ԿԱՆԱՅՔ, ՈՎՔԵՐ ԱՐԺԱՆԻ ԵՆ ՄԵԾԱՐԱՆՔԻ…
28.03.2018 18:13

Հիրավի, տեղին է ասված, որ կնոջ թագավորությունը քնքշության, նրբության ու հանդուրժողության թագավորությունն է: Այս թագավորության մեջ յուրաքանչյուր կին ունի իր առանձնահատուկ գեղեցկությունը, քնքշանքն ու նրբագեղությունը…Այս ամենի հետ նրա փխրուն ուսերին է ընտանեկան արժեքների և բարոյականության պահպանումը: Հավատարիմ մնալով իր մայր լինելու առաքելությանը՝ կինը  միշտ իր տղամարդու կողքին է՝ պատրաստ ուժ և եռանդ հաղորդել նրան ամեն մի հարցում:

Հայ կանանց միամսյակը, որը հրաշքների սպասման, սիրված և գնահատված լինելու, ջերմ և հաճելի խոսքեր լսելու մեծ խորհուրդ ունի, տարեցտարի ավելի մեծ շուքով է տոնվում:

Գարնանային գեղեցիկ և ավանդական այս տոնի առիթն օգտագործելով՝ որոշեցի այցելել Ասկերանի շրջանի Նորագյուղի գյուղական բժշկական ամբուլատորիա, որտեղ աշխատում էին հեզահամբյուր, բանիմաց և իրենց աշխատանքին նվիրված բուժաշխատողներ: Իրինա Շահբազյանին, Սիլվա Մարդյանին, Անժելա Մնացականյանին, Ստելլա Գրիգորյանին, Լուսինե Հայրապետյանին ճանաչում, հարգում և սիրում են նորագյուղցիները: Այս ազնիվ և մարդկային բազում արժեքներով օժտված կանայք իրենց աշխատանքը կատարում են առանձնակի սիրով և պատասխանատվությամբ: Չէ որ բժշկական աշխատողներն այն մարդիկ են, ովքեր երդվում են գթասրտությամբ և սրտացավությամբ վերաբերվել հիվանդին և մինչև իրենց կյանքի վերջը մնում են անդավաճան այդ երդմանը…

Երբ մտա արևի ճառագայթներով ողողված բուժկետի շենքը, միանգամից պատվեցի լուսավոր մի զգացողությամբ, ասես ես իմ սեփական տանն էի. այնքա՜ն ջերմ ու հարազատ էր այստեղ ամեն ինչ: Զգացվում էր գարնանային շունչը՝ անբացատրելի,  հաճելի ու կախարդիչ…

Լսելով իմ շնորհավորանքի խոսքերը կանանց միամսյակի առթիվ՝ բուժքույրերը միաբերան ասացին. <<Մեծարման և հարգանքի արժանի է Արցախում ապրող յուրաքանչյուր կին, բոլորն էլ հերոս մայրեր ու կանայք են>>:

Մեր միջև ծավալվեց հաճելի և անկեղծ մի զրույց: Իհարկե, հեշտ չէ բուժաշխատողի կատարած աշխատանքը: Չէ որ գործ ունես մարդկային կյանքի հետ և պատասխանատու ես խղճիդ ու տված երդմանդ առաջ: Բոլոր նորագյուղցիների հավաստմամբ, իրենց բուժաշխատողներն օր ու գիշեր պատրաստ են օգնություն ցույց տալու: Իսկ որքա՜ն հաճելի է գեղեցիկ խոսքեր լսել այդ նվիրական մասնագիտության տեր մարդկանց մասին:  Հիրավի, ցանկացած բնագավառում կարևորը մարդու սեփական արժանիքներն են և աշխատանքի հանդեպ ճիշտ վերաբերմունքը: Ճիշտ է ասված, որ բոլոր կանայք էլ ցանկության դեպքում կարող են համատեղել աշխատանքը և մնալ հիանալի տանտիկիններ: Այս բուժաշխատողները նաև անթերի տանտիկիններ են, սիրասուն մայրեր:

Իմ այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի կինը, նրանց կարծիքները միանման էին.

-Կինը պետք է լինի խելամիտ, հանդուրժող, առաքինի: Տանը նա պետք է լինի սիրող մայր, նվիրված և հավատարիմ կին, իսկ իր աշխատանքում՝ բանիմաց և գործունյա: Հայ կինը պետք է կարողանա դառնալ իր ընտանիքի, օջախի ամուր սյունը: Բացի կնոջը բնորոշ կանացիությունից, քնքշությունից, պետք է նա լինի նաև խիզախ, ուժեղ կամքի տեր: Միաժամանակ կինը միշտ էլ սիրելու, գնահատվելու կարիք ունի:

Նրանց խոսքով յուրաքանչյուր կին հրապուրիչ և գեղեցիկ է յուրովի: Բայց ամենակարևորը կնոջ համեստությունն է, բարությունը և հոգատարությունը մերձավորների հանդեպ:

Մեր հետաքրքիր զրույցի ընթացքում  բուժքույրներն անհագ կարոտով էին հիշում անցյալը: Իրինա Շահբազյանը, ով երկար տարիների մասնագիտական փորձ ուներ, ջերմությամբ վերհիշեց նախկին տարիները, երբ իրենց ղեկավարում էր բուժակ Հակոբ Պետրոսյանը: Այդ բարի, բանիմաց և գիտակ մարդուց նրանք շատ բան էին սովորել: <<Իսկական բուժաշխատողը պետք է ապրի անանձնական կյանքով, նրա համար առաջնահերթը պետք է լինի հիվանդի կյանքը>>,- մշտապես ասում էր այդ լավ մարդը, հմուտ մասնագետը:

Ինչպես շեշտեցին բուժքույրերը, գործի հանդեպ սերն ու պատասխանատվությունը, միասնական և համատեղ աշխատանքը ժառանգել են հենց Հակոբ Պետրոսյանից և այսօր բժիշկ Գևորգ Բարսեղյանի ղեկավարությամբ շարունակում են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները նույն ոգով ու բարեհաճությամբ:

Նորագյուղի գյուղական բժշկական ամբուլատորիայի բուժաշխատող                                                                                              կանայք կյանքում մեծ տեղ են տալիս ազնվությանը, արդարությանն ու մարդասիրությանը: Ինչպես ասել է Էմերսոնը. <<Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան էլ կյանք կա>>: Ու ես այնքա՜ն կյանք ու բարություն տեսա նորագյուղցի այս կանանց մեջ, որը նրանք պատրաստ էին շռայլորեն տալ դիմացինին: Առնաձնահատուկ այս հանդիպումից մեծ բավականություն ստացա: Մի կողմ դրած իրենց մտահոգ բոլոր խնդիրները, այս բուժքույրերն ապրում են համագյուղացիներին օգնելու, բարի խորհուրդներ տալու ցանկությամբ: Պատահական չէ այն մեծ հարգանքը, սերն ու վստահությունը, որ տածում են նրանց հանդեպ բոլոր նորագյուղցիները…

Ի դեմս Նորագյուղի գյուղական ամբուլատորիայի բուժքույրերի, շնորհավորենք հայ կանանց հրաշալի այս միամսյակի կապակցությամբ, նրանց մաղթենք Աստվածամայր Անահիտի օրհնությամբ արժանանալ մայրանալու և պտղաբերումի զգացումին, Նանե Աստվածուհու օրհնությամբ զգալ տիեզերահաս ողջախոհության կատարելությունը, Աստղիկ Աստվածուհու օրհնությամբ հասնել մեծ սիրո և այդ սիրո ջերմությունը վայելելու քնքշանքին…

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter