ԿՆՈՋ ԱՄԵՆԱԼԱՎ ԶԳԵՍՏԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է |
27.03.2018 17:50 |
Արտաքին գեղեցկությունն առավել ևս արժեքավոր է, եթե պատսպարում է ներքին գեղեցկությունը: Գիրքը, որի ոսկե ճարմանդները պարփակում են ոսկե բովանդակություն, ձեռք է բերում առանձնահատուկ հարգանք: Վ.Շեքսպիր Կինը բնության ստեղծած ամենահմայիչ և ամենաառեղծվածային էակն է: Նրա կերպարը գովերգել են բոլոր դարերի երգիչներն ու բանաստեղծները, տարբեր ազգերի իմաստուններ ցանկացել են բացահայտել նրան, սակայն կինն այդպես էլ մնացել է չբացահայտված և առեղծվածային… Կանանց միամսյակի առթիվ իմ հարցազրույցն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիանա Կարապետյանի հետ շատ հետաքրքիր էր ու բովանդակալից: Պետք է շեշտեմ, որ իսկական հայուհու, օրինակելի կնոջ բոլոր հատկանիշներն ամբողջացված են այս յուրահատուկ մարդու մեջ: Գորովալից մայր, օրինակելի տանտիկին, նվիրված ընկերուհի, հմուտ մանկավարժ, հաճելի զրուցակից…Ահա այն բարձր որակները, որոնք հատուկ են նրան… Լիանա Կարապետյանի համոզմամբ երջանկության ձգտումը բնատուր է մարդուն: Նա դրա իրավունքն ունի և ինչ գնով էլ լինի պետք է ձգտի դրան: Առավել երջանիկ է այն մարդը, ով երջանիկ է իր ընտանիքում: Իսկ ընտանեկան կյանքի գլխավոր իմաստն ու նպատակը երեխաների դաստիարակությունն է… -Տիկին Կարապետյան, Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինի կինը: -Դժվար է միանշանակ պատասխանել այս հարցին, որովհետև տղամարդ, թե կին՝ ժամանակը թելադրում է իր պահանջները և ազդում յուրաքանչյուրիս տեսակետի վրա: Այնուամենայնիվ, կինը պետք է անմնացորդ նվիրված լինի իր ընտանքիքին, հետո միայն ինքնաարտահայտվի իր աշխատանքում: -Իսկ հնարավոր է, արդյոք , համատեղել աշխատանքը և ընտանիքը: -Իհարկե, նվիրված լինելով իր ընտանիքին և հոգ տանելով իր հարազատների մասին, նա արդյունքում ունենում է ամուր վահան և հուսալի հենարան վստահորեն ինքնադրսևորվելու աշխատանքի վայրում կամ հասարակական բնույթի գործունեության մեջ: Նշեմ նաև, որ հանդիսանում եմ Ասկերանի համայնքի ավագանու անդամ: Զբաղվում եմ մեղվաբուծությամբ և այդ աշխատանքը ևս հաճույքով եմ անում: Իմ նպատակն ընտանիքիս անդամներին մաքուր մեղրով ապահովելն է: Ասեմ, որ հաջողությամբ եմ համատեղում բոլոր աշխատանքները և ընտանիքս անդամները միշտ էլ գոհ են մնում ինձանից: -Սիրում եք, արդյոք, ուսուցչի Ձեր մասնագիտությունը: -1995 թվականից առայսօր աշխատում եմ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում և առաջին իսկ օրվանից սիրով և մեծ պատասխանատվությամբ եմ կատարում ուսուցչի վեհը գործը: Պիտի խոստովանեմ, որ սկզբում որոշել էի բժիշկ դառնալ, սակայն հանգամանքների բերումով ընտրեցի մանկավարժությունը: Ուսումնառությանս տարիները համընկել էին Ղարաբաղյան պատերազմի տարիների հետ: Ստացվեց այնքպես, որ ընդունվեցի Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը, բայց ավարտեցի Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: Եվ ամեն անգամ դասի գնալիս ինքս ինձ ասում էի. <<Այնտեղ՝ Ղարաբաղում եղբայրս և հայրս են կռվում թշնամու դեմ, ես էլ այստեղ պիտի իմ կռիվը տամ: Լավ սովորեմ և լավ մասնագետ դառնամ>>: Երևանում սովորելով երեք տարի՝ շատ սիրեցի այդ քաղաքը, սակայն սերս դեպի իմ վիրավոր բնօրրանն ավելին էր: Ես գիտակցում էի, որ Ղարաբաղը լավ մասնագետների կարիք ունի: Վերադարձա իմ հարազատ դպրոցը: Իհարկե, ուսուցչի պատասխանատու գործում մեծ համբերություն է պետք, չէ որ մեր ցանած սերմերն ուշ են պտուղ տալիս: Ուսուցիչը պետք է կարողանա այսօրվա աշակերտի մեջ վաղվա ապագա քաղաքացուն տեսնել և կարողանա իր գործին տրվել ամբողջովին: Ես սիրում եմ աշխատանքս և իմ բոլոր աշակերտներին՝ հպարտանալով նրանց յուրաքանչյուրի հաջողություններով: -Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ կանանց միամսյակի կապակցությամբ: -Գարնանային այս տոնական օրերը կարելի է անվանել ուշադրության օրեր: Անկասկած, կինը կլոր տարին պետք է ուշադրության կենտրոնում լինի: Ես մեծ բավականություն և հաճույք եմ ստանում նույնիսկ սրտաբուխ և անկեղծ մի խոսքից, բարեմաղթանքից, հեռախոսազանգից, բացիկից /մեր աշակերտները հրաշալի բացիկներ են պատրաստում և նվիրում ուսուցիչներին/ և իհարկե գարնանային ծաղիկներից: Նվերի հարցում բոլորս էլ լավ երևակայությամբ և ճաշակով ենք օժտված, սակայն այն պետք է համատեղվի հնարավորության հետ: Ի վերջո, հանգում ենք այն պարզ ճշմարտությանը. <<Թանկ է ոչ թե նվերը, այլ ուշադրությունը>>: -Ի՞նչ է անհրաժեշտ կնոջը կանացի լինելու համար: -Գաղտնիք չէ, որ կնոջ ամենալավ զգեստը երջանկությունն է: Երջանիկ է սիրող և սիրված կինը: Կանացի լինելու առաջին պայմանը, կարծում եմ, խնամված լինելն է : Այսօր, փառք Աստծո, գեղեցկության սրահների պակաս չկա, մնում է, որ կինն իրեն հետևելու ժամանակ գտնի: Բացի դրանից, յուրաքանչյուր կին, ով ուզում է իրեն լիարժեք զգալ, փնտրում և գտնում է իր գեղեցկության և հմայքի գաղտնիքը: Իսկական կինը պետք է լինի նաև մի քիչ քմահաճ, երբեք չկորցնի իր <<ես>>-ը՝միաժամանակ կատարելով իր մոր, կնոջ, հարսի, տատիկի դերը: -Ի՞նչ կմաղթեք հայ կանանց միամսյակի մասին: -Սիրելի՛ կանայք, եղեք երջանիկ: Թող գարնան ջերմությունն ու բնության վառ գույները ձեզ միայն ուրախություն և բերկրանք պարգևեն: Ցանկանում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, ներդաշնակություն, իսկ Արցախ աշխարհին հարատև խաղաղություն: Հիրավի, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Լիանա Կարապետյանի հետ հարցազրույցս մաքուր և դրական լիցքեր հաղորդեց ինձ: Նրա ասված ամեն մի խոսք անկեղծ ու պարզ էր: Եվ ես ակամա հիշեցի Լ.Տոլստոյի հայտնի խոսքերը, որոնք բնորոշ են զրուցակցիս. <<Պարզությունը բարոյական գեղեցկության գլխավոր պայմանն է>>… Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |