ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ ՋՐԱՂԱՑՆԵՐՈՒՄ
05.04.2018 15:54

 Մեր շրջանում բարի ավանդույթ է դարձել ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման շաբաթօրյակների անցկացումը: Տարեց-տարի ավելի մեծ ակտիվությամբ և պատասխանատվությամբ են իրականացվում այդ աշխատանքները: Մեզանից յուրաքանչյուրի համար պատվի հարց է հարազատ բնօրրանը մաքուր, բարեկարգ և պայծառ տեսնելը, քանզի աշխարհին պետք է ցույց տանք, որ քաղաքակիրթ ժողովուրդ ենք և մեր մակարդակով ու բարեկեցությամբ չենք ուզում զիջել ոչ մի երկրի: Իսկ որքան հաճելի է, երբ այդ վեհ գործին մասնակից են դառնում դպրոցահասակ երեխաները, ովքեր գիտակցում են, որ դա հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է, ինչը նրանք պարտավոր են անել պարտքի մեծ զգացումով: Հիրավի, մարդկային ամենավեհ արժեքներից ամենակարևորը հայրենասիրությունն է, և այսօրվա մատաղ սերունդը քաջ գիտի, որ Հայրենիքից դուրս երջանկություն չկա, յուրաքանչյուր ոք պետք է արմատներ գցի իր հարազատ հողում:

Ջրաղացների Աշոտ Մելիք-Շահնազարյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովի գլխավորությամբ ապրիլի 5–ին գյուղում իրականացրեցին ծառատնկման աշխատանքներ:

Այս անգամ ծառատունկը նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաների հիշատակին: Դպրոցականներն իրենց վերապահած այդ գործը կատարում էին ամենայն սիրով ու հարգանքով: Այդպիսով նրանք հարգանքի տուրք էին մատուցում իրենց ավագ եղբայրներին, որվքեր 2016 թվականի ապրիլին անձնվիրաբար կռվեցին անհավասար մարտերում, ընկան հերոսի մահով և իրենց անունները հավերժ թողեցին մեր սրտերում:

Հայրենասիրությունն ապացուցվում է ոչ թե խոսքով, այլ գործով: Ապրիլին մեր տղաներն ապացուցել էին ամբողջ աշխարհին, որ իրենց հայրենասիրությունը վեր է ամեն ինչից, իսկ այսօր այս երեխաները շարունակում են նրանց գործը: Տնկելով այս 110 տնկիները, դպրոցականները համոզված էին, որ տարիներ հետո այստեղ հիանալի մի այգի է լինելու, որն  առատ բերք ու բարիք է տալու մարդկանց՝ մշտապես հիշեցնելով ապրիլյան հերոսներին:

<<Ծառ տնկելը մեզ համար մեծ պատիվ է, չէ որ այդպիսով մենք բարձր ենք պահում մեր հերոսների հիշատակը, ովքեր դարձել են հավերժություն: Եվ այս գիտակցումով պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել այս դալար տնկիները, ջրել ու խնամել դրանք: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հետևողական աշխատանք տանի իր շրջապատը միշտ մաքուր և բարեկարգ պահելու համար: Բոլորն էլ յուրովի հայրենասիրական աշխատանք ենք կատարում: Ուսուցիչն ուսուցանում է, բժիշկը՝ բուժում, աշակերտը՝ սովորում, իսկ մեր տղաները պահպանում են մեր խաղաղ անդորրը:>>,-հպարտությամբ է ասում  9-րդ դասարանի աշակերտ Սերոբ Վարդանյանը, ում հայրը՝ Մուրադ Վարդանյանը 16 տարեկանից առ այսօր ծառայում է ԱՀ ՊԲ շարքերում: Ակնհայտ էր, որ պատանու մոտ հայրենասիրությունը ժառանգաբար է փոխանցվել: Սերոբը երազում է շուտ մեծանալ, կատարել իր սուրբ պարտքը և իր հոր պես նվիրաբար ծառայել ԱՀ ՊԲ-ում …

Ինչպես շեշտեց դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը, նմանատիպ ձեռնարկներով պետք է երեխայի մեջ ամրապնդել սերն ու հավատը դեպի մայր հողը:

-Այսպիսով մենք երեխաներին ցույց ենք տալիս, որ հենց այստեղից է սկսվում հայրենիքը, և նրանց մեջ արմատավորվում է վաղվա ապագան ավելի պայծառ տեսնելու տենչը:

Համայնքի բնակիչների անունից ես շնորհակալական նամակ ուղղելով բարերար Սամվել Դավթյանին՝ միաժամանակ հույս եմ հայտնել, որ մեր բարի այս հարաբերությունները շարունակական են լինելու: Պետք է նշեմ, որ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովն այս ուղղությանը և առհասարակ գյուղի բարեկարգման ու մաքրման աշխատանքներին մեծ տեղ է տալիս: Պարբերաբար  կազմակերպում է շաբաթօրյակներ, որոնց ընդգրկվում են թե՛ դպրոցականները և թե՛ համայնքի բնակիչները:

Համայնքի ղեկավարն իր խոսքում կարևորելով միջոցառման խորհուրդը՝ միաժամանակ նշեց.

-Կայուն համագործակցություն ունենք Գորիսի շրջանի Տեղ գյուղում հայտնի գյուղատնտես Սամվել Դավթյանի հետ: Նա պարբերաբար մեր համայնքին տնկիներ է հատկացնում, այս անգամ 110 սալորենու տնկի է նվիրել մեր գյուղին, որը խորհրդանշական է և ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին է նվիրվել: Մտադիր ենք կառուցել զոհվածների հիշատակին նվիրված այգի և նպատակ ունենք հետագայում նրանց ծնողներին հրավիրել՝ տեսնելու և համոզվելու, որ իրենց որդիների հիշատակն անմար է: Պետք է շեշտեմ, որ համայնքում կազմակերպվող յուրաքանչյուր ձեռնարկի իրականացմանը ձեռնամուխ է լինում նաև դպրոցը: Նմանօրինակ բոլոր միջոցառումները յուրաբնույթ հայրենասիրական ու ազգանվեր դասեր են, որոնց մասնակցելով՝ աշակերտները և համայնքի երիտասարդները ստանում են բարձր գնահատական ու մեր մեծերի օրհնանքը:

Նշեմ, որ աշխատանքները շարունակական են լինելու, նորաստղեծ այգին պետք է ցանկապատվի և այդ հարցում մենք ակնկալում ենք բարեխիղճ մարդկանց աջակցությունը:

Դե ինչ, Ջրաղացների համայնքում ձեռնարկվող այս միջոցառումը ողջունելի և պատվավոր գործ է բոլորիս համար: Կատարենք բարի գործ և վայելենք մեր աշխատանքի արդյունքները…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter