ՀԱՆՈՒՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ - ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
27.03.2018 17:29

Հարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանի հետ։ 

-Տիկին Աղաջանյան, համառոտ ներկայացրեք, խնդրեմ, 2017 թվականին բաժնի կատարած աշխատանքները։

-Ասկերանի շրջանում սոցիալական ծառայության տարածքային գործակալության գործունեությունը, ինչպես և նախորդ տարիներին, ուղղված է եղել շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կատարման միջոցառումների իրականացմանը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ 2017 թվականին նորաստեղծ ընտանիքների 227 քաղաքացիների շուրջ 34մլն դրամ ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել։ Երեխաների միանվագ նպաստը կազմել է 73մլն 300 հազար դրամ, իսկ երեխաների ամենամսյա նպաստը՝ շուրջ 271մլն դրամ, որից օգտվում են շրջանի 1187 ընտանիքների 1872 երեխաներ։ Ծնելիության և բազմազավակության խթանման ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում Արցախբանկի շրջանային մասնաճյուղում բացվել է 83 նպատակային ժամկետային ավանդային հաշիվ։ Իսկ 18 տարին լրանալու կապակցությամբ դադարեցվել է 17 ավանդատերերի ավանդային հաշիվները և ավանդները տրամադրվել անվանդատերերին։ 5 և ավելի երեխաներ ունեցող 2 բազմազավակ ընտանիքների համար կառուցվել, իսկ 6 և ավելի բազմազավակ 1 ընտանիքի համար Ասկերան քաղաքում գնվել են բնակելի տներ։ 2017թ. սոցիալական առանձին խմբերին պատկանող 552 քաղաքացիների տոն և հիշատակի օրերին վճարվել է շուրջ 24 մլն դրամ միանվագ օգնություն, տրամադրվել 45 առողջարանային բուժման ուղեգիր։ Հաշվետու ժամանակահատվածում շրջանի 1-ին և 2-րդ կարգի արցախյան պատերազմի 163 հաշմանդամներ օգտվել են էլէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցությունից, 12 հաշմանդամի հատկացվել է պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, շրջանի 100 սոցիալապես անապահով քաղաքացիների ըստ դիմումների տրամադրել է 1մլն 820 հազար դրամ։ Նշեմ, որ տարվա ընթացքում գործակալության կողմից բոլոր ծրագրային միջոցառումները կատարվել են ժամանակին և նպատակային։


-Ձեր տեսանկյունից դիտելով, ինչպե՞ս կգնահատեք շրջանի բնակիչների սոցի-ալ-տնտեսական, կենցաղային վիճակը։

-Տնտեսական տարին նշանավորվեց որպես համալիր միջոցառումների և աջակցության ծրագրերի իրականացման տարի։ Կյանքն Արցախ աշխարհում քանի գնում այնքան լվանում է, տարեց-տարի ավելանում է արտադրվող նյութական բարիքների քանակը։ Ու այս ամենը տեղի է ունենում Արցախի իշխանությունների հետևողական աշխատանքի և կառավարության կյանքի կոչած ծրագրերի շնորհիվ, որոնք իրականացվում են տարբեր ոլորտներում։

-Տիկին Աղաջանյան, շրջանում, հանրապետությունում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ուղղությամբ։

-Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումները, 5 և ավելի երեխաներ (մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքներին բնակելի տան հատկացումը նպաստում է մեր ազգաբնակչության աճմանն ու բարգավաճմանը։ Արցախում ապրող արցախցին զգում է, որ մենակ չէ իր հոգսերի հետ, որովհետև քաջ գիտակցում է, որ բնակչության սոցիալական ոլորտի հիմնախնդիները լուծվում են սոցիալական բարեփոխումների շրջանակներում և ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով և ունեն շարունակական բնույթ։ Ներկա պայմանները մեզ պարտավորեցնում են խելացի ու կազմակերպված գործունեությամբ, շինարար ձեռքերով ստեղծենք այն ամենը, ինչ պետք է խաղաղ ու երջանիկ կյանքով ապրելու համար։

- Ի՞նչ կասեք շրջանի բնակիչների զբաղվածության մասին։

-Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնում Ասկերանի շրջանից գրանցված է 110 գործազուրկ քաղաքացի։ 2017-ին նշված գործազուրկ քաղաքացիներից 11 հոգի բավարարվել են աշխատանքով։ Արդեն 2-րդ տարին է, ինչ շրջանում իրականացվում են վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ գործազուրկների ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու համար։ Շրջանի 7 համայնքներ համապատասխան ծրագրերով իրականացրել են նպատակային վարձատրվող հասարակական աշխատանքներ՝ տարբեր բովանդակությամբ։ Ծրագրով նախատեսված աշխատանքներում ընդգրկվել են նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում հաշվառված գործազուրկները։ Շրջանում ծրագրի իրականացումը կշարունակվի նաև ընթացիկ տարում։

-2018-ը բոլորիս համար հոբելյանական տարի է, իսկ դուք եղել եք Արցախյան Շարժման ակունքներում, այսինքն Շարժումը ձեզ համար ընտանեկան բնույթ էր կրում։

-2018-ն, իրոք, հոբելյանական տարի է բոլորիս համար։ Այսօր էլ շարունակվում են կերտվել Արցախի տարերգության էջերը։ Մեր Հայրենիքը փրկվեց բազում զոհերի կյանքի գնով, և բոլոր նահատակվածների և անհայտ կորածների լուսեղեն անունները մշտապես իրենց տեղն ունեն մեր հիշողության մեջ։ Արցախյան շարժումն իրական համաժողովրդական շարժում է։ Մեր հերոս ժողովուրդը տոկացել է բռնակալների դեմ ու երբեք գլուխ չի խոնարհել, չի ընկճվել թշնամու առաջ։ Բոլոր ժամանակներում եղել ենք հպարտ՝ մեր լեռների պես ու տարել բազում հաղթանակներ։

Որպես արցախցի, իմանալով ինչն ինչոց է, անմասն չեմ մնում կատարվող անցուդարձից, պատմական իրադարձություններից։ Համայն հայությունը մեծ շուքով տոնեց Արցախյան Շարժման 30-ամյակը, որը համաշունչ է իրականու-թյանը և նշանավորվեց նորանոր ձեռքբերումներով։ Ցանկացած հիշարժան հանդիպումների ժամանակ ես միշտ բարձրաձայնում եմ մեր սերուցք տղաներին՝ զոհված, թե անհայտ կորած, տալ քաղաքական գնահատական, ըստ կատարած աշխատանքների և սխրագործությունների արժանացնել Հայրենիքի պաշտպանի բարձր կոչման։

-Շուտով նաև ապրիլյան պատերազմի տարելիցն է …

-Ապրիլյան քառօրյա պատերազմը վերստին ապացուցեց, որ մենք անպարտ ենք, մենք կանգուն ենք ու կանգուն կմնանք սերնդե-սերունդ։ Հայ կինը միշտ էլ ունեցել է իր ուրույն տեղն ու դերը մեր կյանքում՝ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական։ Ներկա պարագայում տնտեսական իրավիճակը գերիշխում է մեր էության վրա, որից և սկսվում է մեր գործունեության ամբողջ ընթացքը։ Իմ ընկալմամբ, բոլոր պայմաններում հայ կինը կարողանում է պահպանել իր հոգու հարստությունն ու կերպարի դրական կողմերը, որովհետև համբերող է, հարմարվող ու հաշտվող։

-Տիկին Աղաջանյան, ի դեմս ձեզ շնորհավորում ենք շրջանի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին գարնանաբույր տոնի առթիվ։ Ի՞նչ կասեք միամսյակի մասին։

-Շնորհակալություն։ Շնորհավորում եմ մեծ ու փոքր արցախուհիներին միամսյակի կապակցությամբ, մաղթելով ամենալավն ու բարին։ Թող արցախցի կանանց համար տարվա բոլոր օրերը միամսյակային լինեն ու գարնանաբույր։ Կորչի՛ պատերազմը, թող մշտնջենական խաղաղությունը թագավորի աշխարհում։

Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter