ՀԱՅ ԿԻՆՆ ԱՐԺԱՆԻ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ |
27.03.2018 17:43 |
Պատիվ՝ ահա իսկական գեղեցկությունը… Ռ.Ռոլան Հիրավի, ապացուցելու կարիք չկա, որ հինավուրց ժամանակներից կյանքն առավել գեղեցիկ ու գրավիչ են դարձնում կին արարածները: Առանձնապես, հայ կանայք, որոնք մշտապես կարողանում են պահպանել հայ կնոջ արժանավայել ու պատվավոր կեցվածքը: Առայսօր, կանայք հավատարիմ մնալով իրենց յուրահատուկ հատկանիշներին՝ շարունակում են գերել, արարել և հասնել բազում բարձունքների: Եվ ինչքան գեղեցիկ է, որ այսօր մեր շրջապատում կարող ենք տեսնել այնպիսի կանանց, որոնց հանդեպ անսահման սեր ու հարգանք տածելով՝ արժևորում ենք նաև նրանց ավանդը: Կինը, ում ուղղում եմ իմ տողերը, ունի իսկական հայ կնոջ բնորոշ առաքինություն, համեստություն և ազնվություն: Թեև ճակատագիրն իր անգութ հետքը թողեց Լիդա Գրիգորյանի վրա, սակայն նա կարողացավ իր մեջ բավական ուժ գտնել և առաջ քայլել: …Ամուսնու հիշատակի առջև պարտավորությունն անչափ մեծ էր: Նա երեք զավակներին պետք է կարողանար լուսավոր և ազնիվ ճանապարհով առաջնորդեր: Արցախյան պատերազմի մասնակից, սանհրահանգիչ-բուժակ Վլադիկ Գրիգորյանին շատ շատերն են ճանաչում մեր շրջապատում: Նրա օգնությամբ քանի՜ քանի՜ մարդկային կյանքեր են փրկվել, քանի՜ քանիսն են այսօր երախտապարտ նրան: Նա անցավ դաժան պատերազմի անողոք ճանապարհով, զգաց փայլուն և երազած պատերազմի բերկրանքը: Պետք է արդեն ապրեր ու արարեր խաղաղ երկնքի տակ, վայելեր ընտանիքի սերը, սակայն անողոք և անբուժելի հիվանդությունը 2001 թվականին խլեց անվեհեր մարդու կյանքը: Հիշում եմ, Ասկերանի ողջ հասարակությունն իր շրջակա գյուղերով սգում էր նրա մահը, հարազատների հետ կիսում այդ ծանր կորուստը: Այդ օրվանից տարիներ են սահել…Տարիներ՝ Գրիգորյանների ընտաիքի համար շաղախված դժվարություններով և հաջողություններով: Լիդա Գրիգորյանին հաջողվեց ոտքի կանգնեցնել իր զավակներին և նրանց հասցնել իրենց նպատակներին: Այսօր նա Ասկերանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն է, որտեղ աշխատում է արդեն երկար տարիներ: -Տիկին Գրիգորյան, երկար է տարիներ է ինչ Ասկերանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն եք: Ինչ կասեք քաղաքի բնակիչների սոցիլա-տնտեսական վիճակի մասին: -Շուրջ 23 տարի է, որ աշխատում եմ այս պաշտոնում: Իհարկե, իմ աշխատանքը կապված է համայնքի բնակչության հետ: Մեր քաղաքացիների մի մասն աշխատում է Ասկերան քաղաքում գտնվող հիմնարկ-ձեռնարկություններում, մի մասը՝ Ստեփանակերտ քաղաքում, իսկ մի մասը՝ ԱՀ ՊԲ տարբեր զորամասերում: Մեր բնակչությունը զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Մարդիկ աշխատելով հողի վրա, կարողանում են հոգալ իրենց ընտանիքների կարիքների մասին և ինչու չէ, ավելցուկն իրացնել շուկայում: Փառք Աստծո, մեր քաղաքում ծայրահեղ աղքատ մարդիկ չկան: Բոլորն էլ աշխատավոր և իրենց ազնիվ քրտինքով ապրող մարդիկ են: Հպարտությամբ եմ ցանկանում նշել, որ ունենք հանրապետությունում անուն հանած այգեգործներ, բանջարաբույծներ: -Հեշտ է արդյոք աշխատել բնակչության տարբեր խավերի հետ: -Պետք է նշեմ, որ մեր աշխատանքը չափազանց ծավալուն և դժվար է: Քանի որ Ասկերանը մեծ համայնք է, միշտ էլ հանդիպում ենք որոշակի դժվարությունների: Մարդիկ տարբեր բնավորությունների ու տարբեր հասկացողությունների տեր են: Աշխատում ենք բնակչության հետ պահել գործնական հարաբերություններ, որոնք հաճախակի վեր են ածվում բարի համագործակցության: Մենք մեր աշխատանքը կատարում ենք պատասխանատվորեն և նույնը պահանջում ենք քաղաքացիներից: Համայնքի ղեկավարի, աշխատակազմի և ավագանու անդամների հետ կարողանում ենք առաջացած խնդիրներին տալ համապատասխան լուծումներ: Ասեմ, որ համագործակցում ենք քաղաքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կրթամշակութային օջախների հետ: -Արցախցին անցել է դժվար ճանապարհ… -Այո՛, մեր անցած ուղին դաժան էր, սակայն մենք պետք է այն անցնեինք: Դա մեզ պետք էր հայ մնալու, մեր երեխաներին հայեցի դաստիարակելու և այս սուրբ հողում ապրելու համար: Մենք կարողացանք ճակատագրին դեմ-հանդիման կանգնել միայն հաղթելու հաստատակամությամբ: Իհարկե, մեծ գործերը մեծ զոհեր պահանջեցին: Եվ այսօր մենք ապրում ենք այս հրաշալի երկրում՝ փառք տալով բոլոր մեր նահատակներին, որոնց սուրբ արյամբ ներծծված է մեր հողը: Այսօր մենք պարտավոր ենք մտածել մեր երկրի ապագայի և այն ավելի շենացնելու մասին: Պետք է կարողանանք մատաղ սերնդին ճիշտ դաստիարակել և այնպես անենք, որ նրանք հազար ու թելով կապված լինեն մայր հողին և երբեք չմտածեն այն լքելու մասին: -Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի կինը, մայրը… -Նախ և առաջ կինը պետք է լինի իր ընտանիքին անսահման և անմնացորդ սիրով նվիրված մայր: Կինն է իր ընտանիքի խաղաղության աղավնին, հարատև երջանկության ամրապնդողը: Կինն իր ամբողջ կյանքում ապրում է իր ընտանիքի մասին հոգ տանելով և ձգտելով իր զավակների մեջ տեսնել իսկական մարդուն: Այդ ամենով հանդերձ, կինը պետք է կարողանա լինել բարի, հավատարիմ, գեղեցիկ և փոխըմբռնող: Մեծ տեղ եմ տալիս կնոջ քաջությանը և ներքուստ հպարտանում եմ այն կանանցով, ովքեր անվախ և խիզախ են: Արցախյան պատերազմում մեր կանանց գործած սխրանքներն ակներև էին: Պետք է հիշել, որ հայ կնոջ դերակատարությունը միշտ էլ մեծ է եղել հայոց պատմության մեջ: -Ինչ կմաղթեք կանանց միամսյա այս տոնի առթիվ: -Այս հիասքանչ տոնի առթիվ ցանկանում եմ բոլոր կանանց խաղաղություն: Թող ոչ մի մայր այլևս չարտասվի և անձնական երջանկությունն ուղեկցի բոլորին: Կցանկանայի, որպեսզի կանայք լինեն մշտապես գնահատված, սիրելի և գեղեցիկ: Թող կինը միշտ պաշտպանված լինի, արժանավայել կյանքով ապրի՝ նվիրվելով այն առաքելություններին, որ ի սկզբանե ունի կին արարածը: Ինչու չե, մեր կանանց կցանկանայի նաև ֆինանսական կայունություն, քանի որ այն ևս կարևոր է մեր կյանքում: Եվ քանի որ մարդու համար ամենակարևորը ներդաշնակությունն է, մաղթենք, որպեսզի կանայք ապրեն ներքին խաղաղությամբ և ներդաշնակությամբ պարուրված: Շարունակելով Լիդա Գրիգորյանի միտքը, ասեմ, որ հայ կանայք, իրոք, արժանի են լավագույնին: Ուրեմն, թող նրանք միշտ հմայիչ ու ծաղկուն, գարնանային վարդերի նման բուրավետ լինեն, ապրեն անափ երջանկության գրկում, վայելեն ընտանիքի և գեղեցիկ կյանքի անվերջանալի բերկրանքը… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |