ԱՄՈՒՍՆՈՒ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԶԻՆԱԿԻՑԸ
07.02.2018 12:15

Դեռևս վաղնջական ժամանակներից հայ կինը կարողացել է ապացուցել, որ ինքն իր ազգի արժանի դուստրն է: Նա միշտ էլ կարողացել է իր փխրուն ուսերին վերցնել ահագին բեռ ու տանել լռելյայն, նա միշտ իր ամուսնու կողքին էր՝ որպես անհրաժեշտ և անփոխարինելի սյուն: Դարեր շարունակ հայ կինը լույսով, հավատով և նվիրումով ներշնչված է եղել դեպի հայոց ապագան: Եվ հենց այսպիսի սկզբունքներով ապրող հայ կանայք իրենց հույսը, հավատը, քաջությունն ու կամքը փոխանցել են սերնդեսերունդ:

Իսկ արցախցի կնոջ կերպարն ու դերն ավելի ցայտուն դարձավ 1988-ին, երբ Ղարաբաղյան շարժումը դուրս եկավ ընդհատակից և ստացավ համազգային բնույթ: Ինչպես ասում են՝ դանակը ոսկորին էր հասել. այլևս հնարավոր չէ ապրել ուրիշի թելադրանքով և ուրիշի լծի տակ: Պետք էր ձերբազատվել ոխերիմ թշնամուց: Աշխարհասփյուռ հայությունը մեկ հոգի և մի բռունցք դարձավ…

Եվ գտնվեցին մարդիկ, ովքեր սեփական անձն ու ճակատագիրը ստորադասեցին

ազգային խնդրին, բազում վտանգներ հաղթահարելով՝ կարողացան հասնել մեր ամենանվիրական նպատակին…

Այդ մարդկանց կողքին էին և իրենց կանայք: Իսկական հայ կանայք, որոնք թև և թիկունք էին ամուսինների ձեռնարկած գործին: Իմ զրուցակիցը Մելանյա Առուշանյանն է: Երբ նրա ամուսինը՝ Սլավիկ Առուշանյանը դարձավ Ղարաբաղյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար, դա նորություն չէր կնոջ համար, որովհետև Երևանի պետական համալսարանում ուսանելու տարիներից էր նա նվիրված Ղարաբաղի փրկությանը: Դրա վառ ապացույցն ավարտելուց հետո հրաժարվել էր Սարդարապատի թանգարանի տնօրենի պաշտոնի հեռանկարից՝ գերադասելով վերադառնալ Արցախ: Իսկ պատմության ֆակուլտետի դեկան Ռ.Մովսիսիյանի այն հարցին, թե ինչ է անելու Ղարաբաղում երբ վերադառնա, Ղարաբաղն արդեն վերջացած է, իսկ նա կուսակցական է և այստեղ տնօրեն կդառնա մեկ

տարուց, Ս.Առուշանյանը կարճ պատասխանել է,-<<Եթե ուրիշ ոչինչ չկարողանամ անել, հայերի քանակը չորսով կավելացնեմ>>: 1978 թվականին նա իր ընտանիքով տեղափոխվեց Արցախ…

Եվ Մելանյան անմիջապես ամուսնու գաղափարակից ընկերը դարձավ: Չէ որ յուրաքանչյուր մայր նախևառաջ ցանկանում էր իր զավակին տեսնել ազատության մեջ և խաղաղության բերկրանքը վայելելիս:

Հոդվածիս հերոսուհին իր սկզբունքների հարցում՝ անզիջում, մարդկային հարաբերություններում հոգատար, բարի, ազնիվ և զգայուն մարդ է: Հիրավի, այս կնոջ արժեքների մասին խոսելիս, ես ակամա մտաբերում եմ անցած այն բոլոր տարիները, որ հաստատուն քայլերով անցել է նա իր ամուսնու հետ և ոչ մի րոպե չի դադարել իրական հայրենասեր լինել:

Երբ զանգեցի նրան և խնդրեցի զրուցել ինձ հետ, պատասխանեց.-<<Բայց ես ինչ կապ ունեմ Արցախյան Շարժման հետ>>: <<Դուք Սլավիկ Առուշանյանի կինն եք>>,- հետևեց իմ պատասխանը:

Հանդիպեցինք <<Բերդ>> թերթի խմբագրությունում, և մեր միջև ծավալվեց անկեղծ և հետաքրքիր մի զրույց:

<<Ղարաբաղյան Շարժման արմատները շատ խորն են, մինչև 1988 թվականն այն արդեն սկսված էր: Շատ քչերը գիտեն նախապատրաստական և վտանգավոր փուլի մասին, որը կարող էր ճակատագրական և անկանխատեսելի հետևանք ունենալ:

1985 թվականի դեկտեմբեր ամիսն էր, ամուսինս Բաքվում էր: Գնացել էր քաղլուսկաբինետի համար տեխնիկական սարք բերելու: Այնտեղ ցանկանում էին իրնց հին և օգտագործվածը տալ, սակայն նա հրաժարվեց բերել: Մեր տան հեռախոսին զանգում և ռուսերեն լեզվով նրան են հարցնում: Պատասխանում եմ, որ տանը չէ: Նորից են զանգում և ստանում նույն պատասխանը: Հաջորդ օրը, երեկոյան ամուսինս վերադառնում է Բաքվից, նրան ասում եմ այդ կասկածելի զանգերի մասին: Լռում է…

Գիշերվա կեսին հանկարծ մեր տան դուռը ծեծում են, և ներս են մտնում ազգությամբ ադրբեջանցի և ռուս մի քանի մարդ: Խոսում են ռուսերեն: Ես նրանց հյուրասիրում եմ սուրճով և դուրս գալիս սենյակից՝ հետևիցս փակելով դուռը: Այդ պահին լսում եմ, որ ամուսինս նրանց կամաց ասում է.-<<Կինս ոչնչից տեղյակ չէ, նա երեխայի է սպասում, խնդրում եմ չանհանգստացնել>>: Անմիջապես հասկանում եմ, թե ինչու համար են եկել. տանն արգելված գրականություն էին փնտրում, չգտան, պահել էի շատ ապահով տեղում…

Հետո ծնվեց Վաչագանս՝ չորրորդ որդիս: Շարժումը դուրս էր եկել ընդհատակից: Բնականաբար, սկսվեցին դժվար տարիները: Ես հասկանում էի պահի ողջ լրջությունը և կամենալով այդ վեհ գործին իմ լուման ներդնել, աշխատում էի ընտանեկան հոգսերից թեթևացնել ամուսնուս բեռը:

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո՝ ամբողջ Ղարաբաղն սկսեց օգնություն հավաքել, որպեսզի ուղարկեին Հայաստան: Այդ ժամանակ երկրաշարժից տուժածները հանգրվան էին գտնում նաև Արցախում: Մի քանի ընտանիքներ էին մնում մեր տանը, մինչև կտեղավորվերին ուրիշ բնակավայրերում: Մեր մեջ այնքան մեծ հայրենասիրություն կար և ազգի հանդեպ սեր, որ ես հոդվածով հանդես եկա թերթում՝ հորդորելով բոլորին անպայման մի երեխա ևս ունենալ: Օրինակ ծառայելով՝ ունեցա հինգերորդ որդիս:

Եկավ 1988-ի փետրվարը: Տղամարդկանց հետ ակտիվացանք մենք՝ կանայքս: Կարելի է ասել, որ ակտիվ էին համարյա բոլորը: Իսկ նրանք, ովքեր չէին կարողանում ազատ խոսել և իրենց դրսևորել, ապա դա նրանից էր, որ վախի զգացում ունեին և չէին հասկանում պահի լրջությունը:

1989 թվականին մեր տունը մի քանի անգամ օմոնականների կողմից խուզարկվում էր: Հինգ երեխաներիս հետ մեն-մենակ էի/Սլավիկը տանը համարյա չէր լինում/>>…

Տիկին Մելանյան երբեմն ընդհատում էր խոսքը, ասես վերադառնում անցյալ, մտազբաղ վերհիշում իր գլխով անցած-դարձածը, իսկ այդ տարիներն այնքա՜ն դաժան էին և այնքա՜ն դժվար: Բայց իր կողքին ողջ ու առողջ էին իր բալիկները և այնքա՜ն երջանիկ էր նա…

Հոգոց հանելով՝ սիրասուն մայրը շարունակեց,-<< Ես գիտեի, որ օմոնականները փնտրում էին Սլավիկ Առուշանյանի Արտաշես որդուն, մնացածները փոքր էին: Այդպես էին պատրաստվում խեղճացնել և ծնկի բերել հայրենասեր մարդուն: Նրան նեղում էին և բացարձակ հայտարարում ,որ երեխաներին պատանդ էին վերցնելու: Վախենում էի վայրկյանով անգամ մենակ թողնել նրանց: Մի անգամ ասացի ամուսնուս,-<<Ինչ կլինի, գոնե Արտաշեսին դուրս հանիր այստեղից, շատ եմ վախենում նրա համար>>: Նա բարկացած և շատ զարմացած նայելով ինձ պատասխանեց,-<<Շահումյանում, նրա հասակակիցները խրամատներում հրացան են լիցքավորում իրենց հայրերի համար, իսկ դու…>>: Ամոթից լռեցի…Բայց հետապնդումները շարունակվում էին:

…Հարևաններս վախենում էին իրենց տանը տեղ տալ երեխաներիս, բայց ես չէի նեղանում՝ հասկանում էի նրանց: Նորից պիտի գային խուզարկության, խնդրեցի, որ Շարժման հետ կապված փաստաթղթերի մի մասը մի քանի օրով պահեն, հրաժարվեցին, վախենում էին: Հաջորդ օրը գործն իր վրա վերցրեց խնապատցի ազատամարտիկ Սանասար Ծատրյանը: Շատ մարդիկ երբեմն խուսափում էին մեզ հետ շփվել:

Բայց ես գիտակցում էի. այս ամենն անցողիկ է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու է, և մենք ապրելու ենք մեր երազած Արցախում:

…Ես չեմ կարող մոռանալ ու չգնահատել մեր շենքին կից՝ սեփական տներում բնակվող Գյուլչորա Ավագիմյանին: Մի իսկական խիզախ և հայրենասեր հայուհի. նա առանց վախենալու տարավ և իր տանը որպես իր որդի ներկայացրեց իմ տղային: Այդպես հաջողվեց օմոնականներից փրկել որդուս: Գյուլչորան հրացանը ձեռքին՝ տղամարդկանց հետ հերթապահություններ էր իրականացնում նաև: Ո՛չ ահ ուներ, ո՛չ վախ: Ցավոք, Արցախյան պատերազմում նա կորցրեց իր ավագ որդուն: Բայց

այդ յուրահատուկ կինը կարողացավ հաղթահարել այդ ցավը, քանզի նրա երկու որդիները շարունակում էին պայքարել Հայրենիքի ազատության համար: Հպարտանում եմ, որ մեր՝ ակտիվ կանանց շարքում կային այդպիսի հերոս մայրեր: Ասկերանում աչքի էին ընկնում Էվելինա Աղաջանյանը, Միրա Ավանեսյանը, Նորա Ասրյանը, Կարինե Ջհանգիրյանը, Էլմիրա Բաբայանը, Գյուլչորա Իսրայելյանը, Մարիետտա Քոչարյանը և ուրիշներ: Այդ կանայք համարձակ էին, խիզախ և նպատակասլաց:

1991 թվականի վերջերին բոլորս տեղափոխվել և ապրում էինք շենքի ներքնահարկում: Եկավ մի ժամանակ, որ այստեղ մնացին միայն իմ երեխաները: Կային մարդիկ, ովքեր անձամբ գալիս էին տեսնելու և համոզվելու, որ Սլավիկ Առուշանյանը ոչ մի երեխայի չի հանել Ասկերանից: Ի դեպ, նույնն է եղել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, անգամ թոռներս չլքեցին Ասկերանը:

…Ապրելու միջոցներ չկային, ջուր էինք բերում ներքևի գետակից: Ցուրտ էր, լույս չկար… Բամբակից կանթեղ էինք սարքում և մի կերպ լուսավորում նկուղները: Չէի ցանկանում լքել Ասկերանը, Սլավիկն այստեղ էր…Իհարկե, օգնողներ ունեինք, ներքնահարկում հավաքվածներս մի համերաշխ ընտանիք էինք դարձել: Մի կտոր հացը, շաքարն անգամ կիսում էինք իրար հետ:

1992 թվականի փետրվարին, երբ վտանգն ուժգնացել էր, մենք տեղափոխվեցինք Դահրավ գյուղը: Մեզ համար սկսվեց չափազանց դժվար մի ժամանակաշրջան: Երեխաներս չէին տեսնում իրենց հորը, իսկ ես բացատրում էի, որ նա ողջ հայության հետ ազատության համար է պայքարում:

Մեր ընտանիքին շատ էին օգնում ամուսնուս հարազատները, առանձնապես ամուսնուս եղբայր Սերգեյը, ով նույնպես նվիրյալ հայրենասեր էր: Երբ հուզվում և նեղվում էի, կատակում էր,-<<Մի հուզվի՛ր, ինչ պիտի աներ Սլավիկը, որ ես չկարողանայի: Ամեն ինչում կօգնեմ քեզ, մի՛ վհատվիր>>:

Իսկ ամուսնուս ասում էր,-<<Եղբա՛յրս, դու ընտրել ես ճիշտ ճանապարհ և ընկել ես Շարժման մեջ: Ուրեմն, գնա՛ մինչև վերջ, եթե քեզ հետ մի բան պատահի, ես տեր կկանգնեմ քո հինգ որդիներին>>: Ինչ իմանար, որ դաժան պատերազմը կխլի իր երիտասարդ կյանքը և երեխաներն առանց հայր կմեծանան: Փետրվարի 18-ին նրա ծննդյան 65-ամյակն է, նույն օրը նշվելու է նաև նրա զոհվելու օրը:

Ամուսնուն կես խոսքից հասկացող Մելանյա Առուշանյանն ամբողջ կյանքում նվիրվել է ոչ միայն իր կողակցին՝ այլ նաև նրա ողջ գերդաստանին: Նա իր բարի խորհուրդներով, լավատես մտքերով հաճախ է կիսվում զոհված տեգոր զավակների հետ, հուսադրում նրանց և մղում միշտ հպարտ լիենելու գաղափարին:

Հուզումնալից և այնքան անկեղծ մեր զրույցի վերջում տիկին Մելանյան ասաց.

- Այո՛, վերջացան վտանգներով և արհավիրքներով լի այդ տարիները: Մենք հաղթեցինք, և մեր նպատակներն իրականություն դարձան: Այսօր ապրում ենք ազատ և անկախ Արցախ աշխարհում:

Ես մաղթում եմ մեր ժողովրդին առողջ բանականություն, խաղաղ երկինք, և թող մարդիկ չնեղվեն այս ժամանակավոր նեղություններից: Արցախն աշխարհի ամենագողտրիկ, հրաշալի և հարազատ երկիրն է: Միայն այստեղ կարող է արցախցի-հայն իրեն լիարժեք երջանիկ ու ապահով զգալ: Ցանկանանք մեր անհաղթ բանակին ամրություն և խաղաղ ծառայություն:

Զրույցս այս առանձնահատուկ, համեստ և առաքինի կնոջ հետ՝ ինձ վրա թողեց վառ տպավորություն: Ինքնին համոզվեցի, որ կինը, տղամարդուց ոչ պակաս, կարող է ուժեղ և խիզախ լինել՝ չդադարելով լինել մեղմ և դյութիչ, իմաստուն և խոհեմ…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter