կցնծան ջրի առատությունից, բերք ու բարիքի լիությունից… Գիտե՞ք, ինչքան մեծ բավականություն ստացա այս ազնիվ և համեստ մարդկանց հետ ունեցած իմ հանդիպումից: Այստեղ ես միայն տեսա, թե ինչպիսի պատկառանքով են վերաբերվում և հարգում մեծին, այս օջախում թագավորում է սերն ու համերաշխությունը: Հոգ չէ, որ տարիներ առաջ, ճակատագիրը նրանց հանդեպ անարդար է գտնվել.§Այդպես է հայի ճակատագիրը, պետք է պայքարել ու միշտ առաջ նայել՝ երբեք չկորցնելով հույսն ու հավատը: Աշխատող մարդը միշտ էլ կարող է արարել ու ստեղծել: Արցախ աշխարհում թող միշտ խաղաղություն լինի, մանուկները մեծանան կապույտ և անամպ երկնքի ներքո: Այդ է իմ միակ ցանկությունը¦,- ավելացրեց Նորա տատիկը և խանդաղատանքով լի հայացքն ուղղեց դեպի իր ծոռնիկները: Այո՛, Ադրբեջանից բռնատեղահանված և հայրենի հողում ապաստան գտած փախստականներին բարոյահոգեբանական օգնություն տալ պարտավոր է մեզանից յուրաքանչյուրը: Մեր պարտքը պետք է լինի նաև նրանց պատմությունները լսելն ու տարածելը, չէ որ ներկա և ապագա սերունդները պետք է իմանան թշնամու իրականացրած կոտորածների ու բռնությունների մասին և քաջ գիտակցեն, որ դա անհնարին է մոռանալ ու ներել… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|