ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ |
04.03.2018 17:16 |
Մարտի 1-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի 2017թ. հաշվետու ժողովը, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԱՀ ԱԺ §Ազատ Հայրենիք¦ կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, ասկերանցիներ։ Ընտրվեց ժողովի նախագահող՝ համայնքի ավագանու անդամ Սևակ Հարությունյանը և քարտուղար՝ համայնքի աշխատակազմի ղեկավար Լիդա Գրիգորյանը, որից հետո Ս. Հարությունյանը ներկայացրեց օրակարգը՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել հանուն Հայրենիքի ազատության և անկախության իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակը։ Քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ներկայացրեց 2017 թվականի համայնքի ղեկավարի և աշխատակազմի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն՝ մանրամասն կանգ առնելով կատարված յուրաքանչյուր աշխատանքի վրա։ Խոսվեց համայնքային բյուջի կատարման և այդ հարցում յուրաքանչյուր բնակչի կարևոր դերակատարության մասին։ Քանի որ համայնքային բյուջեի եկամտային մասը ձևավորվում է սեփական եկամուտների, պետական պահուստային ֆոնդից համայնքներին տրամադրվող դոտացիաների և նվիրատվությունների հաշվին, ուստի քաղաքապետը կոչ արեց համայնքի բնակիչներին խնդրո հարցին մոտենալ ըմբռնումով։ Միաժամանակ նշեց, որ 2017 թվականի բյուջեն սեփական եկամուտների մասով Ասկերանի համայնքը կատարել է 93.5 տոկոսով։ Ս. Աղաջանյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարում ևս կկարողանան համակարգված աշխատանք տանել և համայնքի տնտեսական կյանքում բարձր ցուցանիշներ գրանցել։ Ասկերանի համայնքի բնակիչ Վազգեն Հարությունյանին հուզող հարցը համայնքի բնակիչներին այլ համայնք-ների տարածքներից սեփականաշնորհման հիմունքներով տրամադրված հողամասերի վերաբերյալ էր, որոնց տեղերին, Վ. Հարությունյանի պնդմամբ իրենք՝ սեփականատերերը, տեղյակ չեն։ Ի պատասխան վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարչի Արվիդ Ղուլյանը պատրաստակամություն հայտնեց օգնություն և օժանդակություն ցուցաբերել յուրաքանչյուրին՝ անհատապես։ Վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը հանձնարարեց գյուղբաժնին այս հարցում հետամուտ լինել, ինչպես նաև հորդորեց քաղաքացիներին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ, վեր հանել առկա խնդիրները և մտահոգիչ հարցերը։ Ասկերան քաղաքի բնակիչ Հարութ Սարգսյանին (ստանում է հաշմանդամության թոշակ և դժբախտ պատահարի հետևանքով զրկվել է ծնողական խնամքից) հուզող հարցը աշխատանքի բացակայությունն է, իսկ ստացած թոշակը նույնիսկ չի բավականացնում կոմունալ վճարումները կատարելուն։ Վարչակազմի ղեկավարը խոստացավ մոտ ժամանակներս լուծել Հարութին աշխատանքով ապահովելու խնդիրը, իսկ Արթուր Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց նյութական օգնություն ցուցաբերել։ Ասկերանցիներին մտահոգող հիմնախնդիրներից էին քաղաքի սանիտարական վիճակն ու աղբահանության պարբերականությունը, թափառող շները, Ղլիժբաղ տեղամասում կոյուղու բացակայությունը, որոշ տնտեսություններում ջրաչափերի, ոռոգման ջրի բացակայության, Կարկառ գետի ջրերում երեխաների լողանալու հնարավորությունից զրկված լինելուն և այլն։ Յուրաքանչյուր հարցի շուրջ համապատասխան մասնագետի կողմից տրվեցին պարզաբանումներ։ Առավել հրատապ լուծում պահանջվող հարցերը շրջվարչակազմի ղեկավարը խոստացավ լրացուցիչ քննարկել և ընդգրկել պետական ծրագրերում։ ԱԺ պատգամավոր Ա. Թովմասյանը ողջունելով ասկերանցիներին, նշեց, որ միշտ մեծ խանդավառությամբ է մասնակցում Ասկերանում տեղի ունեցող միջոցառումներին, հպարտանում հայի հայրենապաշտ այն որակով, որը թե՛ կռվի դաշտում և թե՛ խաղաղության պայմաններում հարթում է իր ճանապարհը։ Նա անդրադարձավ 2014-ի օգոստոսյան և 2016-ի ապրիլյան դեպքերին, այսօր սահմանում տիրող իրադրությանը, մոտ ապագայում Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին, հավելելով, որ մենք մեր հարցը լուծել ենք մեր անկախության հռչակմամբ։ Համայնքի բնակիչ, մի քանի պատերազմների ականատես Եվգենյա Ստեփանյանի ելույթն ավելի շատ օրհնանք էր բոլոր այն մարդկանց հասցեներին, ովքեր մտահոգված են Արցախի և Ասկերանի հիմնախնդիրներով, մեր Հայրենիքի խաղաղության պահպանման, նրա անդորրը վերահսկողներին։ Նա հպարտ է հայի հաղթող, տոկուն, միասնական տեսակով, որոնք էլ եղել են մեր հաղթանակների գլխավոր երաշխավորը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |