ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՐԱՂԱՅԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
12.04.2018 16:13

Այստեղով թուրքն է անցել…

Վ.Հյուգո

1992 թվականին ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են Արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայերի  համար ամենաողբերգական կոտորածը՝ Մարաղայի կոտորածը: Այստեղ տեղի են ունեցել ամենանողկալի, ստոր և սահմռկեցուցիչ դեպքերը, որոնք նկարագրության ենթակա չեն, որոնց դիմանալ չեն կարող անգամ ամենաառողջ և ուժեղ մարդիկ:

Ապրիլի 10-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց միջոցառում նվիրված Մարաղայի զոհերի հիշատակին: Հարգանքի տուրք մատուցելու, հիշելու և խոնարհելու էին եկել Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտներ, դասղեկներ, շրջանի երիտասարդներ:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանն իր խոսքում կոչ արեց երբեք չմոռանալ 1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղայում իրականացված սոսկալի կոտորածը:

<<Հարևան պետությունը մեկ անգամ ևս ցույց տվեց իր արյունարբու և մարդասպան ձեռագիրը ՝ քանիցս ապացուցելով, որ երբեք չի փոխվի նրա զազրելի դեմքը: Մենք անհողդողդ կմնանք և երբեք թույլ չենք տա թշնամուն կրկնել իր զարհուրելի արարքները: Այսօրվա մեր սերունդը պետք է լավ իմանա սեփական ազգի պատմությունը և երբեք չմոռանա մեր դարավոր և բացահայտ թշնամու մասին, պատրաստ՝ ցանկացած պահի արժանի հակահարված տալու նրան>>,-շեշտեց Ռ.Մկրտչյանը:

Մարաղայում իրականացված ահավոր կոտորածի մասին տեղեկություններով հանդես եկավ Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արեն Սարուխանյանը:

Մարաղան /Լենինավանը/ գտնվում է Արցախի հյուսիս-արևելքում, Միրբաշիրի շրջանի հարևանությամբ: Ըստ 1989 թ. իրականացված մարդահամարի, գյուղում ապրում էր 4660 մարդ:

Ինչպես ներկայացրել են կոտորածից մի կերպ փրկվածները, 1992 թվականի ապրիլի 9-ի երեկոյան սկսվեց գյուղի ռմբակոծությունը, գյուղում պայթեց մոտ 3000 արկ: Ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 5-ին վերսկսվեց հրետակոծությունը և կեսօրին ադրբեջանական զինվորական ստորաբաժանումը ՝ 1000 զինվորի և 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ: Պաշտպանող ուժերը տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժերին, նահանջեցին՝ զգուշացնելով գյուղի բնակչությանը: Հիմնական բնակչությունը լքեց գյուղը, մնացին միայն ծերունիները և հաշմանդամները, ովքեր պատսպարվեցին նկուղներում: Հաջորդ օրը հայերը ետ գրավեցին գյուղը և գտան մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակչի դիկակ, որոնք ենթարկված էին ամենաահավոր կտտանքների: Դիակներից մի քանիսը գլխատված էին, իսկ մի մասի աչքերը հանված, ականջները կտրված ու այրված:

<<Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղն ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը: Նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեր հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել>>,- իր աչքով տեսածն է ասել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը:

Արյունարբու օմոնականները ներխուժելով գյուղ, թալանեցին ավերեցին ու հրկիզեցին այն, իսկ գյուղում մնացած բնակչությանը ենթարկեցին դաժան կոտորածի: Ըստ տվյալների Մարաղայում սպանվել է մոտ 100 մարդ, գերի է վերցվել 60 մարդ, որոնցից 9-ը երեխա էին , իսկ 29-ը՝ կին: Հետագայում նրանցից մի մասը վերադարձվել է, մի մասը փոխանակվել: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել մի քանի հոգու սպանության մասին, իսկ 29 մարդու ճակատագիր մինչ այսօր հայտնի չէ:

Գյուղը 1992 թվականի ամռանը գերևարվել է հակառակորդի կողմից և մինչև այսօր գտնվում է նրա ձեռքին:

Իր ելույթի վերջում պատմության մասնագետը կոչ արեց լավ սերտել հայոց պատմությունը, ճիշտ տեղեկություններ հավաքել և երբեք չմոռանալ դրանց մասին:

Այնուհետև միջոցառման մասնակիցները դիտեցին Մարաղայում ջարդերի մասին պատմվող փաստավավերագրական ֆիլմ:

Վերջում Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ Մարաղայի անմեղ զոհերի:

Ինչ խոսք, այս միջոցառումից ներկա սերունդներն արժանի դասեր քաղեցին: Եվ եթե Մարաղայի ողբերգությունից անցել է 26 տարի, սակայն միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տվել ինչպես Մարաղայի, այնպես էլ Բաքվի, Սումգայիթի, Գանձակի / Կիրովաբադ/ ջարդերի վերաբերյալ, ուրեմն, այս սերունդը քաջատեղյակ լինելով մեր պատմությանը՝ պետք է երբեք չմոռանա կատարվածը, հանրությանը ներկայացնի մեր արդար պահանջը և ամեն գնով պաշտպանի մեր հայրենիքի անկախությունն ու ազատությունը:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter