ՆՐԱ ԱՆՈՒՆՆ ԱՆՄԱՀ Է… |
04.04.2018 16:30 |
Նորից ապրիլ է… Բնությունը զարթոնք է ապրում: Ամենուր կանաչ-կանաչ է… Ծաղկափթիթ ծառերի ճյուղերը կքել են երանելի ծանրությունից: Տարին առատ է լինելու, բերք ու բարիքը՝ անպակաս մեր Արցախ աշխարհից: Ինչքա՜ն գեղեցիկ է ապրիլը, ինչքա՜ն խորհրդավոր և ինչքա՜ն տխուր հայի համար…Թռչուններն այնքան սրտաճմլիկ են դայլայլում, որ կախարդական թվացող նրանց գեղգեղանքը մտնում է հոգուդ խորքը և դաջվում այնտեղ… 2016 թվականի ապրիլ…Միթե տարվա ամենաչքնաղ եղանակի ամենահրաշալի ամսում հայը պետք է արհավիրքներ տեսներ: Միթե բազում երիտասարդներ, ովքեր մեր երկրային կյանքի պահապաններն էին, պիտի դառնային երկնային մեր պահապան հրեշտակները՝ հավերժական լույս սփռելով մեզ վրա, իսկ մեզ՝ նրանց շնորհիվ ապրողներիս թողնեին լոկ գիշեր ու ցերեկ նրանց անունների առջև խնկարկելիս… Այդ հերոսներից մեկն էլ փոխգնդապետ Օնիկ Կարոյի Գրիգորյանն էր: Հայրենիքին անմնացորդ նվիրված մի երիտասարդ, ով կյանքից առավել դասեց Հայրենիքի պաշտպանությունը և սեփական ազգի արժանապատվությունն ու պատիվը… Ապրիլի 2-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հարգանքի տուրք մատուցվեց ապրիլյան պատերազմում զոհված Օնիկ Գրիգորյանի հիշատակին: Ներկա էին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար Արթուր սարկավագ Խունոյանը, շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, շրջանի մի խումբ երիտասարդներ, հերոսի մարտական ընկերներ, հարազատներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հերոսի հիշատակը, այնուհետև Արթուր սարկավագ Խունոյանը կատարեց օրհնության կարգ: Նա ներկաներին կոչ արեց երբեք չմոռանալ, որ թշնամին մշտարթուն է. <<Չպետք է մոռանալ, որ նա սիրում է գործել նենգորեն, հանկարծակի: Այդպիսին է այդ ազգի բնույթը և մենք երբեք չպետք է կորցնենք մեր զգոնությունը: Հիշենք և մեծարենք բոլոր ընկածներին, փառք ու պարծանք մեր տղաներին>>: Անկասկած, կորստյան ցավը չափ չունի Օնիկի հարազատների համար: Մինչև իրենց կյանքի վերջ նրանք ապրելու են սրտի կսկիծով, անդառնալի ցավով ու կարոտով: Սակայն նրանց տխրության հետ շաղախված է նաև մի առանձնահատուկ հպարտություն: Օնիկի ծնողները հպարտ են նման զավակ դաստիարակելու համար, իսկ կինն ու երեխաները փառքով պսակված նրա անունը միշտ բարձր են պահելու: Հերոսի հոր՝ Կարո Գրիգորյանի խոսքում այնքա՜ն թախիծ, կարոտ և ուժ կար. -Ես երախտապարտ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հիշում և գնահատում են մեր տղաների կատարածը: Այս միջոցառման խորհուրդը յուրահատուկ է, այն հայրենասիրական դաս է, որը պետք է մեր սերունդներին: Հիրավի, այսօրվա մատաղ և երիտասարդ սերնդին բնորոշ են հայրենասիրությունը, վստահությունը: Նրանցից յուրաքանչյուրը քաջատեղյակ է հայի պատմությանը, որը կրկնվելու հատկություն ունի: Պետք է շեշտենք, որ մենք կարողացել ենք արժանավայել հետնորդներ դաստիարակել՝ նրանց մեջ սերմանելով մարդկայինը, ազնիվը, վեհը: Մենք պետք է ուժեղ լինենք, տոկուն ՝ միշտ պատրաստ լինելով արժանի հակահարված տալ թշնամուն: Փա՜ռք արցախյան և ապրիլյան պատերազմներում զոհված մեր բոլոր հերոս տղաներին: Թող նրանց թափված արյան գնով հաղթանակած այս հողում միշտ խաղաղություն լինի և Արցախ աշխարհը ծլի ու ծաղկի ի հեճուկս մեր դարավոր թշնամու… Միջոցառման մասնակիցները մասնակցեցին Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարված ոգեկոչման արարողությանը: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|