ԹՈՂ ՁԵՐ ԱՇԱԽԱՏԱՆՔՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՆԽԱՓԱՆ ԼԻՆԻ |
28.03.2018 18:04 |
Մասնավորեցման գործընթացից հետո <<Արցախէներգո>> ՓԲԸ գլխավոր տնօրենի որոշմամբ Ասկերանի մասնաճյուղը վերանվանվել է <<Բերդ>> մասնաճյուղի: Տեսնելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները, որոշեցինք հանդիպել մասնաճյուղի տնօրեն Տիգրան Աբրահամյանի հետ: -Պարոն Աբրահամյան, գիտենք, որ էներգետիկան տնտեսության կարևորագույն ճյուղերից է, ի՞նչ աշխատանքներ է իրականացրել մասնաճյուղը 2017 թվականին: -Նշեմ, որ 2017 թվականին մասնաճյուղը զգալի աշխատանքներ է կատարել Ասկերանի շրջանի էլեկտրաէներգիայի մատակարարման և բաժանորդներին հաղորդաբախշման ուղղությամբ: Հաշվետու տարում մասնաճյուղն ստացել է 28.870.000 կվտ/ժ, որը 2016 թվականի համեմատ աճել է 1.280.000 կվտ/ժամով: Փաստացի կորուստը կազմել է 11.1տոկոս: 2017 թվականի առաքված էլեկտրաէներգիայի դիմաց հավաքագրման գումարային ծավալը կազմել է ավելի քան 988.152.000 դրամ: Շրջանի բնակչության և պետական սեկտորի բաժանորդների ընդհանուր քանակը 6811 է, որը 2016 թվականի համեմատ աճել է 136 բաժանորդով: 2017 թ. գրանցված բաժանորդների քանակը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարիներին: Շրջանի բնակչության սպառողները հիմնականում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարում են բարեխղճորեն և ժամանակին: Աշխատանքներ են տարվում ժամկետանց պարտքերի հավաքագրման ուղղությամբ: Գերակա խնդիր է համարվում շրջանի էլեկտրաէներգիայի մատակարարման անընդհատությունը և էլեկտրագծերի հուսալիության բարձրացումը: Պետք է փաստեմ, որ զգալի քանակով նվազել է վթարների քանակը: Տարվա ընթացքում մի շարք պլանային և նորոգման աշխատանքներ են կատարվել համարյա բոլոր 10 կվ օդային գծերի և շրջանի համայնքների 0.4 կվ օդային գծերի խիստ վթարային հենասյուների և հաղորդալարերի փոխարինման համար: Կատարվել են մասնաճյուղի հաշվեկշռում գտնվող ենթակայանների և օդային գծերի զննումներ: -Կառուցվել են, արդյոք, նոր օդային գծեր 2017 թվականին, և ինչպիսի վերանորոգողական աշխատանքներ են տարվել: -Նոր 100 կվա հզորության ենթակայան և 10 կվ օդային գիծ է կառուցվել Փրմքե կոչվող տարածքում արտեզյան ջրհորների և մերձակայքում գտնվող բաժանորդների էլեկտրասնուցումն ապահովելու համար: Այդ նպատակով ընդհանուր առմամբ Ասկերանի շրջանում 2017թ. տեղադրվել և փոխարինվել է 0.4 կվ 93 հատ և 10 կվ 76 հատ հենասյուն: Աշխատանքներ են տարվել ենթակայանների սարքավորումների վերանորոգման , տարածքների ցանկապատերի բարեկարգման, բաժանորդների վթարային ներանցման էլեկտրալարերի փոխարինման, օդային գծերի անվտանգության գոտում ծառահատման, ուժային տրանսֆորմատորների յուղալցման, ինչպես նաև լարման կարգավորման և տեխնիկական կորուստների նվազման ուղղությամբ: Շրջանի համայնքների փողոցային լուսավորության ցանցում ըստ նրանց կողմից տրված նյութերի կատարվել են լուսատուների վերանորոգման ընդհանուր աշխատանքներ: 2017 թ. կատարված նորոգման և շահագործման աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է 27526000 դրամ, 2016թ. 29405000 դրամի դիմաց: -Կան արդյոք խնդիրներ շրջանի էլեկտրական ցանցի հետ կապված: -Չնայած ամենամյա և ամենօրյա կատարվող աշխատանքներին Ասկերանի շրջանի էլեկտրական ցանցի տեխնիկական վիճակը լրիվ ապահովված չի կարելի համարել, քանի որ համայնքներում և 10 կվ օդային գծերում դեռևս զգալի աշխատանքներ կան իրականացնելու: Ռիսկային են համարվում Դահրազ և Քյաթուկ գյուղերի ենթակայանները սնող 10 կվ օդային գծի ճյուղերը և 0.4 կվ օդային գծերը: Նշեմ, որ մասնաճյուղը շահագործում է նաև Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը, որտեղ ևս պետք է աշխատանքներ տարվեն քաղաքապետարանի կողմից տրված տնամերձ հողամասերից 10 կվ օդային գծերի ուղեգծերի տեղափոխման համար: -Ի՞նչ կասեք մասնաճյուղի աշխատողների մասին և ունեք արդյոք կադրերի խնդիր: -Մասնաճյուղում աշխատում են 90 աշխատող: Համալրված է ինժեներատեխնիկական անձնակազմը, սակայն դժվարություններ ունենք էլեկտրամոնտյոր մասնագիտության նոր դիմողների հարցում: Քանի որ մասնաճյուղի գործունեությունը կապված է մեծ ռիսկերի հետ, ձգտում ենք ուշադրության կենտրոնում պահել մասնաճյուղի աշխատողների կարգապահության, ինչպես նաև բնակչության անվտանգության պահպանման խնդիրը: Անզգուշության և անվտանգության հետևանքով էլեկտրահարության դեպքեր չեն գրանցվել: Ասեմ, որ մասնաճյուղի աշխատողներն իրենց աշխատանքներն իրականացնում են ամենայն պատասխանատվությամբ և բարեխղճությամբ: -Գիտենք, որ մասնաճյուղի որոշ աշխատողներ երկրի նախագահի կողմից արժանացել են գնահատանքի… -Այո՛, հպարտությամբ ուզում եմ նշել, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին էներգետիկի օրվա կապակցությամբ երկրի նախագահ Բակո Սահակյանի կողմից համակարգի մի շարք աշխատողներ ստացել են պետական պարգևներ և արժեքավոր նվերներ: Ասկերանի մասնաճյուղը ևս անմասն չի մնացել պարգևատրումներից: Որպես անձնվեր աշխատանքի գնահատում ՝ գլխավոր ճարտարագետ Ալեքսանդր Ալլահվերդյանը, իրացման գծով մասնագետ Արմինե Ապրեսյանը, էլեկտրամոնտյոր Պետրոս Ստեփանյանը և վարորդ Ռոբերտ Ղազարյանը երկրի նախագահի կողմից արժանացել են պետական պարգևների և նվերների: Իսկ <<Արցախէներգո>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը մասնաճյուղի ավագ հսկիչներ Դավիթ Մելքումյանին և Ավագ Իշխանյանին բարեխիղճ աշխատանքի և էներգետիկի օրվա առթիվ պարգևատրել է գովասանագրերով: Իհարկե, այս պարգևներն ավելի պարտավորեցնող են, և համոզված եմ, որ մեր աշխատակիցները մեծ բարեխղճությամբ կշարունակեն իրենց աշխատանքները: Դե ինչ, կարևորելով էներգետիկների ներդրումը մեր երկրի տնտեսական զարգացման գործում՝ մաղթենք նրանց անվտանգ և անխափան աշխատանք: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
|